четверг, 9 апреля 2015 г.

Ամեն ինչ լավ է լինում, երբ լինում է ժամանակին...

Ամեն ինչ լավ է լինում, երբ լինում է ժամանակին...
Մարդն էլ երևի ժամանակին պիտի հասունանա...
Թեպետ ես երբեք կեցությամբ գիտակցությունը որոշելու կողմնակիցը չեմ եղել և չեմ լինի, սակայն, մի մեծ ՀԱ՛ՐՑ:
Բոլորը, ով տեղից կանգնում է, մեղադրում է ժողովրդին: Մեր ժողովուրդը դարձել է ծերանոցում հայտնված անօգնական մարդ, որին հազար ու մի անհայտ ծագման արարած անարգում է, քացի է տալիս: Անարժան ժառանգի նման բոլորն իրենց ծնող ժողովրդին.... սիրտս չի տալիս շարունակեմ... Ախր հասկացե՛ք, գիտակցե՛ք, մա՜րդ արարածներ, էս խեղճ ժողովուրդն ումից ա ինչ լավ բան տեսել, ով ա էս ժողովրդի մասին հոգացել, մի լավ բան արել: Մեր Հայաստանն եք ծերանոց սարքել ու որբանոց այ որբեր...
Չկա գաղափարական հենք, չկա առաջնորդ...
ՆԵՂ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ-ՎԵՐԱԶԳԱՅԻՆ միությունների ծրագրերն իրականանում են: Դրանք մոտ են իրենց հանգուցալուծմանը: Բոլորս գնում ենք դեպի կործանում:
Հարց տվեք ամենքդ ձեզ, մինչ դիմացինին մեղադրելը, ի՞նչ եք դուք արել:
Պայքարելու համար լացելն ամենավատ միջոցն է, չգործող միջոցն է:
Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ պայքարել:
Պայքարը մեր միակ ելքն է ստեղծված վիճակից: Սակայն ես երբեք կողմ չեմ կարող լինել այն պայքարին, որը չունի կոորդինացվածություն, չունի ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ վրա հիմնված գաղափարական պայքարի, քաղաքականության հատկանիշներ:
Ինձ համար հեղափոխականի վառ օրինակ, Բևեռային աստղ է Ֆիդել Կաստրոն:
Իրական հեղափոխական մարտիկ, առաջնորդ լինելու համար Կաստրո պետք է լինել, իսկ նա, ով կասի, թե Կաստրո լինել, ամենքը չի կարող, ես կհակադարձեմ, որ ամենքը չէ, որ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄԱՐՏԻԿ կարող է լինել...
Հ. Գ. Ժողովրդին մի մեղադրեք, ժողովրդին մի անարգեք, նրան ծերանոց մի ուղարկեք, որբանոց մի ուղարկեք, այլ հանեք նման վիճակից: Նա ձերն է, դուք նրանը, որքան էլ վատը կամ լավը լինեք: Մենք բոլորս ենք ժողովրդի հանդեպ անառակ որդի, սակայն մենք ունենք մեր հետդարձի ուղին:

пятница, 3 апреля 2015 г.

Ցավոք ցինիկ ենք...



Մեր ցավը մեր աչքից հանում,
Ու գռեհկությամբ մյուս աչքն ենք կոխո՛ւմ,
Պղծելով մարմինը հայո՛ց մեծ ցավի,
Անլո՜ւռ մեր հիշատակի, հայո՛ց աշխարհի,
Հասարա՛կ հայի, տանջվա՛ծ հայի, պայքարո՜ղ հայի:
Իսկ ամենից վեր` մենք մի՜տքն ենք պղծում,
Տեսա՜կը՝ ցնքնած բորենիներո՛վ,
Բորոտո՛վ լցնում, ու ապականվո՜ւմ...
Ի՞նչ ենք մենք ընկել մեր տանջված ջանին,
Ի՞նչ ենք մենք ուզում մեր սուրբ հուշերից,
Մագաղա՜թ դարձած, մորթված մեր ու մանուկի՜ց,
Ահել-ջահելի՜ց, հերո՛ս հայդուկից,
Մեր կույս հարսների սո՛ւրբ հիշատակից,
Ու մե՛ր Զոհրապից` մտավորական մե՜ծ օրենսգետից՝
Բազում մտքերի գոհար բեղուն մեր գետի՛ց,
Մե՛ր Վարուժանից, Սիամանթոյից մեր արդարամիտ
Ու Կոմիտասի՜ց խելագար դարձած անճար հանճարից,
Ի՞նչ ենք մենք ուզում ինքներս մեզնից,
Ու թե ուզում ենք, ա՞յս է ուզածը մեր մեջ օվկիանված,
Ա՞յս է ընթացքը հավերժ ճամփորդի…
Էլ ես ի՜նչ ասեմ, էլ ինչպե՞ս ասեմ,
Որ բա՛վ է, բա՛վ է, բա՜վ է այսպես մենք ապրենք,
Շա՛ն նման իրար ոսկոր մենք կրծենք,
Բա՜վ է սիրելի իմ հայ ժողովուրդ:
Բա՜վ է գոհարից ու ադամանդից, թանկարժեք զարդից
Դու ձթի կտոր, երկաթե շղթա քեզ համար դառնաս,
Ի՛նքդ շղթայվես ու քեզ ինքնախեղդ անես քո՛ ձեռքով:
Դու գոտեպնդվի՛ր, հասկացիր մի բա՛ն,
Այն ինչ որ ունես՝ քո՛նն է, իմացի՛ր,
Ինչ էլ որ չունես կամ, թե կորցրե՜լ ես՝
Դու դեռ կգտնես, դու դեռ կհառնե՜ս
Մոխիրի միջից, դու դեռ կբացվե՜ս
Ու կտարածվես հանց զմրո՜ւխտ այգի,
Դրախտի այգի՝ դրա՜խտ երկրում:
Չարն է քեզ ստիպում իրանդ ճկել,
Սակայն մենք գիտենք ամենից հզոր
Չարին էլ հաղթել,
Հայկյան աղեղով սուր նետ արձակել,
Բելերին խոցել, գետնին տապալել՝
Ինչքան էլ հզոր թշնամին լինի:
Թե ապրել կուզես, հոգիդ մի՛ մեռցուր,
Տաղանդիդ ձայնին դու ականջալո՛ւր,
Սրտիդ զարկերով ապագադ կռի՛ր,
Անցյալ ու ներկա ավեր-դավերդ
Ու բյուր ցավերդ մաշկիցդ քերթի՜ր,
Քո քաջ արիաց ձեռքով մաքրվի՛ր,
Ու էլ մի լացիր ու մի էլ կոծի՛ր,
Ու նորեն դու թարմ ասպարեզ իջի՛ր,
Այս սֆինքսաշուրթ ( Հ.Շ.) աշխարհին գերի՜ր
Ու դյութի՛ր, մարդասիրության ու մարդկայնության
Դասեր ընծայի՛ր ու հավետ ապրիր այնչա՜փ գեղեցիկ,
Որչափ որ գիտի իմ սիրող սիրտը չքնա՜ղ հայրենիք:

четверг, 2 апреля 2015 г.

Զարգացում և առաջընթաց


Թեպետ ես այնպիսին-ինչպիսին կամ <<պետք չեմ>> արդի հայ իրականությանը, սակայն ինձ պետք է վաղվա լուսավոր Հայաստանը և դրա համար ես պետք է մտածեմ այսօր:
Հ. Խաչատրյան
Հասարակ ժողովրդին, այնուամենայնիվ, պետք չէ մեղադրել գրեթե ոչնչում: Քանզի հասարակ հայը չի ունեցել այն անհրաժեշտ ժամանակը վերջին յոթ հարյուրամյակների ընթացքում, որպեսզի ձևավորեր պետական կենտրոնաձիգ գաղափարախոսություն, կենսակերպ: Պետությունը ընկալվել է ընտանիքից-համայնք ուղղաձիգում: Իրականացվել է անհրաժեշտ նվազագույնը՝ հային հայ պահելու, սեփական հողին ամուր մնալն ապահովելու քաղաքականությունը և այն էլ ոչ լիարժեք / ինչը, թերևս, ներկա պետական կարգի և իրականության պայմաններում չի էլ իրականացվում պետական մակարդակով/:
Ինչպես գիտենք ազգերին ու ժողովուրդներին առաջ մղող կորիզը էլիտան է: Ահա այս միջուկն է, որն իր շուրջը պետք է պտտեցնի մագնիսական ուժի շնորհիվ արբանյակ ժողովրդին, ազգին:
Մենք ունեցել ենք կարկառուն մտավորականներ, գիտնականներ, իմաստասերներ: Սակայն, ըստ իս, տարբեր ժամանակներում այդ <<աստղաբույլը>> կա՛մ հնարավորություն չի ունեցել ձևավորելու կուռ միջուկ՝ էլիտա, որը կարող էր հանդես գալ միասնականորեն տարբեր ճակատներում կա՛մ առաջնորդվելով նեղ անձնական շահերով, հանդիսանալով այլոց խամաճիկը՝ չի դարձել իրական էլիտա:
Այստեղ կուզեի մի միտք արտահայտել, համաձայն որի դավաճան է այն մարդը, որը վեր է դասում սեփական շահը պետական, ընդհանուր, ազգային շահից:
Փիլիսոփայության մեջ կա տեսակետ, որ ոչինչ ու ոչ ոք հենց այնպես չի ծնվում, ապրում ու մահանում: Հետևապես, ամեն ոք ընդհանուրի և աստվածային օրենքի առջև ունի իր պատասխանատվության չափաբաժինը:
 Ու հենց այս մտքից հետևելով պետք է հասկանալ, որ.
1. մարդիկ չեն ծնվում հավասար ունակություններով,
2. մարդիկ չունեն միևնույն նպատակները,
3. նրանք չեն անցնում նույն կյանքի ճանապարհը, անգամ, եթե նույն ընտանիքի զավակներ են,
4. նրանք չունեն նույն հոգեկերտվածքը և պահանջմունքները,
5. հասարակության մեջ յուրաքանչյուր ոք ունի իր տեղն ու դիրքը:
Եվ այս ամենից հետևություն անելով, մեզ պետք է.
1. Ձևավորել իրական էլիտա՝ համապատասխան մեխանիզմներով/ էլիտային պետք է պատկանի պետության կառավարման ղեկը/:
2. Ձևավորել բանվոր դասակարգ, սպասարկող անձնակազմ և գյուղատնտեսություն     / պետք է իրապես հարգվի ու ապահովվի հասարակ քաղաքացու՝ լինի նա բանվոր, թե գյուղացի, անհրաժեշտ և բավարար իրավունքներն ու պահանջմունքները՝ ապահովելով նրա գիտակրթական և մշակութային զարգացումն ու հասարակությունում դիրքի ամրապնդումն ու առաջընթացը/:
3. Պետք է ապահովվի մանկանց հայրենասիրական, բարձր մշակութային և ազգային արժեքներով դաստիարակությունն ու հասունացումը:
4. Պետք է ապահովվի երիտասարդությանը ազգակենտրոն կրթությունն ու ժամանցի կազմակերպումը:
5. Հայ ընտանիքն ու հայոց պետությունը պետք է լինեն հայ մարդու իդեալները, որոնց պահպանմանն ու կայացմանը պետք է ձգտի ու իր կյանքը ներդնի վերջինս՝ ամենքն իր տեղում, արժանապատվորեն:
6. Ամեն ոք ունի խղճի ու մտքի ազատություն, սա անհերքելի փաստ է, սակայն հայոց կրոնը պետք է լինի հայ էթնոսը՝ Ցեղը, որին ձգտելու է յուրաքանչյուր հայ և ցեղորեն հայը դառնալու է էլիտա համայն մարդկության համար, հայը դարձի է գալու:
Այս ամենն ապահովելու համար մեզ պետք է.
1. Մտավոր ռեսուրսների գնահատում, քանզի բոլոր ռեսուրսների մեջ գերապատվելին ու ամենաարդյունավետը մարդկային ռեսուրսն է, որը մեզ գենետիկորեն այդչափ շռայլված է:
2. Մարդկային ռեսուրսների կենտրոնացում և համակարգայնացում՝ կոորդինացում:
3. Ունեցած կոորդինացված մտավոր ռեսուրսներով՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված, հայկական պետության և աշխարհասփյուռ հայության խնդիրների լուծում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պլանավորված, կետային, ռազմավարական խնդիրներին:
4. Նախորդ կետի իրականացումն ապահովելու համար օգտագործել բոլոր ռեսուրսները՝ հումքային, գիտական, մշակութային և այլն:
5. Առանցքային խնդիր համարել հասարակության բոլոր շերտերի անհրաժեշտ և լրացուցիչ սոցիալ-տնտեսական բազայի ապահովումը:
Ըմբռնելով հայկական ներկա իրականությունը և դրան համադրելով մեր ներուժը, ես համարում եմ այս ամենի իրականացումը ՌԵԱԼ:  
Հայի խնդիրը մշտապես եղել է որակի ապահովումն ու որակապես հաղթանակ տանելը: Հային պահող ուժը եղել է նրա որակյալ գենը, որը երբեք, պատմական ոչ մի հոլովույթում չի կորցրել իր առանձնահատկությունն ու եզակիությունը:
Ինչպես հրաբուխ, քնած գենն էլ արթնանալու հատկություն ունի և այդ ժամանակ իր ճանապարհին կարող է սրբել ամեն չարիք՝ ցանելով ծաղիկ:
Այժմ էլ շարունակվում է Հայկի պայքարը Բել-Բաալ-Բաաղի դեմ: Այդ պայքարը սկսվեց հազարամյակներ առաջ և որոշ դադարներով շարունակվում է առ այսօր:
Հայն այս երկրագնդի աղն է, պետք է դառնա նաև մաղը: Հաղթանակն ու լուսավոր ապագան մշտարթուն հայինն է:

Եվ ուրեմն չխուսափենք պայքարից, այլապես ուշ կլինի: