суббота, 14 февраля 2015 г.

Վերադարձ արմատներին

Բոլոր սրբությունները մոռացվել են... Եվ ի՞նչ է լինելու հետո, միթե՞ պիտի արև ծագի այս համատարած խավարում: Միթե՞ մենք մի օր պիտի դուրս գանք ընդդեմ ոսոխի, առաջնապես արյունակից ոսոխի, որը թեպետ կրում է մեր արյունը, բայց անգամ մոռացել է, որ իր երակներով արյուն է հոսում, այն արյունը, որը նա շռայլորեն հեղում է իր եղբոր, իր զավակի, իրեն՝ չարաբաստիկորեն ծնողի երակներում: Միթե՞ մի օր, մի պահ թեկուզ, պիտ որոտա, պիտ կայծակէ թուր կեծակին, ջախջախելով գանգը ոսոխի: Միթե՞ մի օր մենք պիտ ասենք բա՛վ է, ախպե՜ր, հոգիս կերար ու կրծեցի՛ր, թող որ մենք էլ ապրենք հանգիստ...
Հիասթափությունն համատարած է...
Միթե՞ մեր միակ ընտրությունը չարյաց փոքրագույնն է: Միթե մենք էլ պիտ ապավինենք օտարին և ժամանակի հետ կորչենք ինչպես կորչեցին Սելևկիան, Շումերը, Մարերը, Բաբելոնը և այլ հզոր քաղաքակրթությունները... Միթե՞...
Ընտրիր Ա՛զգ, եթե դու դեռ տակավին Ազգ ես: Այլ ոչ Հայ լինելու բարձր պատիվը ոտնակոխ անող, սեփական ծնողի երեսին ցեխոտ ոտքերը մաքրող մարդակույտ, տականք ավելի քան անասունի արտաթորանքը:
Միթե՞ որկրամոլությունն այն աստիճանի կարող է կրծել մարդու հոգին, որ վերջինս աստվածացնի ու պաշտի միայն փողն ու սեփական փորը:
Միթե՞ նա մարդ է....
Պղտոր են օրերը մեր, տակավին չչորացած մեր աչքերը, արցունքի նոր կաթիլներ են գոյանում և ում ձեռքով՝ մեր իսկ ձեռքով: Վայ տամ գլխիդ հայոց աշխարհ, տականքդ ելած քեզ խեղդում է:
Վայ տամ գլխիդ հայ ժողովուրդ, որ ինքդ ես սեփական տունդ քանդում՝ հուրախություն ոսոխի:
Վիշապներդ Վահագն են քաղում...
Համատարած է խավարը, ընտրությունն է չարյաց փոքրագույնը:
Համատարած է խավարը, բայց ոչ հավիտենական:
Բոլոր սրբություններն են մոռացվել...
Վիշապներդ Վահագն են քաղում...

пятница, 6 февраля 2015 г.

Հեղինակությունների մասին

Վաղուց էի ուզում իմ տեսակետը հայտնել հեղինակությունների վերաբերյալ:
Մեր հասարակությունը մի տեսակ մոլուցք ունի հեղինակություններ ստեղծելու, ինչ որ մեկին պաշտելու, երկրպագելու, նրա առջև ծնրադրելու...
Իսկ ահա ես հեղինակություններ չեմ ճանաչում... Հենց այնպե՛ս: Հեղինակություններ մենք անկասկած ունեցել ենք և ունենք, որոնք այսօր << հեղինակազուրկ>> են:
Ես չեմ ընդունում այն բարքերը, որոնք տիրում են մեր հասարակության մեջ՝ այդ ժանտախտն իմ հոգին չի կրծել:
Արդարև, ամբողջ սրտով կամենում եմ բոլորիդ՝ կյանքում, սեփական ուղեղի առկայության դեպքում, առաջնորդվել դրանով, եթե չկա՝ հոգատար անձանց խորհուրդներով: Երբեք ոչ ոքու կուռք չդարձնել, լինել այնքան ուժեղ, որպեսզի ուժ ունենաք լինելու արդարամիտ, ազնիվ՝ հզոր:
Եվ վերջում՝ քաջ նազարն էլ էր հեղինակություն, հավատացնելով բոլորին, թե ինքն է միակ հզորն ու անբեկանելին:

Հիշե՛ք

Բարու կայացմանն ուղղված առաքելության մեջ երկրորդական մարդիկ չեն լինում: Բոլորն են անհատականություն: Հրամանատարից մինչև զինվոր անհատականություն են: Քանզի վերջիններս հասկանում են, որ արդարության ճամփան փշոտ է ու քարոտ, սակայն նրանք չեն երկնչում, գիտակցաբար նետվում են մարտի՝ հանուն բարու հաղթանակի:
Այդ չարն է, որ անհատականություն չի ճանաչում, այդ չարն է, որ ստիպում է ծառայել իրեն, ի պատիվ իրեն: Այդ չարն է, որ եսամոլության տռփանքի մեջ տենդում է: Չարի վախճանն անտարակույս է, լինի այսօ՛ր, վաղը՛ թե մե՛կ դար հետո: