вторник, 15 июля 2014 г.

ԵՍ ՉԵ՛Մ ԿՈՐՉԵԼՈՒ...


Որպես նախաբան.
Բնույթս հակասական է, ես մոլագար մի քամի: Մեկ զեփյուռի պես սիրալիր եմ ու քիմք շոյող, մեկ էլ վայրագ ինչպես մի հողմ: Մեկ խոսում եմ սիրուց, ամենագեղեցիկ զգացմունքներից և մեկ էլ, ակամայից, փոխում քամուս ուղղությունը, սկսում փչել այլ հողերից ու հողմերից: Հիմա կարծես մոլեգնած հողմերն ու ամենամութ թուխպերն են նստել մտքերիս լեռան գագաթին և կուտակվել են այնչափ, որ սպասում են մի որոտի, մի շանթի, երկինքը լուսավորող մի առկայծման: 
***
Ներիր ինձ ընկեր թուխպերիս համար ու նաև մոլեգին հողմերիս համար: Սակայն թույլ տուր  ինձ ասել, կիսվել քեզ հետ՝ թուղթ իմ, հույսս դու ես իմ ընկեր: Ուզում եմ հիմա գաղտնախոսել քեզ հետ թերթիկ իմ մաքուր: Դու պետք է որ ինձ հասկանաս իրոք՝ հանուն Հոր և Մարդու: Ինու՞ եմ բարկությունս կոտրում քո գլխին իմ մաքու՜ր ընկեր, ինչու՞ եմ քեզ սևացնու՜մ: Մի՛  տրտնջա, ամենքն իր գործն են անում: Կյանքն այնքան բարդ է ու դժվար, բարեկամս, որ երբեմն հոգնում ես ապրելուց, իսկ երբեմն էլ ուզում ես լքել այս գորշ աշխարհն (սակայն հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ աշխարհը մեղավոր չէ, որ մենք այսպիսին ենք) ու վերանալ այս աշխարհից, անցնել թոշակի՝ հավե՛րժ թոշակի: Այդժամ քեզ տիրու՜մ են, բռնաբարում մի՛տքդ, հոգիդ ու սի՜րտդ, ճնշու՛մ, ստրկացնում ու ստորացնում ամենաողորմելի գեհենային մտքերը, մարդուն դարձնում ճիճու, մի զզվելի տակա՛նք: Գարշում եմ այդ տեսակից՝ հավերժ ճղճիմի՛ց, ճահճի՛ց ընկողմանող, լափո՛ղ, վերացնո՜ղ: Ապրում ենք մի կյանք՝ հավերժական հանգստից առաջ մի կարճատև ակնթարթ: Ու չեմ ուզում բարեկամ իմ սիրելի, մռայլեցնել, գորշացնել իմ խոհերով գույները կյանքի: Բայց ես ուզում եմ, ես կամենում եմ, որ լավ ապրի մարդը, որպես Մա՜րդ ապրի: Որ չտանջվի՝ կամա-ակամա, որ չբռնանա իր կամքի առաջ, իր մարդ կոչվելու մեծ գործի առաջ: Միգուցե ասես, թե բոլորին չէ տրված հասկանալու իր անձի էությունը, նրա առաքելությունն այս աշխարհում, որ նա ոչ այնքան հողեղեն է, որքան ոգեղե՞ն: Բայց արի քեզ մի հարց տամ ընկեր իմ բարի. - մարդը բանական էակ է, այդպես չէ՞:  - Այո՛, այդպես է: Իսկապե՛ս, համարենք մարդուն բանական էակ՝ բարձրագույն գոյ, Էություն: Իսկ ինչու՞մն է կայանում մարդու գերագույնությունը: Նրա հոմոսափիենսությունը: Մի՞թե նրանում, ինչն այսօր տիրում է մարդուն: Մի՞թե ընչաքաղցությունը, ընչազրկությունը, որկրամոլությունն են, թե որկրածակությունը, որն ինչքան լցնես մեծ ջվալի պես երբեք չպետք է լցվի: Եթե այդպես է, ապա պահն է կորչելու, քանզի բա՛վ է: Նզովյա՜լ է նման մարդը: Իսկ ու՞ր է իսկական մարդը: Եկ փնտրենք նրան: Մի՞թե անիրական է նա՝ այդ Մարդը: Մի՞թե նա իլյուզիա է, մտապատրանք: Հապա՜, մտածիր տեսնեմ, բանական էա՛կ: Դա է քո՛ հատկանշականը, քո՛ էությունը: Մի՛ անասնացիր, մտածի՛ր ( կա մարդկային երկու տիպի ձեռքբերովի կապիտալ՝ փող և գիտելիք: Մենք կընտրենք գիտելիքը՝ համաձայն մարդկային մեր տեսակի կոդեքսի): Այսպիսով, ի՞նչ ասել է Մարդ: Մարդն աստվածայինն է, պայքարողն ու արարողը, հավատացո՛ղը, չհանձնվո՛ղը, բարի՛ն, զորե՛ղը, հզո՛րը, հայրենատե՛րը, այլ ոչ անտերը, հաղթո՛ղը, բարոյականն ու էականը: Մնացածն էական չէ, անբարոյակա՜ն է:
Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում բարեկամս… համատարած հուսալքությու՛ն, գաղջ միջավայր, որկրածակություն ու գիշատչությու՛ն, փողապաշտություն ու փորապաշտությու՛ն, անհույս անհավատությու՛ն, անտերությու՛ն, անաստվածությու՛ն՝ անմարդկայնությու՜ն:
Իսկ գիտե՞ս ինչքան հեշտ է սեփական փոքրոգության մեջ մեղադրել բոլորին բացի սեփական ԵՍ-ից: Իսկ փոքրոգությունն այն ամեն դժնդակն ու վատն է, ինչը տիրապետում, տնօրինում ու շահագործում է մարդուն որպես ստրուկ՝ չթողնելով նրան բարձրացնել հողից սեփական գլուխը և գեթ մեկ վայրկյան շնչել վերևներում խաղացող մաքուր Օդը:
Աշխարհի ամենամուրացիկ մարդը թող մեծահոգաբար ողորմություն բաշխի նման մարդկանց, եթե մուրացիկ չէ նա հոգով ու իր տեսակով: Քանզի ընչապես մուրացիկից մուրացիկ են նրանք առավել ՝ իրենց հոգով, տեսակով՝ Մա՜րդ չըլինելով:
Խղճա՞լ, գուցե… հնարավորինս վերացնե՞լ նման մարդկանց, արմատախի՞լ անել այդ տատասկներին: Բայց ո՛չ, տատասկ չէ մարդը՝ թեկուզ ամենավատը: Տատասկ է նրա կերածն ու մարսածը կամ չմարսածն ու կոկորդին կանգնածը: Քանզի աստվածային է մարդը, իսկ կերակուրը ոչ միշտ է մանանա:  Իսկ կերակուրը, ինչպես գիտենք, կարող է ստամոքս խանգարել, առողջ մարդուն թունավորել: Ու կան դեպքեր, երբ չուտելուց խոց է գոյանում: Հետևաբար՝ ստամո՜քսն է պետք բուժել:
Իսկ ինչպե՞ս բուժել, հարկ եղած դեպքում խոցը հեռացնել՝ ապրելու համար, կծկված քարշ գալուց պրծնելու համար:  
Նախ և առաջ մաղթել մարդուն հզոր լինել ու ինքն իրեն խոստանալ. << Ես չեմ կորչելու՝ հանուն Հոր և Մարդու>>: Իսկ չկորչելու համար մենք կմաղթենք մարդուն Մարդ լինել իրոք՝ հոգով, սրտով ու գործերով: Մաքուր պահել իր ներքինը իր Հոր համար: Քանզի Հայրը դա Մարդն է, իսկ մենք ամենքս որդին ենք Մարդու: Աստված մարդուն ստեղծելիս դրեց մասնիկն իր մեր մեջ: Մարդը կոչված չէ հիասթափվելու, հուսալքվելու, չհավատալու, նսեմանալու, ստրկանալու, նենգանալու, սատանայապաշտ դառնալու համար: Մարդը գերագույն նպատակն է, վերասլաց կատարելություն, որին ձգտելու ենք մենք բոլորս: Իսկ մեր ձգտումներում մեզ պետք է ստամոքսի բուժում: Ստամոքսի բուժման համար նախ և առաջ առողջ սնունդ, մարդկային սնունդ՝ զերծ ամեն կեղտից, փոշուց ու ցեխից, որը վաղուց ստամոքսի պատերից ներս է թափանցել, հոգիներն անցել, տիրել է մարդուն, դարձրել անասուն, թաղել ցեխերում, հավատացնելով, թե Մարդ չէ մարդը, այլ մի ճիճու է, լպրծուն մի որդ, անընդունակ ամեն լավ բանի և առաքելության՝ հզոր լինելու, առողջ սնվելու ու լավ ապրելու, վերելքներ անցնող ու վեր սլացող  մարդկայնության:

Է՜հ, իմ ընկեր, ես դեռ չեմ տեսնում մտքերիս բարձրաբերձ լեռան վրա գոյացած թուխպերից առկայծում, մի շանթ կամ որոտ, թեև հույս ունեմ, հավատում եմ շատ: Քանզի որոտն այդ դու պետք է լինես, դու պետք է լինես և՛ շանթ և՛ շանթարգել: Լինես մի կայծ և առկայծես հանուն Հոր և Մարդու: Դու պետք է երդվես, որ չես կորչելու ու պետք է երդվես հանուն մարդկության ու մարդկայնության պայծառ գալիքի, վառ լույսի համար:

суббота, 12 июля 2014 г.

Լուսնային սոնատ


Գիշեր է, հիասքանչ գիշեր: Աշխարհը քնած է, արթուն ենք միայն ես, լուսինը և… միգուցե նաև Նա: Միգուցե արթուն է Նա՝ ում մասին, լուսնին նայելիս, երազում եմ ես: Միգուցե նա ևս լուսնին նայելիս երազու՜մ, փոքր ինչ տխրում ու հոգոց է հանում՝ մտածելով իր միակի մասին՝ իմ մասին: Ո՞վ գիտե: Լուսի՜նը գիտե: Իսկ Լուսինն այնքա՜ն գեղեցիկ է: Նա քո դեմքն ունի պաշտելիդ իմ: Իմ աննման լուսին: Նա նման է նաև Աստղիկ դիցուհուն՝ գեղեցկուհի վայելչապաշտին: Գիտե՞ս սիրելիս Լուսնի մարմարյա այտերն ինձ սեր են խոստանում: Գուցե դու գիտե՞ս… ու ինձ խանդու՜մ ես:
 Իսկ հիմա տո՜թ է: Տոթ է անսահման, ու շնչուղիներն իմ հեղձվում են անչափ, մաշկս խեղդվում է գիշերում այս լուռ: Կարծես լսում եմ հեվյունը մաշկիս, միգուցե նաև իր շունչը վերջին: Եվ ես հառնում եմ, խոյանում եմ վեր, մաշկիցս ելնու՜մ, սլանում վերև, դեպի Լուսինը՝ Լուսին սիրուհիս, ապրելու սերն իր մարմարիոն գրկում: Գիշերվա մթնում՝ Լուսնի պալատում, թավշե երկնքից կարված անկողնում սեր է խոստանում, անհագուրդ սեր է փափագում Լուսին տիրուհին:

Մութ է անսահման, մութն է մեզ ծածկում ինչպես վարագույր մեր ննջարանում: Մոլագար է սերն այդ խառնածին՝ մի աստվածուհու և մարդու միջև: Ու թե հիշեմ ինձ՝ մաշկս երկրային, հեղձուցիչ տոթը, հեվյունը մաշկիս՝ հիշողությունս կփախչի ինձնից ինչպես մի մերկ կին: Քանզի մոռացվել եմ ես Լուսնի գգվանքից արբեցած արդեն:  Եվ  <<Ես>>-ս Լուսնի հետ փարված դարձավ սիրասուն մի <<Մենք>>: Լուսնին միացած ու սիրահարված, սիրուն գալարված, ինչպես այն օձը դրախտում ապրող անչափ խորամանկ: Եվ միգուցե ես էլ Լուսնի հետ մեկտեղ խորամանկում եմ՝ նեկտար վայելում թավշե անկողնում: Ու քաղցրահամ է նեկտարն այդ անչափ: Իսկ ես սիրում եմ քաղցր անսահման մանավանդ, երբ սերն է այդչափ քաղցրահամ: Իսկ աստղերը մեր սպասարկում են մեզ Գիշերում մեր մեծ: Ապրում ենք այսպես Գիշերում հիմա ու սեր վայելում… ու սեր դայլայլում դեղձանիկի պես Գիշերում մեր մեծ ու նվիրական: Ու չեմ էլ հիշում, ու չեմ էլ ուզում ես հիշել նրան: Այն անիրական, իբրև թախանձող, այն երկրայինին, որին նման էր իբր Լուսինը, Լուսի՜ն սիրուհիս: Լուսնի պալատում երգն է թևածում՝ նեկտարի նման հագեցնում է մեզ: Ու բեթհովենյան սիմֆոնիաները մոռացնում են ինձ, ուրացնում են ինձ անձս երկրային: Լուսնի հետ գգված՝ Լուսնի անկողնում վայելում եմ ես սոնատը լուսնի: Ու մոռանում եմ նաև ուրանում քեզ իմ երկրային ու անիրական իմ սեր թախծալի, իբրև բաղձալի: Եվ ինչու՞ այդպես կոշտ ու ցավալի: Քանզի դու չկաս, քանզի դու… օ՜դ ես: Պարզ մի դիֆուզիա, որ դուրս է գալիս իմ մաշված գլխից ու հեռանալով գանգիցս հեռու՝ օծանելիքի պես ցնդում է օդում, դառնում մտքերից թռած մի պատրանք: Դառնում մի պատրանք: Եվ վե՛րջ: Իսկ Լուսինն իմ իրական է, սիրելի անչափ ու օ՜դ չէ, հաստա՛տ, ով մտապատրանք դու իմ երկրային: Ու չեմ ցանկանում, ու չեմ տանջում միտքս նրանով, թե ինչ կլիներ, եթե Լուսինը լիներ քո տեղում թախծոտ ու ոչ իրական, քանզի դու չկաս ու չես էլ լինի սիրո պիեսում իմ ձեռքով գրված: Լուսինն է սերս փակել անկողնում: Թավշե վերմակից կարված անկողնում, Գիշերվա մթնում ով երկրային անքուն դու օրիորդ: Եվ թող սխալվեմ, այս անգամ ևս, մի մարդու նման, մահկանացուի պես, քանզի տրված է մեզ սխալվել անվերջ: Ու ես կսխալվեմ ասելով անքուն դու մի օրիորդ ես: Չէ դու քնած ես, քնած դշխուհի: Քանզի երկրային քո դիմագիծը, պատկերդ քնքուշ չկա հեքիաթու՜մ, չկա՜ պիեսում այս հրաշալի:

вторник, 8 июля 2014 г.

Գիշերային խոհեր



Գիշեր է: Թե որ ժամն է, արդեն մոռացել եմ: Մոռացել եմ նաև քնի մասին: Չեն մոռացվել միայն մտքերս ու մտորումներս, որոնք այս ուշ գիշերով տանջում են ինձ: Չգիտեմ, իրավամբ չգիտեմ, մի օր այս մտքերն ինձ հանգիստ կտա՞ն: Երանի այդ հավերժական օրը: Սակայն մինչ այդ օրը ես դեռ բավականաչափ կմտածե՜մ, կգցեմ ու կբռնեմ, ծանր ու թեթև կանեմ այն ամենն ինչ տեղի է ունենում այս հողագնդի վրա: Իսկ հողագնդի վրա ամեն օր մի նոր ծաղիկ է բացվում ու թոշնում է մի նոր կյանք: Ամեն օր բարին ու չարն իրար գլուխ են կոտրում այս հավերժական ընթացքում: Եվ ահա այսօր իմ երկրային ուղեղի ծալքերում նստել է մի փառահեղ, աստվածահաճո, մարդավայել հարց: Ինչու՞ է ամեն ինչ այսպես բարդ: Ինչու՞ այլ կերպ չի դասավորվում մարդկային կյանքը: Ինչու՞ է մարդը ծնված օրից տառապում մինչ ի մահ: Մի՞թե աստված / եթե նա գոյություն ունի, իսկ նա՝ հանուն արդարության հույսի պետք է գոյություն ունենա/ այնքան դաժան մի գիտնական է, որ մարդուն ստեղծել է հանուն մեկ բանի՝ իր գիտական ամբիցիաները բավարարելու համար: Կարծում եմ, որ ոչ: Այն, որ աստված գիտնական է, վեր է մեկնաբանություններից ու քննարկումներից: Նա գերագույն գաղափար ու գիտնական պիտի լինի: Իսկ մարդը՞: Ի՞նչ է իրենից ներկայացնում մարդը: Մարդն աստծո ստեղծագործական արարմունքի գագաթնակետն է, նրա մի մասնիկը: Ցավոք մենք դա չենք գիտակցում և չենք տեսնում: Ահա մարդկային դժբախտությունների սկզբնաղբյուրը: Մարդն աստված է, քանզի աստված մարդուն ստեղծելիս նրա մեջ դրել է իր մի մասնիկը, իր աստվածային մասնիկը: Իմ խորին համոզմամբ ոչինչ և ոչ ոք աշխարհ չի գալիս և աշխարհից չի գնում հենց այնպես: Իսկ ո՞րն է մեր հատուկ առաքելությունն այս կենսական խառնարանում: Ահա այն գլխավոր հարցը, որն ուղղում եմ ես բոլորին: Աշխարհի մարդկային հասարակությանը: Ինչու՞ ենք մենք եկել աշխարհ, որն է մեր նպատակը: Ինչու՞ մենք չենք տեսնում մեր մեջ աստվածայինը, տարվում, լեցվում ու գրավվում ենք զանազան աղտեղություններով ու հոգին քայքայող տիֆով: Ինչու՞ մենք չենք ձգտում դեպ ավելին, դեպ կատարյալը՝ աստվածը, դեպ Մարդ կոչվելու գերագույն իրավունքը: Հե՞շտ է ապրել մակաբույծ կյանքով: Այո՛, հեշտ է: Այսօր կաս, իսկ վաղը քեզ ոչ ոք չի հիշի: Օ՜ ինչ հիասքանչ է: Ճի՞շտ է մարդ աստծո: Օ՜, թույլ տուր ես տամ պատասխանը քո իսկ մեծության ու փառքի համար: Ճիշտ չէ՛ ապրել հողին քսված, հողի վրա սողալով ինչպես մի օձ կամ անձրևորդ: Հանուն Մարդու դա ճիշտ չէ՛: Նա ով ծնվել է թռչելու համար, եթե սողաց՝ բազմիցս վատն է վերջին սողունից, որից գարշում է իսկական Մարդը: Մեր այս կարճատև կյանքում հավերժակոթող ձևավորում են միայն քարը տաշելու և քրտնքով շաղախելու միջոցով: Ամեն ինչ պարզ է: Մի խորացիր անչափ ով մարդ աստծո: Ամեն մի հրաշք, ամեն առեղծված հրաշալի ու մեծ է իր իսկ պարզությամբ: Սակայն աստվածային պարզությանը հասնելու համար մենք պիտի անցնենք երկրային այս բարդույթների ու բարդությունների միջով: Աստված մեզ ստեղծեց պարզապես ապրելու համար՝ հանուն աստծո, հանուն մեծ սիրո, հանուն պարզ մտքի՝ մեր Մարդ լինելու պարզ մտքի համար: Ահա ըստ իս ամենքի կյանքում գերագույն միտքը, ապրելու ձգտումն ու նպատակը: Երիցս երջանիկ է նա, ով գիտակցում է իր անկատարությունն ու ձգտում է կատարելության: Երիցս երանելի է նա, ով տեսնում է իր հանցավորությունն ու ձգտում է հանցազատության: Ու այսպես ահա, մի ամբողջ գիշեր, թեև լույսն է հելիոսի արդեն թևածում երկրի տանիքում, բայց նստած ու կքված եմ ես այս մտքերի տակ: Ու մտքերս խլում են ինձանից վերջին ուժերս, այլևս անզոր եմ դիմադրելու քուն կոչված սիրուհուն, որն ինձ կտրում է համակարգչիս առջևից, կտրում մտքերիցս ու տանում սիրալիորեն դեպ անկողին: Եվ, կտրելով մտքերիս գորդյան հանգույցն ու փութալով քնելու, մաղթում եմ ձեզ ձեր իսկ մեջ տալ ու գտնել այս հարցերին պատասխան: Թեև պարզ է ամեն ինչ, պարզ ու հստակ չափազանց:
Հ. Խաչատրյան

Որքան դժվար է կյանքում ընտրել կողակից ու աջակից, նեցուկ մի կին, երբ ինքդ առյուծ ես, սակայն շրջապատված ես կովերով:


пятница, 4 июля 2014 г.

Նոր օրը

Սկսվեց նոր օր: Կյանքը սկսեց եռ գալ: Մարդիկ շտապում են՝ ամենքը մի տեղ, իր գործերով, առօրյա հոգսերով: Նայում եմ պատշգամբից ու հետևում այդ հավերժական շարժին: Մի պահ, պատրաստելով, սովորականի պես, մի գավաթ թունդ սուրճ,  առավոտյան թարմ օդի հետ ռունգերիցս ներս է թափանցում մի միտք, արևի հետ լուսավորում միտքս ու հոգիս ու ինքս ինձ հետ, ինքնամոռացվելով, լռությամբ մտորում եմ. << արժեր խմել այս հավերժական ընթացքի, նոր լույսի, այս հասարակ, բայց նաև հատուկ օրվա համար, մարդկանց շարժի, նրանց գոյության համար, քանզի ես ինձ չեմ զգում Ռոբինզոնի դերում և այն ամենի համար՝ ինչն ինձ շրջապատում է>>: Բայց, հակասական բնույթս, թեքում է մտքերիս ընթացքը, մի պահ ընդարմացնող մշուշե շղարշ ու սարսուռ նստեցնելով մարմնիս առավոտյան շաղի հետ, ու մտքերս, սրտիս տրոփյունից արագ, արևի լույսին համաքայլ, սլանում են առաջ, անցնում հեռավոր հորիզոններ... այս հեթանոս արևի հետ հասնում իր տիրույթները, իր զմրուխտավորված ապարանքը, տենչում իր յուրահատուկ մենությունը, ուզում է հավետ վերանալ, բարձրանալ վեր այս հավերժական ընթացքից, մարդկանց պրոտոնային շարժումից, նրանց գոյությունից, այն ամենից՝ ինչն իրեն շրջապատում է: Տենչում է միտքս իր ուտոպիան: Եթե Օուենը երազում էր ուտոպիստական հասարակություն, ապա սիրտս՝ տռփանքով լեցուն, տենչում է լոկ հանգիստ՝ ուղեղի ուռուցք առաջացնող այս մտքերից, սեփական անձս ծերացնող Բաստիլի պես ուղեղումս պինդ ամրացած մտքերիցս ազատագրում: Եվ... ուզում եմ ապրել Ռոբինզոնի պես՝ ունենալով միայն մեկ Ուրբաթ ու մեկ ուրբաթ, որպեսզի գտնեմ այդ օրն իմ Ուրբաթին ու սրբազանորեն պահեմ նրան իմ մտքերի, սիրող սրտի ոլորտներում, հավերժական դրախտային մթնոլորտում, իմ Էդեմում, որտեղ չկա ոչ մի <<Խնձոր>>, քանզի ես եմ միակ << Խնձորը>> ... ու չկա այլ գայթակղություն ավելին, քան ես, կրքոտ սերս, մաքրագործված սիրո ու մեղրահամ ուտոպիայի իմ իդեոլոգիան են: Ու ես տերն ու տիրակալն այդ պարտեզի, որպես սիրո նվիրյալ ասպետ քո Լոնսելոտ, հավետ կսիրեմ ու կնվիրվեմ քեզ ու կապրենք ընդմիշտ մեր սիրո Էդեմում, ու տաք սրտիս թմփթմփոցը կջերմացնի մարմինդ, այդ քո շարմաղ, կարծես արևի լույսերից պաղպաղակի պես հալվելու պատրաստ կաթնային ճերմակությամբ մարմինդ, ու կխոցի իմ սրտի ջերմությունն այն փոքրիկ, կամակոր հրեշտակի ( որին Ամուր են ասում) նետի պես քո սիրտն ու հոգին՝ անցնելով շատ խորը: Կմիացնենք մենք մեր ափերն իրար ու մեր ափերի միացման կենտրոնից կբացվի մի հիասքանչ ջրաշուշան, կհիանանք մենք այդ ծաղկով և ինքնամոռացման ու սիրո կարկաչուն գետակի հոսանքում հայտնված ձկնիկների պես, չենք էլ պատկերացնի, որ հենց նոր, մեր ձեռքերի միավորումից բացվեց սիրո ծաղիկը մեր ափերի մեջ: Ու մենք, սիրելով զմիմյանս, կկառուցենք մեր Էդեմում մեր փոքրիկ ծղոտե հյուղակը ու կփափագենք այն լցնել մանկան ճիչով ու ուրախությամբ՝ ապրելով լազուր երկնքի հովանու ներքո՝ երեկոները միասին երազելով ու նայելով անհամար աստղերին ու մտորելով մեր սիրո, հեռավոր, գոյություն ունեցող ու չունեցող ցիվիլիզացիաների մասին, և այնտեղ գոյություն ունեցող սիրո մասին: Ու մենք կմտածենք, թե գուցե հեռավոր, մի լուսատիտիկի մեծությամբ երևացող աստղի վրա կան մեզ պես էլի զույգեր, որոնք իրենց ողջույնն են հղում մեզ, ողջունելով մեր ինքնամոռաց, անձնվեր սերն ու կյանքը իրար հետ: Ու այսպես, որպես մի Ռոբինզոն կամ որպես մի… Լոնսելոտ կամ դու ասա, թե որպես ով երազում եմ ես քո մասին ով իմ Ուրբաթ, իմ թագուհի – ճերմակուհի արևի ճառագայթների հետ համընթաց առաջ ընթացող, հեռուներն անցնող մտքերի մեջ… Սակայն ինչպես ամեն լավ բան, մարմնիս հիասքանչ, հոգիս շոյող սարսուռը ևս կամաց – կամաց լքում է իր զբաղեցրած դիրքերն ու աներևույթ բարիկադները՝ դիրքերը թողնելով մարդկային տաղտուկ մեգին, մռայլին, մարդկանց պրոտոնային շարժմանը և այն ամենին ինչն ինձ շրջապատում ու կաշկանդում է, ծանրանում իմ ուղեղում՝ մեծացնելով այդ անտանելի ուռուցքը, պղտորելով երիտասարդ կյանքս ու հոգիս, որի դեմ հազարավոր ֆիլտրեր են պետք: Տխրորեն հայացքս հեռացնելով պատշգամբից տեսնում եմ, որ սուրճս վաղուց սառել է, ինչպես որ սառն են  այս մարդկային մեգն ու թախիծը, մռայլությունը, իրենք՝ պրոտոն – մարդիկ և այն ամենը՝ ինչն ինձ շրջապատում է: