пятница, 6 марта 2015 г.

Ատոմից - աստված հասարակությունը

Աստվածները տիեզերածին էներգիան են, որից սկիզբ է առնում համայն տիեզերքը և ամեն ինչ նրանում` սկսած բարու և չարի միասնություն - հակադրությունից:
Սակայն մինչ այս մասին խոսելը, սկսենք մի պարզագույն տարրից` ատոմից:
Եթե ուսումնասիրելու լինենք ատոմը, ապա մեզ շատ բան պարզ կդառնա, շատ աստվածաբանական հարցերի պատասխաններ կարող է տալ մեկ փոքրիկ մասնիկ, որն իր բնույթով տիեզերքի մանրապատկերն է:
Ստորև կխոսեմ սրա մասին մանրակրկիտ և կնշեմ՝ ինչու եմ այդպես կարծում:
Ատոմը էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական էլեկտրոնային ամպից։ Քիմիական տարրի նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է էլեկտրամագնիսական ուժերի հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։
Եվ այսպես, ինչպես ատոմը, որն էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, այնպես էլ մարդն ըստ իս << չեզոք հումք >> է/ իսկ մի պահ պատկերացնենք, թե տիեզերքում ինչպիսի << հումքային բազա>> կա/, որի թրծումից է կախված, թե վերջնարդյունքում ինչ կստացվի: Ինչպես ատոմը, այնպես էլ մարդը ունի դրական լիցք, այսինքն, մանրամասնելով միտքս, նշեմ, որ ես հակված եմ այն տեսակետին, որ ըստ էության մարդը սկզբնապես՝ ի ծնե հակված է բարության, սակայն, կախված իրեն շրջապատող բացասական <<էլեկտրոնային ամպի>> ուժգնությունից, կարող է << կորցնել>> իր սկզբնական հատկությունները՝ միջուկում եղած դրական լիցքերը, սակայն այս պարագայում ևս միջուկի դրական լիցքը չի կորչում, այն անցում է կատարում դեպի << սառեցում>>: Սակայն կարծիք չստեղծելու համար, թե, իբր բացասական << էլեկտրոնային ամպը>> վերին ոլորտն է, պիտի նշեմ նաև, որ ոլորտները շերտ-շերտ հաջորդում են միմյանց, ինչպես սև և սպիտակ գծերը հետիոտնային անցումի վրա, ասյտեղ ամեն ինչ կապված է Իդեայի մակարդակի հետ: Եվ ինչպես ատոմն է հանդիսանում քիմիական տարրի նվազագույն մասնիկը, այնպես էլ մարդուն պետք է համարել տիեզերական զանգվածի նվազագույն բաղկացուցիչը և Տիեզերքի հատկությունների կրողը: Ինչպես էլեկտրոնային ամպն է պահվում ատոմի միջուկի շուրջը էլեկտրամագնիսական ուժերի/ լիցքերի/ հաշվին, այնպես էլ մարդն իր էներգետիկ դաշտի շնորհիվ վանում կամ ձգում է տարբեր դաշտերի տարբեր լիցքեր: Այստեղ հատկապես ուշադրություն պետք է դարձնել մարդու մտքերի վրա, քանզի միտքն էներգիայի տրանզիտացիայի միջոց / եղանակ/ է: Եվ, քանի որ համայն տիեզերական միջավայրը հանդիսանում է մեկ << մտածող>> զանգված, ապա այս հիմքից ելնելով էլ պիտի հասկանալ, թե ինչու է տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ դասավորվում գոյության ընթացքը: Եվ ինչպես միևնույն հատկանիշները կրող ատոմներն են ձևավորում մոլեկուլ, այնպես էլ մարդիկ ունենալով միանման գեներ՝ էթնիկական՝ արյունակցական, հոգեբանական, մշակութային, կենցաղավարական և այլ նմանություններ, ձևավորում են իրենց <<մոլեկուլյար հասարակությունը>>:
<<Մոլեկուլյար հասարակությունը>> գիտակցական հաջորդ ոլորտ անցնելու, այլ <<մոլեկուլյար հասարակություններից>> տարբերվելու համար իր մեջ միշտ ունենում է յուրահատուկ << ատոմներ>>, որոնք էլ ապահովում են բոլոր << ատոմների>> առանձին վերցրած և ընդհանուր առմամբ << մոլեկուլյար հասարակության>> աճն ու առաջընթացը: Հենց այս << ատոմների>> ուսերին է ընկած Իդեայի ապահովման, առաջընթացի և զարգացման հիմնական բեռը, որն էլ հիմնական հատկանշական առավելությունն ու բնորոշ գիծն է ի տարբերություն << չեզոք մասնիկների>>: Եթե չլինի Իդեան, ապա << ատոմներն>> ու << մոլեկուլյար հասարակությունը>> դատապարտված են << չեզոքացման>>:
Ինչ վերաբերվում է <<ատոմների>> թվերին այս կամ այն << մոլեկուլյար հասարակությունում>>, ապա ես հակված չեմ առանձնակի կարևորություն տալու քանակին, քանզի, ըստ էության, կարևոր է դրանց տեսակը՝ որակական հատկանիշը, այն է՝ Իդեան կրելու, համապատասխանելու և զարգացնելու կարողությունը: Սակայն ամենակարևորը Իդեան զարգացնելու կարողությունն է, քանզի, եթե << ատոմը>> ինքն իր մեջ ունենա Իդեան, սակայն չզարգացնի, << չկիսի>> այն այլ << ատոմների>> հետ, ապա այդպիսի << ատոմները>> նախ հանդես են գալիս որպես << բացասական մասնիկներ>>, քանզի Իդեան վեր չհանելը, << մոլեկուլյար հասարակության>> սեփականությունը չդարձնելն ինքնին համարվում է բացասական երևույթ, քանզի այն հատկանիշները, որոնք տրվում են << ատոմին>> դրանք չեն տրվում հենց այնպես, այլ բնատուր շնորհներ են, որոնք հղկելու և կատարելագործելու միջոցով պիտի դարձնել << մոլեկուլյար հասարակության>> սեփականությունը և ապահովել նրա առաջընթացը նախքան << չեզոք մասնիկ>> դառնալը: << Չեզոք մասնիկ>> դառնալն ինքնին չի ենթադրում իդեազուրկ դառնալ, քանզի այդ << մասնիկի>> էությունը կայանում է հենց Իդեայի մեջ, պարզապես, չեզոքանալը ենթադրում է, որ այդ << մասնիկի>> ետևից փակվում են նախորդ ոլորտի դռները՝ բացելով մեկ այլ ոլորտինը: Այս ոլորտը ես կանվանեմ << իդեալականացում>>: Այս մասին կխոսեմ հաջորդիվ, իսկ այժմ անդրադառնամ ատոմի մեկ այլ հատկանիշների խմբի:
Ատոմի միջուկը և մարդու նախասկիզբը
Ինչպես ատոմի միջուկն է կազմված դրական լիցքով պրոտոններից և չեզոք նեյտրոններից, այնպես էլ մարդն է իր մեջ կրում դրական նախասկիզբը, որը կարելի է անվանել << հակում>> կամ << տաղանդ>> որևէ բան անելու համար և չեզոք նեյտրոններ, այն է՝ աշխատասիրություն կամ դրա բացակայություն: Եթե ատոմի դեպքում պրոտոնների քանակի միջուկում համապատասխանությունը էլեկտրոնների քանակին ատոմը դարձնում է էլեկտրականապես չեզոք, ապա մարդու դեպքում նախասկզբի համապատասխան աշխատասիրության դեպքում մարդուն կարող է դարձնել անհրաժեշտ ֆիգուր, Էյդոսի կրող, հասարակության առաջնորդ։ Սակայն այստեղ պետք է հիշել բացասական էլեկտրոնային ամպը, որի ազդեցությամբ կարող է եղած նախածին հատկանիշները գործադրվել, ոչ միայն ի բարին, այլև ճիշտ հակառակը: Եվ վայ այն << մոլեկուլյար հասարակությանը>>, որտեղ նման << ատոմներն>> են գերակշռում: Այն պարագայում, երբ առկա նախասկիզբը չի կիրառվում իր նշանակությամբ, այլ գործադրվում է ի չարս ամենի, ապա այստեղ Իդեայի կրող չենք կարող համարել << ատոմին>>, այն հանգեցնում է քաոսի:
Ատոմի միջուկի և մարդու նախասկզբի կառուցվածքը
Ինչպես ատոմի միջուկի շառավիղն է մոտ 100,000 անգամ փոքր ատոմի շառավղից, այնպես էլ մարդու նախասկիզբն է փոքր մարդու չափերից, սակայն այստեղ ևս միջուկի և նախասկզբի չափերը առանձնակի նշանակություն չունեն և կարևորն այն է, թե ինչ դերակատարություն ունեն դրանք մարդու և ատոմի, իսկ ընդհանուր առմամբ << մոլեկուլյար հասարակության>> համար: Իսկ նշանակությունը նրանում է, որ առանց միջուկի և նախասկզբի այն անիմաստ գոյ է, որը << ոչնչի պիտանի չէ>>: Պատկերացնենք մի գրիչ, որը չունի միջուկ, կարող է արդյո՞ք այն կիրառվել ի համապատասխան իր նշանակության: Ո՛չ: Իսկ, եթե որևէ գործողության, որևէ արարի համար նախատեսված << դերակատար>> չի կատարում իրեն վերապահված դերը, ապա այն անպետք է:
<< Մոլեկուլյար հասարակությունից>> դեպի իդեալականացում
Ինչպես մոլեկուլի մեջ, այնպես էլ հասարակությունում ատոմն ու մարդը զարգանալով, Իդեան իրենց մեջ կրելով, զարգացնում և ապահովում են հասարակության առաջընթացը: Մարդկությունը տիեզերական համակարգում հանդես է գալիս որպես մեկ << ատոմ>>: Սակայն այդ << ատոմն>> օժտված է այնպիսի հատկանիշներով, որից կախված է ոչ միայն հասարակության այլև ամբողջ տիեզերական համակարգի առողջ զարգացումը: Ես իմ նախորդ մտքերում արդեն նշել եմ, որ տիեզերական համակարգը միասնական մի օրգանիզմ է, որտեղ կան բազում օրգաններ, որոնք անհարաժեշտ են և ապահովում են օրգանիզմի ճիշտ և բնականոն կեցությունը:
Այդ օրգանիզմի ճիշտ զարգացումն ապահովելու գլխավոր նախապայմանը միտքն է: Եթե նախասկիզբը՝ միտքը ճիշտ ուղղությամբ չի զարգանում << ատոմի>> մեջ, ապա այն հանգեցնում է քաոսի: Քաոսը մտքի ուղիղ հակառակ համեմատականն է:
Մարդը բաղկացած է երկու կարևորագույն բաղկացուցիչ մասերից՝ իդեայից և մատրիայից: Տիեզերական միասնության մեջ կարևոր է թե՛ մեկը և թե՛ մյուսը, սակայն ի տարբերություն մարդու մատերիական հատվածի Իդեան անհամեմատ կարևոր է: Իդեայի միջոցով զարգացնելով և ապահովելով հասարակության՝ << մոլեկուլյար հասարակության>> առաջընթացը, մարդն ավարտում է իր գոյության տվյալ փուլը չեզոքանալով և անցում է կատարում հաջորդ՝ իդեալականացման փուլ: Չեզոքացումից հետո այլևս մարդն իրավունք չունի ներազդելու նախկին փուլում դեպքերի զարգացման ընթացքին: Քանզի նրա համար սկսվում է մի նոր փուլ, որտեղ նա ստանձնում է այլ դերակատարություն:
Այստեղ անչափ մեծ նշանակություն ունի նախկին փուլում գրանցած ձեռքբերումներն ու թույլ տրված բացթողումները: Քանզի Իդեան կատարյալն է, մարդը գնում է դեպի այն՝ ճշմարտությունը, և, հետևաբար, չի կարող հասնել նրան առանց որոշակի փուլեր անցնելու և որոշակի ձեռքբերումներ արձանագրելու: Իդեալականացման ոլորտը կարելի է անվանել յուրատեսակ << քավարան>>, որտեղ առկա է մի հոծ իդեալականացման ոլորտի հասարակություն: Այստեղ ֆիլտրացվում է նախասկիզբը, որից հետո ձեռք են բերվում << նոր գիտելիքներ>> և մարդու իդեալիստական հատվածն անցում է կատարում դեպի բուն Իդեան: Իդեան ունի իր հասարակությունը, որն է աստվածների բազմությունը: Աստվածների հասարակությունը հանդիսանում է հասարակությունների << գլուխը>>:
Սակայն ինչպես ամեն կենդանի օրգանիզմում Տիեզերքում ևս առկա է շրջապտույտ:
Բաց է մնում միայն մեկ հարց. << Ո՞րն է Իդեայի նախասկիզբը, Իդեան չի կարող լինել ինքնածին>>:

Комментариев нет:

Отправить комментарий