среда, 23 января 2019 г.

Սիրո և ատելության արանքում


Սիրո և ատելության արանքում
Սիրում եմ կյանքը
Սակայն ատում եմ չպատճառաբանված գոյությունը միշտ,
Սիրում եմ նաև ծաղիկներն անչափ՝ գույնզգո՜ւյն, պայծա՜ռ,
Սակայն առավել վա՛րդն եմ նախընտրում,
Քանզի փուշ ունի նա իր փեշի տակ՝
Անթիվ դաշույններ,
Քանզի ապրում է նա նախևառաջ
Հենց իրեն համար,
Ինքն իր նկատմամբ տածած հարգանքով,
Նա զենք ունի կապած՝ պաշտպանվելու,
Քանզի սիրում է կյանքն այս անչափ,
Սակայն ատում է մարտիրոսվելու
մտքով ապրելը:
Սիրում եմ անչափ ես գիր-գրականություն,
Արվեստն ինձ համար մի Օլիմպո՛ս է,
Արարա՜տ է այն մի բիբլիական,
Սակայն ատում եմ,
Երբ մարդիկ գրում, կարդում ու ստեղծում են
Ոչ նախևառաջ հենց իրենց համար:
Սիրում եմ խոսքը, երբ հագեցած է՝ ասելիք ունի,
Սակայն ատում եմ, երբ այն հնչում է
Ոչ մարդու ներսում կուտակված միտքն արտահայտելու, Նրա թախիծն ու վի՛շտը,
Ի՛ղձը, երազանքն ու ձգտումներն արտահայտելու,
Այլ այն հնչում է ի՜նչ-որ մեկ անձի
Բարձր հովանյալ բարեհաճությանը
Չպատճառաբանված կամ էլ հենց լա՛վ էլ Պատճառաբանված արժանանալու համար:
Սիրում եմ միտքը, ես իմաստնությանը ակնածանքով եմ Միշտ վերաբերվում,
Սակայն ատում եմ, երբ մարդ մտածում է, քանզի... Այդպես սիրո՜ւն է,
Ատում եմ նաև ամեն ուղղորդված բան,
Քանզի պաշտում եմ, անչափ հարգում եմ, երբ մարդ գործո՛ւմ է, մտածո՛ւմ, ստեղծո՛ւմ, ու... գեղեցկանում՝
Գիտակցված, առանց ուղղորդման:
Սիրում եմ ես նաև ժամանակը,
Անմահությունը նրա ընթացքի...
Սակայն ատո՜ւմ եմ մրցավազքը զույգ սլաքների,
Քանզի ապրելու ու արարելու
Անմահություն մեզ ընծայելու տեղ
Անվերջ ասում են ու զույգ շեշտի պես
Փայտփորիկաբար անվերջ կտցում են՝
Շտապի՜ր, ուշացա՜ր, ի՞նչ եղար, չկա՜ս,
Այդպես զրկելով մարդուն
Մարդավարի ապրելու անհաս բերկրանքից,
Զրկում են մարդուն հենց իրենից՝ մարդուց:
Սիրում եմ կյանքը,
Սակայն ատում եմ անչա՜փ
Չպատճառաբանված գոյությունը միշտ:

вторник, 14 июля 2015 г.

* * *


Թե ճիշտ - թե սուտ՝ կյանք ենք ապրում ու անցնում,
Մեկն իր կյանքում ճշմարտությո՜ւնն է փնտրում,
Մյուսն իր կյանքում սուտ սնարով տա՜ք ապրում,
Մեկն իր կյանքում միշտ աստղերն է երազո՜ւմ,
Մյուսն էլ, տեսե՛ք, ասֆալտին է կյա՛նք մաշում,
Մեկն իր տունն է երազում, իր անկյունը փափագո՛ւմ,
Մյուսն էլ իր տունն անծայր տիեզե՜րքն է կարծում,
Մեկն անմահ մտքին, էությանն է մի՜շտ ձգտում,
Մյուսն էլ ագահ՝ կյանքից ավել փողին՝ աստվա՜ծ է կանչում,
Մեկը սերն է իրեն հասած լո՜ւռ բաշխում,
Մյուսն էլ՝ սեր չտեսած՝ սիրո մասին է խոսում,
Ու ապրում ենք՝ թե ճիշտ – թե սուտ, ո՞վ գիտի,
Գնում անդարձ`թողած վեճը ճշմարտի...

воскресенье, 17 мая 2015 г.

Մտորում


Այսօր մարդկությունը ունի շատ բարդ ներկա, թերևս ոչ անցյալն է հեշտ եղել և, կարծում եմ, ոչ էլ ապագան է հեշտ լինելու, քանզի մարդկության պատմությունը միշտ եղել է պատերզամների պատմություն: Մարդը, ասում են, սոցիալական էակ է, սակայն, կարծում եմ, այս միտքը կիսատ է, քանզի մարդը լինելով սոցիալական էակ և ստեղծելով << մարդկություն>> կոչված համակարգը, իրականում ստեղծել է ինքնաոչնչացման հակված մի մեխանիզմ, որի նպատակը պատերազմն է: Մարդկության ստեղծած բոլոր բարիքները վերջնարդյունքում ծառայեցվել են պատերազմ վարելուն: Անգամ աստվածային շնորհները ծառայեցվում են պատերազմելուն: Այնպիսի մի վեհ զգացմունք, ինչպիսին սերն էր, ծառայեցվեց Իլիոնը գրավելուն: Իննը տարիների արյունահեղ մարդասպանությունը ծառայեցվեց << Արեսին>> գոհացնելու, հետագայում վեպեր գրելու և դրանցով սքանչանալու տռփանքին: Սա այն ամե՞նն է, ինչին ունակ է մարդկությունը:
Մարդու / որին ես սիրով այլախոհ եմ անվանում/ մտքի թռիչքը մշտապես զարմացրել ու հիացրել է ողջ մարդկությանը: Այդպես է հիմա և կլինի հետո: Սակայն, ամեն բարիք ի գործ է դրվել պատերազմի ասպարեզում: Առաջին հայացքից մարդկային մտքի ամեն ձեռքբերում վերջնարդյունքում ծառայեցվում է ինքնակործանման նպատակներով: Այդպիսի ձեռքբերումներից են հեռախոսները, հեռուստացույցը, ատոմային էներգիան: Եվ սա մի փոքրիկ ցանկը միայն: Միթե՞ << խեղճ ատոմը>> մի պահ կարող էր մտքով անցկացնել, որ մարդկությունն իրեն պայթեցնելու է յուր գլխին: Եղավ չլինելին… Միթե կարելի էր ենթադրել, որ կես դարից էլ կարճ ժամանակահատվածում տեղ կգտնեն երկու աշխարհամարտեր, որոնք կխլեն հարյուր միլիոնավոր մարդկային կյանքեր, որոնք ավելին էին, քան մինչ այդ տեղի ունեցած բոլոր պատերազմները միասին վերցրած, միթե՞ կարելի էր ենթադրել, որ մարդկության մի մասը հանիբալիզմի դրսևորմամբ, կայենաբար << կուտի>> իր եղբորը, բարեկամին, հարևանին՝ վերջինիս ազգային պատկանելության, առկա տարբերությունների, հավատքի և այլ առանձնահատկությունների համար: Եվ սա վերջը չէ, քանզի դեռ կա մարդկությունը, քանզի դեռ կան մարդկությանը երկու բևեռների բաժանողները, քանզի դեռ կա << բարու և չարի պայքարը>>: Արդյունքում մարդկությունը, լինելով հումք, որպես թնդանոթի միս է ծառայում թե՛ բարի և թե՛ չար տիտղոսավորված սատանաների միջև:
Իսկ այս ամենը ինձ մի բան է հիշեցնում՝ շան երկու լակոտների, դատական կողմերի, առևտրական չարչիների պայքար:
Այսօր տեղի են ունենում աշխարհայացքների փոփոխություններ, աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ՝ այս ամենը նմանեցնելով տեկտոնական հզոր շարժերի: Իսկ այս ֆոնին մարդկությունը, կարծես խաղաղ, ապրում է հին << աշխարհայացքներով>>՝ բարու և չարի մասին իրեն հրամցված տեսություններով և գաղափարներով: Բազմիցս ասել ու կասեմ, որ, չնայած մարդկությունը հասել է << լուսավորության դար>>, սակայն մտոք շարունակում է խարխափել միջնադարյան ինկվիզիցիայի ճիրաններում, երբ կարող են այլախոհին վհուկ ճանաչել և խարույկի վրա այրել: Սակայն միթե՞ այդ << վհուկները>> չէին, որ առաջնորդեցին մարդկությանը դեպի լուսավորություն: Միթե գալիլեյները չէին, որ խարույկի վրա այրվելով լուսավորեցին ողջ աշխարհը / թեպետ Գալիլեյի մասին խոսելիս լավ կլինի գնալ Մատենադարան և մի պահ կանգնել հայ իմաստասերների խոսուն լռության առջև/:
Զզվում եմ այն տեսակից, որն ալարում է մտածել, սիրահոժար կերպով ընդունելով այն, ինչ հրամցնում են սկուտեղի վրա << մարդկություն>> ռեստորանում: Իմ բանականությունը չի կարող ընդունել, այն մերժում է մարդու սպառող, պորտաբույծ տեսակը: Ամենից զզվելին ու խղճմտանք առաջացնողը հենց այս զանգվածն է, քանզի այն չունի սկզբունքներ, այն հումք է, որին ավելի մոտ է հուսահատությունը, սթրեսայնությունը, մեկ կտոր հացով ապրելու երանությունը: Նա թույլ է տալիս, որ իրեն գործածեն բարու և չարի համաշխարհային թնդանոթազարկերում: Բարու թնդանոթից մարդը թռչում է չարի պատառաքաղի վրա և հակառակը: Համատարած մարդակերություն... Սա ճիվաղ է: Այն հասարակությունում, որտեղ չկան բարձր իդեալներով ապրող մարդիկ կամ նրանք ճնշված են՝ հաղթանակում է ամբոխավարության դալկությունը: Մարդու նյութական կեցությունը պիտի նրա արժանիքների, ստեղծագործ մտքի, արարչական էության արդյունքը լինի, իսկ, եթե այդպես չէ՝ հասարակությունը հիվանդ է, քանզի յուրաքանչյուր նենգաբարոյի հաղթանակ բացիլ ու պարտություն է տվյալ հասարակության համար: Սա հասարակության առաջին հիվանդությունն է: Ուստի, առաջնային եղել և մնում է գաղափարական հեղափոխությունը: Առանց գաղափարական հեղափոխության բոլոր հեղաշրջումները դատապարտված են տապալման՝ անգամ հաղթանակելու դեպքում:
Մարդկության մեծագույն ախոյանը ստրուկն է, որը բազում տերեր ունենալու հակում ունի՝ վերջիններիս վերապահելով իր փոխարեն մտածելու առաջնային իրավունքը, փոխարենը ստանալով մի կտոր հաց… Սա հասարակության երկրորդ ու կործանիչ հիվանդությունն է:
Արգահատանք և ամո՛թ… մե՜կ կտոր հաց… Ինչո՞վ է լավ այս մարդը փողոցում բնակվող շնից: Փոխարենը շունն առավել է նրանից, քանզի շան << առաքելությունը>> օրվա հացը հոտոտելով գտնելն է, նա ստեղծված չէ արարելու համար, այն իր մեջ չունի աստվածային էություն և իր առաքելությունը շատ լավ է կատարում և դեռ ավելին… այն հավատարի՛մ է, սիրո՛ղ ու գնահատող… Դուք տեսե՞լ եք նրա աչքերը… համեմատեք խնդրեմ… Այս մարդկանց համեմատ նա Շուն է: Շուն մեծատառով, որն ունի ավելի մարդկային քան շնական բնազդներ:
Վերջիվերջո չպետք է մոռանալ, որ բոլորին էլ մայր հողն է ծածկում, սակայն այդ հողին ևս պիտի արժանի լինել, որպեսզի << ծածկվելուց>> հետո ամոթն ու խարանը չլինեն շիրմաքարը ծածկվածի: Այնտեղ, ուր նենգաբարոն մեծ հաղթանակներ է արձանագրում, էական է ստրուկի դերակատարությունը:
Իսկ ահա << մարդը>>… իսկ այդ մարդը, որը շա՜ն պես, ստանալով իր մի կտոր… լա՜փը… չի՛ արարում, չի՛ ստեղծում, չի՛ ձգտում աստծուն, միթե՞ նա արժանի է գոյության, միթե՞ նա արժանի է մարդկային գոյության: Իհարկե ո՛չ: Մեծ մարդասիրություն է վերացնել այս խոլերիան մարդկության երակներից, իսկ վերացնելու բազմաթիվ ձևեր կան, որոնց մեջ իդեալականը ուսուցանումն է, որն էլ ամենատևականն ու որակյալն է: Ես չեմ ընդունում ֆիզիկական վերացումը, քանզի այն ապաշնորհ է, քանզի վերացնողն արդեն իսկ խոսում է իր և վերացվողի միջև գոյություն ունեցող հավասարության նշանի գոյության մասին:
Իրական ուսուցիչ լինելու կամ դառնալու համար պետք է մտածել, պետք է հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ է այն ամենը ինչ տեղի է ունենում, արդյո՞ք չկա այլ ճանապարհ, քան ներկայացվող բարու և չարի պայքարում կողմ կամ հումք լինելն է, արդյո՞ք չկա մեկ այլ՝ երրորդ ճամփաբաժան մեր այս << հեքիաթային քարից>> անդին: Երբ վիճում են երկու կողմեր՝ նրանց վեճը հավերժ կարող է լինել, եթե չկա երրորդը՝ դատավորը, ուսուցիչը, ծնողը՝ հայրը:
Աչդյո՞ք ճիշտ են մեր պատկերացումները բարու և չարի մասին: Բացենք մեր երրորդ աչքը: Ո՞ր արժանիքների համար ենք մեկին համարում բարի, իսկ մյուսին գանահարելով նետում չարիքի անդունդը: Ամեն ինչ հարաբերական է, իսկ հաճախ՝ կեղծ:
Քրիստոնեական աստվածաշունչը խոսում է աստծո մասին, անդրադառնում աստծո ժողովրդին, Հակոբին՝ իսրայել / աստծուն տեսած/, իսկ նրա ժողովրդին իսրայելացի անվանում: Իսկ ի՞նչ է իսրայելը, իսկ ո՞վ է հրեից աստվածը: Միթե՞ իսրայելը նույն իսրայել-իզրայել-ազրայիլը չէ, որը դևն ու դիվականությունն է: Միթե՞ առաջին ժողովուրդների գաղթը Հայաստանից չեղավ, միթե՞ առաջին գաղթողները հրեաները չեղան, որոնք դրախտից գաղթեցին դեպի մսըր՝ Եգիպտոս, որն էլ եղավ նրանց դժոխքն ու քավարանը: Միթե՞ ազրայելի խանդն ու նախանձը չէին, որ դուրս եկան ընդդեմ աստծու և գահավիժեցին երկնային բարձունքից: Միթե՞ հայը չէ այն ար-մենը, որն աստծո ժողովուրդն է, որն այսքան հալածվում է իր աստվածային ծագման համար: Միթե՞ Արարատի երկիրը չէ այն երկնասլաց վայրը, որը մյուս ժողովուրդների համար միշտ երկնային բարձրունք է եղել:
Միթե՞ ԱՐ-ԱՐ-իչը չէ գերագույն հայրը, որի անվամբ արթնանում ու քնում, որի անվամբ է բուրում հայկական հողի, հայոց օդի ամեն մի մասնիկն ու եզերքը: Իսկ միթե՞ այսօր հայը հումք չէ: Նա հավատարի՞մ է իր էությանը: Ահա՛, մտածե՛ք...
Նա արարո՛ղ է:
Նա ընկա՜վ: Գերմարդը ավելի ցած հայտնվեց քան շուկայի վաճառականը: Հայն ընկավ, երբ մոռացավ, որ նա է ուսուցիչը, նա է դատավորը, նա է Արարատի ժողովուրդը: Հայն ընկավ, երբ քաշվեց բարու և չարի փսեվդոպայքարի մեջ: Հայից իր արքայական գավազանը խլվեց և միայն դրա միջոցով կրկին հայը կգտնի, կվերագտնի իր սեփական էությունը: Երիցս զզվելի ու դատապարտելի է այն առաջնեկը, այն ուսուցիչը, այն աստվածայինը, այն բարձրը, որից միայն անունն է մնացել, որպես հիշողություն և, որն հաղորդ ու հավատարիմ չէ իր առաքելությանը:
Իսկ ո՞րն է հայի առաքելությունն այս աշխարհում: Ահա այս հարցի պատասխանն է, որ ստեղծելու է հայկական իրականության նոր կոնցեպցիան՝ հենված ազգայինի և աստվածայինի վրա, ստեղծելով նոր աշխարհակարգ համայն մարդկության համար: Որտեղ չի լինելու այն << նոր աշխարհակարգը>>, որին տանում են ներկայում համայն մարդկությանը: Մարդը պետք է վերագտնի իր արժանիքները՝ ձերբազատվելով փսեվդոարժեքներից:
Մարդկությունը պիտի դեմքով դառնա դեպի ԱՐ-ԱՐ-իչը:

четверг, 9 апреля 2015 г.

Ամեն ինչ լավ է լինում, երբ լինում է ժամանակին...

Ամեն ինչ լավ է լինում, երբ լինում է ժամանակին...
Մարդն էլ երևի ժամանակին պիտի հասունանա...
Թեպետ ես երբեք կեցությամբ գիտակցությունը որոշելու կողմնակիցը չեմ եղել և չեմ լինի, սակայն, մի մեծ ՀԱ՛ՐՑ:
Բոլորը, ով տեղից կանգնում է, մեղադրում է ժողովրդին: Մեր ժողովուրդը դարձել է ծերանոցում հայտնված անօգնական մարդ, որին հազար ու մի անհայտ ծագման արարած անարգում է, քացի է տալիս: Անարժան ժառանգի նման բոլորն իրենց ծնող ժողովրդին.... սիրտս չի տալիս շարունակեմ... Ախր հասկացե՛ք, գիտակցե՛ք, մա՜րդ արարածներ, էս խեղճ ժողովուրդն ումից ա ինչ լավ բան տեսել, ով ա էս ժողովրդի մասին հոգացել, մի լավ բան արել: Մեր Հայաստանն եք ծերանոց սարքել ու որբանոց այ որբեր...
Չկա գաղափարական հենք, չկա առաջնորդ...
ՆԵՂ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ-ՎԵՐԱԶԳԱՅԻՆ միությունների ծրագրերն իրականանում են: Դրանք մոտ են իրենց հանգուցալուծմանը: Բոլորս գնում ենք դեպի կործանում:
Հարց տվեք ամենքդ ձեզ, մինչ դիմացինին մեղադրելը, ի՞նչ եք դուք արել:
Պայքարելու համար լացելն ամենավատ միջոցն է, չգործող միջոցն է:
Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ պայքարել:
Պայքարը մեր միակ ելքն է ստեղծված վիճակից: Սակայն ես երբեք կողմ չեմ կարող լինել այն պայքարին, որը չունի կոորդինացվածություն, չունի ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ վրա հիմնված գաղափարական պայքարի, քաղաքականության հատկանիշներ:
Ինձ համար հեղափոխականի վառ օրինակ, Բևեռային աստղ է Ֆիդել Կաստրոն:
Իրական հեղափոխական մարտիկ, առաջնորդ լինելու համար Կաստրո պետք է լինել, իսկ նա, ով կասի, թե Կաստրո լինել, ամենքը չի կարող, ես կհակադարձեմ, որ ամենքը չէ, որ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄԱՐՏԻԿ կարող է լինել...
Հ. Գ. Ժողովրդին մի մեղադրեք, ժողովրդին մի անարգեք, նրան ծերանոց մի ուղարկեք, որբանոց մի ուղարկեք, այլ հանեք նման վիճակից: Նա ձերն է, դուք նրանը, որքան էլ վատը կամ լավը լինեք: Մենք բոլորս ենք ժողովրդի հանդեպ անառակ որդի, սակայն մենք ունենք մեր հետդարձի ուղին:

пятница, 3 апреля 2015 г.

Ցավոք ցինիկ ենք...



Մեր ցավը մեր աչքից հանում,
Ու գռեհկությամբ մյուս աչքն ենք կոխո՛ւմ,
Պղծելով մարմինը հայո՛ց մեծ ցավի,
Անլո՜ւռ մեր հիշատակի, հայո՛ց աշխարհի,
Հասարա՛կ հայի, տանջվա՛ծ հայի, պայքարո՜ղ հայի:
Իսկ ամենից վեր` մենք մի՜տքն ենք պղծում,
Տեսա՜կը՝ ցնքնած բորենիներո՛վ,
Բորոտո՛վ լցնում, ու ապականվո՜ւմ...
Ի՞նչ ենք մենք ընկել մեր տանջված ջանին,
Ի՞նչ ենք մենք ուզում մեր սուրբ հուշերից,
Մագաղա՜թ դարձած, մորթված մեր ու մանուկի՜ց,
Ահել-ջահելի՜ց, հերո՛ս հայդուկից,
Մեր կույս հարսների սո՛ւրբ հիշատակից,
Ու մե՛ր Զոհրապից` մտավորական մե՜ծ օրենսգետից՝
Բազում մտքերի գոհար բեղուն մեր գետի՛ց,
Մե՛ր Վարուժանից, Սիամանթոյից մեր արդարամիտ
Ու Կոմիտասի՜ց խելագար դարձած անճար հանճարից,
Ի՞նչ ենք մենք ուզում ինքներս մեզնից,
Ու թե ուզում ենք, ա՞յս է ուզածը մեր մեջ օվկիանված,
Ա՞յս է ընթացքը հավերժ ճամփորդի…
Էլ ես ի՜նչ ասեմ, էլ ինչպե՞ս ասեմ,
Որ բա՛վ է, բա՛վ է, բա՜վ է այսպես մենք ապրենք,
Շա՛ն նման իրար ոսկոր մենք կրծենք,
Բա՜վ է սիրելի իմ հայ ժողովուրդ:
Բա՜վ է գոհարից ու ադամանդից, թանկարժեք զարդից
Դու ձթի կտոր, երկաթե շղթա քեզ համար դառնաս,
Ի՛նքդ շղթայվես ու քեզ ինքնախեղդ անես քո՛ ձեռքով:
Դու գոտեպնդվի՛ր, հասկացիր մի բա՛ն,
Այն ինչ որ ունես՝ քո՛նն է, իմացի՛ր,
Ինչ էլ որ չունես կամ, թե կորցրե՜լ ես՝
Դու դեռ կգտնես, դու դեռ կհառնե՜ս
Մոխիրի միջից, դու դեռ կբացվե՜ս
Ու կտարածվես հանց զմրո՜ւխտ այգի,
Դրախտի այգի՝ դրա՜խտ երկրում:
Չարն է քեզ ստիպում իրանդ ճկել,
Սակայն մենք գիտենք ամենից հզոր
Չարին էլ հաղթել,
Հայկյան աղեղով սուր նետ արձակել,
Բելերին խոցել, գետնին տապալել՝
Ինչքան էլ հզոր թշնամին լինի:
Թե ապրել կուզես, հոգիդ մի՛ մեռցուր,
Տաղանդիդ ձայնին դու ականջալո՛ւր,
Սրտիդ զարկերով ապագադ կռի՛ր,
Անցյալ ու ներկա ավեր-դավերդ
Ու բյուր ցավերդ մաշկիցդ քերթի՜ր,
Քո քաջ արիաց ձեռքով մաքրվի՛ր,
Ու էլ մի լացիր ու մի էլ կոծի՛ր,
Ու նորեն դու թարմ ասպարեզ իջի՛ր,
Այս սֆինքսաշուրթ ( Հ.Շ.) աշխարհին գերի՜ր
Ու դյութի՛ր, մարդասիրության ու մարդկայնության
Դասեր ընծայի՛ր ու հավետ ապրիր այնչա՜փ գեղեցիկ,
Որչափ որ գիտի իմ սիրող սիրտը չքնա՜ղ հայրենիք:

четверг, 2 апреля 2015 г.

Զարգացում և առաջընթաց


Թեպետ ես այնպիսին-ինչպիսին կամ <<պետք չեմ>> արդի հայ իրականությանը, սակայն ինձ պետք է վաղվա լուսավոր Հայաստանը և դրա համար ես պետք է մտածեմ այսօր:
Հ. Խաչատրյան
Հասարակ ժողովրդին, այնուամենայնիվ, պետք չէ մեղադրել գրեթե ոչնչում: Քանզի հասարակ հայը չի ունեցել այն անհրաժեշտ ժամանակը վերջին յոթ հարյուրամյակների ընթացքում, որպեսզի ձևավորեր պետական կենտրոնաձիգ գաղափարախոսություն, կենսակերպ: Պետությունը ընկալվել է ընտանիքից-համայնք ուղղաձիգում: Իրականացվել է անհրաժեշտ նվազագույնը՝ հային հայ պահելու, սեփական հողին ամուր մնալն ապահովելու քաղաքականությունը և այն էլ ոչ լիարժեք / ինչը, թերևս, ներկա պետական կարգի և իրականության պայմաններում չի էլ իրականացվում պետական մակարդակով/:
Ինչպես գիտենք ազգերին ու ժողովուրդներին առաջ մղող կորիզը էլիտան է: Ահա այս միջուկն է, որն իր շուրջը պետք է պտտեցնի մագնիսական ուժի շնորհիվ արբանյակ ժողովրդին, ազգին:
Մենք ունեցել ենք կարկառուն մտավորականներ, գիտնականներ, իմաստասերներ: Սակայն, ըստ իս, տարբեր ժամանակներում այդ <<աստղաբույլը>> կա՛մ հնարավորություն չի ունեցել ձևավորելու կուռ միջուկ՝ էլիտա, որը կարող էր հանդես գալ միասնականորեն տարբեր ճակատներում կա՛մ առաջնորդվելով նեղ անձնական շահերով, հանդիսանալով այլոց խամաճիկը՝ չի դարձել իրական էլիտա:
Այստեղ կուզեի մի միտք արտահայտել, համաձայն որի դավաճան է այն մարդը, որը վեր է դասում սեփական շահը պետական, ընդհանուր, ազգային շահից:
Փիլիսոփայության մեջ կա տեսակետ, որ ոչինչ ու ոչ ոք հենց այնպես չի ծնվում, ապրում ու մահանում: Հետևապես, ամեն ոք ընդհանուրի և աստվածային օրենքի առջև ունի իր պատասխանատվության չափաբաժինը:
 Ու հենց այս մտքից հետևելով պետք է հասկանալ, որ.
1. մարդիկ չեն ծնվում հավասար ունակություններով,
2. մարդիկ չունեն միևնույն նպատակները,
3. նրանք չեն անցնում նույն կյանքի ճանապարհը, անգամ, եթե նույն ընտանիքի զավակներ են,
4. նրանք չունեն նույն հոգեկերտվածքը և պահանջմունքները,
5. հասարակության մեջ յուրաքանչյուր ոք ունի իր տեղն ու դիրքը:
Եվ այս ամենից հետևություն անելով, մեզ պետք է.
1. Ձևավորել իրական էլիտա՝ համապատասխան մեխանիզմներով/ էլիտային պետք է պատկանի պետության կառավարման ղեկը/:
2. Ձևավորել բանվոր դասակարգ, սպասարկող անձնակազմ և գյուղատնտեսություն     / պետք է իրապես հարգվի ու ապահովվի հասարակ քաղաքացու՝ լինի նա բանվոր, թե գյուղացի, անհրաժեշտ և բավարար իրավունքներն ու պահանջմունքները՝ ապահովելով նրա գիտակրթական և մշակութային զարգացումն ու հասարակությունում դիրքի ամրապնդումն ու առաջընթացը/:
3. Պետք է ապահովվի մանկանց հայրենասիրական, բարձր մշակութային և ազգային արժեքներով դաստիարակությունն ու հասունացումը:
4. Պետք է ապահովվի երիտասարդությանը ազգակենտրոն կրթությունն ու ժամանցի կազմակերպումը:
5. Հայ ընտանիքն ու հայոց պետությունը պետք է լինեն հայ մարդու իդեալները, որոնց պահպանմանն ու կայացմանը պետք է ձգտի ու իր կյանքը ներդնի վերջինս՝ ամենքն իր տեղում, արժանապատվորեն:
6. Ամեն ոք ունի խղճի ու մտքի ազատություն, սա անհերքելի փաստ է, սակայն հայոց կրոնը պետք է լինի հայ էթնոսը՝ Ցեղը, որին ձգտելու է յուրաքանչյուր հայ և ցեղորեն հայը դառնալու է էլիտա համայն մարդկության համար, հայը դարձի է գալու:
Այս ամենն ապահովելու համար մեզ պետք է.
1. Մտավոր ռեսուրսների գնահատում, քանզի բոլոր ռեսուրսների մեջ գերապատվելին ու ամենաարդյունավետը մարդկային ռեսուրսն է, որը մեզ գենետիկորեն այդչափ շռայլված է:
2. Մարդկային ռեսուրսների կենտրոնացում և համակարգայնացում՝ կոորդինացում:
3. Ունեցած կոորդինացված մտավոր ռեսուրսներով՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված, հայկական պետության և աշխարհասփյուռ հայության խնդիրների լուծում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պլանավորված, կետային, ռազմավարական խնդիրներին:
4. Նախորդ կետի իրականացումն ապահովելու համար օգտագործել բոլոր ռեսուրսները՝ հումքային, գիտական, մշակութային և այլն:
5. Առանցքային խնդիր համարել հասարակության բոլոր շերտերի անհրաժեշտ և լրացուցիչ սոցիալ-տնտեսական բազայի ապահովումը:
Ըմբռնելով հայկական ներկա իրականությունը և դրան համադրելով մեր ներուժը, ես համարում եմ այս ամենի իրականացումը ՌԵԱԼ:  
Հայի խնդիրը մշտապես եղել է որակի ապահովումն ու որակապես հաղթանակ տանելը: Հային պահող ուժը եղել է նրա որակյալ գենը, որը երբեք, պատմական ոչ մի հոլովույթում չի կորցրել իր առանձնահատկությունն ու եզակիությունը:
Ինչպես հրաբուխ, քնած գենն էլ արթնանալու հատկություն ունի և այդ ժամանակ իր ճանապարհին կարող է սրբել ամեն չարիք՝ ցանելով ծաղիկ:
Այժմ էլ շարունակվում է Հայկի պայքարը Բել-Բաալ-Բաաղի դեմ: Այդ պայքարը սկսվեց հազարամյակներ առաջ և որոշ դադարներով շարունակվում է առ այսօր:
Հայն այս երկրագնդի աղն է, պետք է դառնա նաև մաղը: Հաղթանակն ու լուսավոր ապագան մշտարթուն հայինն է:

Եվ ուրեմն չխուսափենք պայքարից, այլապես ուշ կլինի: