среда, 1 апреля 2015 г.

Այս ինչի՞ց սկսվեց



Ասում են, հնում, նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, Արաբական թերակղզուց մի արաբ է գալիս Հայաստան՝ տեսնելու հայոց կենցաղավարությունը: Անցնում է մի քանի տարի և այս արաբը զարմացած հարցնում է, թե ուր են ոստիկանները, ինչու՞ հայերը ոստիկաններ չունեն: Տեղի բնակչությունը պատասխանում է զարմացած. << Մեր ինչին են պետք ոստիկանները, նրանք ինչ կարող են անել>>: Արաբն ասում է, որ ոստիկանները պիտի լինեն, որպեսզի կարգ ու կանոն հաստատեն, պահեն, գողերին հետապնդեն, մարդասպաններին բռնեն և այլն: Բնակչությունը հակադարձելով ասում է. << Բայց ախր մենք ոչ գող ունենք, ոչ մարդասպան և ոչ այլ հանցագործներ: Ինչպես կարող է մարդը թալանել իր եղբորը, ինչպե՞ս կարող է մարդը հեղել իր իսկ արյունը՝ իր եղբոր ու քրոջ արյունը>>:
Անցնում է որոշ ժամանակ և այս արաբը կրկին զարմացած հարցնում է, թե ուր են հարկահանները: Իսկ հայերն իրենց հերթին հարցնում են, թե ի՞նչ է հարկահանը, նա, որ լինի, ի՞նչ պիտի անի: Արաբը շարունակում է. << Հարկահանը հավաքում է բոլոր հարկերը և փոխանցում արքունական գանձարան>>: Հայերն այս անգամ տալիս են ավելի հետաքրքիր մի պատասխան. << Բայց մեր ինչի՞ն են պետք հարկահանները, միթե՞ մենք չենք գիտակցում, որ մեր ստացած բերքի մի մասը պիտի տանք արքային, որպեսզի նա կարողանա հզոր պահել երկիրը, հոգ տանի մեր ընկած՝ հաշմանդամ և խնամքի կարիք ունեցող մեծերի նկատմամբ>>: Արաբն ավելի է զարմանում այս պատասխանից:
Անցնում է մի առ ժամանակ ևս, և արդեն չկարողանալով խոսքեր գտնել հայերի կենցաղավարության մասին, արաբը տալիս է մի ուրիշ հարց ևս. << Այդ ինչպե՞ս է, որ դուք չունեք իշանավորներ, վերակացուներ>>: Եվ ստանում ավելի հիասքանչ պատասխան.           << Բայց ի՞նչ ենք անում վերկացուներն ու իշխանավորները, երբ մենք ինքներս գիտակցում ենք, որ մեր երկրի զավակն ենք, պիտի միասնական լինենք ու աշխատենք ի բարօրություն մեր երկրի>>:
Ասում են, արաբն այդպես էլ ապշած գնում է Հայաստանից:
Անցնում են տարիներ, դարեր ու հազարամյակներ…
Մեր օրեր, ոչ այնքան վարդագույն ու հուսադրող մի տեսարան…
…Մարդիկ սովալլուկ, թալանչի, խաբող, քցող ու քծնող, անազնիվ ու սրիկա, լպիրշ ու պառակատող ու պառակտված: Բազում թշնամիներ ու հայատյաց հայեր:
Ազնվությունը, բարեպաշտությունը և մարդկային այլ հատկանիշները դարձել են անցյալի մնացուկ, այժմ ամոթ է համարվում չանել այն ամենը, ինչն առաջ անելն էր համարվում ամոթ:
Արժեհամակարգ է փոխվել, փչացել, մոլեռանդորեն գնում… գահավիժում ենք դեպի դեգրադացիա:
Բոլորը էլեկտրոնների ու պրոտոնների նման քաոսային շարժման մեջ բողոքում, թշնամանում, իրար արյուն հորդեցնելուց չեն հոգնում, արնախումի նման արյան գույնից ավելի են կատաղում ու էլ ավել, առավե՜լ արյուն են տենչում՝ միմյանց խողխողում:
 Էնպիսի մի փի՛ս բնավորություն ենք ձեռք բերել՝ մոռացել ենք, թե ո՜վ ենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում, մոռացել ենք, թե ինչու ենք ապրում: Մի գլուխ գլուխ ենք գովում, պարծենում, ամեն մի փուչ բանը դիմացինի աչքն ենք կոխում, թե բա - Տե՛ս, ես քեզանից շատ այսի՜նչն ունեմ, այնի՜նչն ունեմ, ուրեմն ես քեզանից լավ մարդ եմ: Մարդիկ ունեն ամեն ին, բայց և չունեն ոչինչ: Ինչքը դարձել է կյանքի իմաստը, մարդկանց աստվածը, մարդիկ միջոց, իսկ միջոցը՝ նպատակ է դարձել: Որկրամոլ ենք, զոռո՜վ հո չի:
<< Փորս պաշտե՜մ, փորից էն կողմ՝ զավակ չունեմ>>:
Երանի՜, ա՜խ հազար երանի, լիներ մեկը՛, դեմ դուրս գար խոհերիս ու հակառակն ապացուցեր…
 Լավ այս կյանքից ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ենք փնտրում մենք այս հողագնդի վրա, իսկ գուցե կյանքը, հայրենիքը, հայրենի օջախը մեզ հետ կապված ծրագրեր ունեն, գուցե՞ հենց այնպես չենք ծնվել: Գուցե մենք լինելով մարդկության պատմության մեջ մի հյուլե կամ մի թրթուր, այնքան էլ փոքր դերակատարություն պիտի չունենանք, որքան կարծում ենք:
Ամեն մի թրթուր իրավունք ունի վերաճելու մի գեղեցիկ թիթեռի, բայց ամեն թրթուր չէ, որ թիթեռ է դառնում, թրթուր կա դեպ ճիճվություն է գնում:
Գուցե հենց մեզանից է կախված վաղվա բացվող արշալույսը, և որքան շուտ թմբիրից ելնենք այնքան շուտ կողջունենք << նոր օրը>>: Գուցե՞… Էլ ի՞նչ գուցե՜, հաստա՛տ գիտեմ, հենց այդպե՛ս է, ա՛յդ է որ կա…
Է՜հ, ո՞ւմն ես ասում, բոլորը տարված են իրենց քաոսային անիմաստ ու աննպատակ շարժումով:
Այս ինչի՞ց սկսվեց…

Комментариев нет:

Отправить комментарий