среда, 23 января 2019 г.

Սիրո և ատելության արանքում


Սիրո և ատելության արանքում
Սիրում եմ կյանքը
Սակայն ատում եմ չպատճառաբանված գոյությունը միշտ,
Սիրում եմ նաև ծաղիկներն անչափ՝ գույնզգո՜ւյն, պայծա՜ռ,
Սակայն առավել վա՛րդն եմ նախընտրում,
Քանզի փուշ ունի նա իր փեշի տակ՝
Անթիվ դաշույններ,
Քանզի ապրում է նա նախևառաջ
Հենց իրեն համար,
Ինքն իր նկատմամբ տածած հարգանքով,
Նա զենք ունի կապած՝ պաշտպանվելու,
Քանզի սիրում է կյանքն այս անչափ,
Սակայն ատում է մարտիրոսվելու
մտքով ապրելը:
Սիրում եմ անչափ ես գիր-գրականություն,
Արվեստն ինձ համար մի Օլիմպո՛ս է,
Արարա՜տ է այն մի բիբլիական,
Սակայն ատում եմ,
Երբ մարդիկ գրում, կարդում ու ստեղծում են
Ոչ նախևառաջ հենց իրենց համար:
Սիրում եմ խոսքը, երբ հագեցած է՝ ասելիք ունի,
Սակայն ատում եմ, երբ այն հնչում է
Ոչ մարդու ներսում կուտակված միտքն արտահայտելու, Նրա թախիծն ու վի՛շտը,
Ի՛ղձը, երազանքն ու ձգտումներն արտահայտելու,
Այլ այն հնչում է ի՜նչ-որ մեկ անձի
Բարձր հովանյալ բարեհաճությանը
Չպատճառաբանված կամ էլ հենց լա՛վ էլ Պատճառաբանված արժանանալու համար:
Սիրում եմ միտքը, ես իմաստնությանը ակնածանքով եմ Միշտ վերաբերվում,
Սակայն ատում եմ, երբ մարդ մտածում է, քանզի... Այդպես սիրո՜ւն է,
Ատում եմ նաև ամեն ուղղորդված բան,
Քանզի պաշտում եմ, անչափ հարգում եմ, երբ մարդ գործո՛ւմ է, մտածո՛ւմ, ստեղծո՛ւմ, ու... գեղեցկանում՝
Գիտակցված, առանց ուղղորդման:
Սիրում եմ ես նաև ժամանակը,
Անմահությունը նրա ընթացքի...
Սակայն ատո՜ւմ եմ մրցավազքը զույգ սլաքների,
Քանզի ապրելու ու արարելու
Անմահություն մեզ ընծայելու տեղ
Անվերջ ասում են ու զույգ շեշտի պես
Փայտփորիկաբար անվերջ կտցում են՝
Շտապի՜ր, ուշացա՜ր, ի՞նչ եղար, չկա՜ս,
Այդպես զրկելով մարդուն
Մարդավարի ապրելու անհաս բերկրանքից,
Զրկում են մարդուն հենց իրենից՝ մարդուց:
Սիրում եմ կյանքը,
Սակայն ատում եմ անչա՜փ
Չպատճառաբանված գոյությունը միշտ: