Մարդուն
ի ծնե միշտ տրվում են թևեր, ինչպես որ հրեշտակներին՝ թռչելու և օլիմպիական բարձունքներին
հասնելու համար: Որպեսզի
նա դառնա հզոր, պայքարող, երկնքի բարձունքներում սավառնելուն արժանի գոյ, խանգարող
շատ հանգամանքներ կան: Այդ հանգամանքներից գլխավորն ու ամենանողկալի՛ անողնաշարը հասարակության
անտարբեր – անհավատությունն է՝ աթեիզմը սեփական Էության նկատմամբ:
Զարմանալի՛,
ատելի՛ և պարսավելի՜ է հասարակության կեղտը: Դրանից նողկալ կարելի է, սակայն նողկանքն
ու զզվանքը բազմիցս քիչ է դրա քայքայեցուցիչ հատկությունը կասեցնելու համար: Պետք է
վերացնե՛լ այն: Հայ հասարակության տականքը բազմիցս ստոր է այլազգի տականքից՝ այսպես
է ասել մեծ հայրենատեր ու
ցեղակրոն Նժդեհը: Ներկայումս հայ
ժողովուրդը դարձել է մի խառնամբոխ՝ որտեղ էլ այն լինի: Ամեն քայլափոխի խոսում են հայրենասիրությունից՝ չլինելով հայրենատեր, մեջբերում կատարում մեծագույն այրերից, նրանց
անունով երդվում հուդայաբար: Բոլորը փորձում են հասնել բարձունքի՝ միևնույն ժամանակ
անտեսելով կամ չգիտակցելով, թե որն է իրական Բարձունքը:
Բոլորը
խոսում են աստծուց, սակայն, հաջորդ վայրկյանին, ցույց տուր նրանց փողաստված ասվածին
և նրանք շատ հարմար գներով կծախեն Հայր աստվածին:
Բոլորը
խոսում են իշխանությունից և ձգտում իշխանության՝ որկրամոլաբար, իրենց ծակ աչքով: Սակայն
ոչ ոք չի գիտակցում կամ անտեսում է իրական իշխանությունը/ մարդկային կատակերգություն.../:
Հասարակության
միջից, ինչպես մայր հողից, միշտ դուրս է գալիս լպրծուն մի որդ՝ դառնալով վիշապ ու տիրելով
հասարակությանը՝ մայր հողին, երկրին՝ հետզհետե նեղացնելով նրա իրանը պիրկ գրկած շղթան:
Իսկ ի՞նչ եք կարծում, այդ որդը ինչպես է դուրս գալիս մեր միջից: Մի՞թե մենք չենք ծնու՜մ,
սնու՜մ, մեծացնու՜մ այդ լպրծուն, զզվելի կենդանուն մեր պարսավելի, վայրկենապաշտական,
հուդայական <<հայրենապաշտությամբ>> ու <<ա՜զգամեծարմամբ>>:
Մի՞թե մենք չենք նրան դարձնում վիշապ մեր նողկալի լպրծունությամբ, երբ ամեն քայլափոխի
պատրաստ ենք սրա-նրա կոշիկի կրունկները լպստել, մեծարել անմեծարելիին՝ հանուն սեփական կաշվի, երբ պատրաստ ենք վախենալ՝ դեռ չվախեցրած:
Երբ ցույց ենք տալիս մեր ներքին թշնամուն, մեր ներքին որդին, թե որքան ենք մենք անկյալ
ու պատրաստ ենք քաղցրահամ ու հասած խնձորի նման կրծվելու նրա կողմից: Այս ամենից որպես
հետևություն ես հարց եմ տալիս -լավ, իսկ ու՞ր են պատիվն ու արժանապատվությունը, որտեղ
են դրանք թաղված՝ ի շահ նեղ շահի:
Ներկայումս
ամեն ոք, եթե խիստ զբաղված չէ, չի ալարում խոսել պատվի՜ց, արժանապատվությունի՜ց: Սակայն
հարց եմ տալիս Ձեզ, պարոնա՛յք արժանապատիվներ, ինչ է Ձեր պաշտած պատիվն ու արժանապատվությունը՝
միայն սեփական կաշվին հակառակ շոյել փորձողի գլուխը կոտրե՞լը, թե… միգուցե՞ սեփական պահանջներին
հագուրդ տալով ինքնահաստատվելն ու ինքնահագենալը: Միգուցե… սեփական ընտանիքի պատիվն
ու արժանապատվությունը պահելն ու պաշտպանե՞լը:
Այո՛,
սեփական ընտանիք ունենալը, այն պահելը, պաշտպանելը, արժանապատիվ սերունդ մեծացնելը
պատվի ու արժանապատվության հարց և միանշանակ փառավոր առաքելություն է: Հայ ընտանիքում հայ տղամարդն իր
հաստատուն տեղն ունի,
սակայն անփոխարինելի
է հայուհու՝ կնոջ, հայ մոր՝ ցեղամոր դերը, որովհետև հայ մայրը, կինը հայ ընտանիքի ու
իր ամուսնու թիկունքն է, տան սյունն է
/ երանի նրան՝ ով կհանդիպի կյանքում իսկական հայուհու՝ հերոս, հզոր ու կարեկից կողակցի/: Իսկ հայրենիքը սկսվում է նոր ծնված երեխայի
ճիչն արձակելուց և ընտանիքից:
Սակայն արժանապատվությունը
երբեք չի կարող լինել ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը: Քանզի, երբ մարդը փորձում է պատիվ և արժանապատվություն բեմականացնել, ապա նա պրիմիտիվանում է, կորցնում է մարդուն հատուկ դիմագծերը: Առավել ևս հայը:
Ամեն պատեհ-անպատեհ առիթով սիրում ենք գոռոզանալ,
ինքնամեծարվել մեզ հայ հորջորջելով, իբր տեսեք-տեսե՜ք մենք այս ենք - մենք այն ենք:
Ահա ևս մեկ հարց՝ որտե՞ղ է իսկական հայը, արիացի՛ն, հեթանո՜սը, սակայն ոչ կրոնապես,
այլ կեցվածքո՛վ, կենսակերպո՛վ և գաղափարապես: Կրոնը պարզապես քաղաքականություն է՝ ստեղծված
մասսաներին ղեկավարելու և ուղղորդելու համար: Ես ամենևին չէի ուզենա լինել հեթանոս
կրոնապես, այլ պարզապես պետք է կրողը լինել հեթանոս հայի տեսակի:
Ժամանակին Բիսմարկն իր ժողովրդի մասին մի
միտք է ասել, որն հանճարեղ է իր ապրեցնելու, հզորացնելու, սեփական ազգը՛, հայրենիքը՛
և անձը հարգել պարտադրելու, որոշակի գենի պատկանելիությունը չմոռացնելու մի հասարակ,
բայց նաև յուրահատուկ հատկությամբ: Բիսմարկն ասել է. << գերմանացի ազգը պետք
է իր տեղն ունենա արևի տակ>>: Նա սրանով ամուր հենաքար դրեց իր ազգի հետագա ընթացքի
ու բարգավաճման համար:
Ես, ի սեր աստծո, ամենևին Բիսմարկը չեմ, սակայն
հարց եմ տալիս ու հարցս թող հնչի նաև որպես պատասխան. – հայ ազգն այս արևի տակ իր տեղը
ունի՞: Այո՛, ունի բայց ոչ այն կերպ ինչպես հիմա՝ մի կերպ քարշ եկող: Խղճալի է տեսնել
մի աստվածազարմ ազգի, մի մեծ Ցեղի՝ այսպես ստորացած: Ես խղճալը մեղք եմ համարում, սակայն
ներկայումս ազգս այլ զգացմունք ու հույզ չի արթնացնում իմ մեջ:
Սուրբ գիրքն ասում է. << Երանի նրանց,
ովքեր չեն տեսնի, բայց կհավատան>>: Ես ասում եմ – երանի մեզ, որ կհավատանք ու
կտեսնենք: Այո՛, պետք է կամք ունենալ, հզոր լինել՝ տեսնելու համար ազգը մեր հայոց նորոգված,
շտկված, դարերի փոշուց փյունիկի նման վերև խոյացող: Քանզի տեսնելու համար աչքերը քիչ
են՝ գործ է պետք անել, կյանքը նվիրել, սեփական անձը հայրենյաց տաճարի զոհասեղանին դնել
է մեզ պետք:
Երանի
մեզ, որ մի օր, ոչ շատ հեռու ապագայում, կարողանանք ազատվել մեր ներքին որդից, որը
բազմաթիվ դարեր խեղդած է պահում ազգը մեր հայոց վիշապի նման: Երանի մեզ, որ մեր ձեռքերով՝
Վահագնի նման, կխեղդենք մեր մեջ վիշապներ անվերջ: Սակայն մենք, քանզի այլևս մոռացել
ենք, որ մենք էլ հայ ենք, գիտենք, թե սա է ու սրան է, որ մենք արժան ենք, զորու ենք
ապրել միայն քարշ գալով՝ անվերջույթ հաշմանդամի պես և կամ էլ հույսներս պետք է հավետ
դնենք օտարի տված սայլակի վրա:
Ահա այստեղ է, որ ես կուզեի խոսել իսկապես
արժանապատվության, պատվի, մարդկայնության ու հայի մասին: Սրանք ամենքն առանձին մի մեծ
գաղափար են, սակայն իրարից ոչ բաժանելի:
Հնարավոր չէ լինել իսկապես հայ ու չունենալ
արժանապատվություն, պատիվ, մարդկայնություն: Անքակտելի հատկանիշներ են սրանք: Սակայն,
երբե՛ք, երբե՜ք հայը չի կարող հայ լինել առանց հայրենիք, առանց Հայաստան: Հայի արժանապատվության
գագաթնակետը Հայաստանն է: Ամեն հայ իր սրտում պետք է կրի Հայաստանը, չվախենա նրանից
ու ձգտի նրան, նրա մեծարմանն ու հզորացմանը:
Պետք է հավատալ հայ ցեղի հզորությանը՝ մտքի
սլացքին ու բազկի հարվածին: Պետք է հավատալ, որ ազգային վերելքը հնարավոր է միայն ինքնամաքրման
ու միասնության շնորհիվ:
Երբեք չսողալ, չլինել
հոգով խաչագող…
Լինել ազնիվ, հայրենատեր՝
գիտակցաբար, բացի Հայաստանից այլ հայրենիք չճանաչել, մնալ հայ կյանքի բոլոր ոլորտներում,
յուրաքանչյուր մթնոլորտում: Քանզի հայը լիարժեք կարող է լինել միայն Հայաստանում՝ իր
բիբլիական լեռան ստորոտին:
Երբեք թույլ չտալ որպեսզի
մաղձն ու նախանձը կտրեն հոգու թևերը, քանզի կյանքի ատամնավոր անիվը մեծ հաճույքով կտրում
է դրանք՝ զրկելով նրան թռչելու կարողությունից:
Երբեք չլինել անտարբեր
սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ՝ քանզի անտարբերությունն է մայրը ամեն դժբախտության:
Ահա այն ամենը ինչ,
ըստ իս, անհրաժեշտ է հզորության ու մեծության համար: Մեծության ազգովին: Քանզի վերջիվերջո
ապրելու իրավունք ունեն մեծերն ու հզորները: Երբեք չպիտի մոռանանք մեր անցյալը, քանզի
այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, նա չունի նաև ապագա: Իսկ ես վստահ եմ մեր ազգի
լուսե ապագային:
Комментариев нет:
Отправить комментарий