среда, 1 апреля 2015 г.

Ժողովրդավարություն – քաոս


Մեր օրերում, երբ ազատ խոսքն, իրավամբ, համարվում է մարդու անքակտելի և առաջնային իրավունքներից մեկը, չափազանց մեծ կարևորություն ունի / թերևս այդպես եղել է նաև մարդկության պատմության նախկին փուլերում/ խոսքի որակը, իմաստը, դրա նյութը, ուղղվածությունը, էությունը: Բայց դրա նշանակությունն առավել մեծ է մեր օրերում, երբ առկա են մարդկությանը նետված բազում ակնհայտ և ստվերային մարտահրավերներ: Սակայն, մինչ առաջ անցնելը, մի փոքրիկ դրվագով անդրադառնամ ազատություն – ամենաթողություն երևույթին: Հաճախ ազատ խոսքը խեղաթյուրվում և վերածվում է ամենաթողության: Ազատ խոսքը << մեծ հակում ունի>> վերածվելու ամենաթողության, երբ << ազատ խոսում են>> պատեհապաշտները, որոշակի նեղ անձնական շահեր հետապնդողները, պրովոկատորները և նման կատեգորիայի այլ՝ սահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող կամ խորամանկ անձինք: Հասարակական հարաբերությունների առավել բարդ, ինստիտուցիոնալ կառուցվածք և բնույթ ունեցող հարաբերություններում հազվադեպ կարելի է հանդիպել ամենաթողության: Թեպետ հետամնաց երկրներում այն շարունակում է հանդիսանալ հասարակական-պետական հարաբերությունների ձևավորման և զարգացման  լայնորեն տարածված գործիք՝ մեթոդ: Ամենաթողությունն այն է, երբ << կարելի է>> ասել ամեն ինչ և ամենքին՝ հաճախ առանց վայրկյան իսկ հասկանալու, թե ինչ է ասվում, այդ խոսքին չի տրվում ոչ իմաստ, ոչ առանձնահատուկ էություն և ոչ էլ արտահայտման որակ: Այսպիսի խոսքը ունի մեն մի նպատակ՝ խոցել դիմացինին՝ հասնելով որոշակի /տվյալ անձի համար/ ակնկալիքների: Այսպիսի խոսքը մենք պայմանականորեն կանվանենք խոցող նյութ:
Խոսքի հաջորդ տեսակը <<քողարկված>> խոսքն է: Քողարկված խոսքը կիրառելիս որոշակի նյութի տակ կարող են դրվել բոլորովին այլ հասկացություններ, որոնք առարկայական դառնալու լուրջ հավակնություններ ունեն և որոնք նկատելն ու հասկանալը հասարակության լայն շերտերի համար՝ կախված նրանց կրթական, գիտական, մասնագիտական գիտելիքներից՝ անհնար կամ դժվար իրականացնելի են:
Քողարկված խոսքն ի տարբերություն խոցող խոսքի ունի առավել լայն կիրառման շրջանակ, նշանակություն և էություն: Իսկ ամենամեծ տարբերությունը կայանում է նրանում, որ քողարկված խոսքը ոչ մի պարագայում չի կարելի համարել ամենաթողություն: Քողարկված խոսքը, չնայած չի ասոցացվում խոցող խոսքի հետ, սակայն այն ունի վտանգավորության անհամեմատելիորեն մեծ ոլորտ: Նրա ոլորտի մեջ հաճախ մտնում են երկրները, ազգերը, ժողովուրդները, էթնիկական տարբեր խմբավորումներ, միավորումներ՝ ծայրահեղական կամ այլ տարբեր խաղաղ ծրագրեր իրականացնող կազմակերպություններ:
Քողարկված խոսքն այսօր հաճախ կիրառվում է ներպետական և աշխարհաքաղաքական խաղերի լայն շրջանակներում: Հասկանալով քողարկված խոսքի բնույթը, առարկան և ուղղվածությունը՝ կարելի է հեշտորեն կանխատեսել այն արտահայտող անձանց կամ քաղաքական սուբյեկտների հետապնդած նպատակները և կատարելիք քայլերը:
Ահա այս համատեքստում մենք կանդրադառնանք ժողովրդավարություն երևույթին, դրա նշանակությանը, անհրաժեշտությանը և վտանգավորությանը:

Դեմոսը և կրատոսը ( Ժողովուրդը և իշխանությունը)
Մարդկանց տվել են մի գործիք, մի միտք, մի երազ ժողովրդավարություն անվամբ, որը ամենևին այն չէ, ինչ նրանց պետք է: Ժողովրդավարությունը տանում է դեպի փակուղի, դեպի նորանոր հարցեր, որոնք առկա փակուղում պատասխան չեն ունենալու, իսկ մարդկությունը փակուղու մեջ անէանալու է:
Ժողովուրդը մարդկանց համախումբ է, որի անդամներն ունեն իրենց առանձին նպատակները, սակայն գիտակցաբար ու անգիտակցորեն մնում են մեկ հանրույթի մեջ, հասկանալով << մութ անտառում մենակ մնալու վտանգը>>: Ժողովուրդն ունի կազմակերպվածության որոշակի մակարդակ և ձևավորում է հասարակության քիչ թե շատ գիտակցական զանգվածը: Այն անցել է կազմավորման պատմական լայն ժամանակաշրջան՝ ամբոխից վերածվելով միասնական կուռ համակարգի: Ժողովուրդը մարդկանց համախումբի մեջ միայն մի օղակ է, որն ունի իր նախորդող և հաջորդող փուլերը:
Ժողովրդին նախորդող օղակն ամբոխն է, հաջորդողը՝ ազգը, այնուհետև Ցեղը:
Ստորև կքննարկենք այս համախումբերն առանձին-առանձին:

Ամբոխ
Ամբոխի հատկանշական գծերից են էքստրեմալությունը, քաոսայնությունը, սեփական արարքների համար պատասխան տալու հատկություն չունենալը, ինտելեկտուալ ցածր մակարդակը, արտաքնապես չկառավարվող, իսկ ստվերայնորեն որոշակի կենտրոնի կողմից խիստ որոշակի շահերի, նպատակների համար ղեկավարվող, բարձր ու սխալ ակտիվություն ցուցաբերող, ավերիչ հատկություն ունեցող մի մարդազանգված է, որը ունակ չէ բարձր արժեքներ ստեղծելու: Նրա միակ նշանակությունը ավերածություններն ու անգիտակցաբար որոշակի տիրոջը ծառայելն է, որը որոշակի ժամանակահատված հետո դառնում է գիտակցական՝ բնազդայինից դուրս գալով նոր հարթություն:
 Ամբոխին դեպի մասսայական ավերածություններ առաջնորդելու ազդակ կարող են լինել նյութական գործոնները, ցածր գաղափարները, որոնք նույնպես կապված են նյութական պահանջների բավարարման խոստումների հետ: Ամբոխին երբեք չի կարող հասու լինել         << բարձր ինտելեկտուալ արժեք>> հասկացությունը, թերևս, ամբոխին կառավարելու համար այն անհրաժեշտ էլ չէ: Ամբոխը նման է քաղցից կուրացած գայլերի կատաղի ոհմակի, որոնք կարող են հոշոտել միմյանց ևս: Մարդկանց ամբոխայնացման նպատակներից կարող է հանդիսանալ նաև մարդկանց տկարամտացումը, ինքնամեկուսացումը, պատմական հիշողության անտեսումը և կորուստը, վերջնարդյունքում՝ ինքնաոչնչացումը:
Ժողովուրդ
Ժողովուրդը ամբոխի նկատմամբ ունի մի շարք հատկանշական տարբերություններ: Դրանք են.
1. Ինտելեկտուալ՝ գիտակցական առավել բարձր մակարդակը,
2. Ղեկավարվելու գործում նվազ << պիտանիությունը>>,
3. Պասիվությունը,
4. Ժողովուրդը հումք է, որից՝ կախված << հունցողից>>, ամեն ինչ կարելի է ստանալ:
5. Ժողովուրդը կարող է գնալ կամ ավելի վեր և վերաճել ազգի կամ անկում ապրել և վերածվել ամբոխի, վերջնարդյունքում հանգելով ինքնաոչնչացման:
6. Ժողովրդին առավել դժվար է << սնել>> կեղծ գաղափարներով և դրանցով առաջնորդելով ու շահագրգռելով << հացի փշրանքներով>> տանել մասսայական ցնցումների: Սա նշանակում է, որ որքան էլ ժողովուրդը լինի հումք, բայց, այնուամենայնիվ, այդ հումքից որոշակի << արտադրանք>> ստանալու համար աշխատանք պետք է կատարել: Ստեղծել        << հաստոցներ>>, << արտադրամասեր>>, << արհմիություններ>>:
Կան երկրներ, որտեղ արտաքնապես առկա է ժողովուրդ, սակայն իրականում գերիշխող զանգված է ամբոխը: Այստեղ գործ ունենք ամբոխավարության հետ:
Ամբոխավարության մասին խոսվեց վերը: Այժմ շարադրենք դրա հասկացությունը:
Ամբոխավարության հետ գործ ունենք այն դեպքում, երբ անտեսված են մարդկային բոլոր իրավունքներն ու հնարավորությունները, մարդն իջեցվում է ցածր՝ անասնական մակարդակի և ղեկավարվում խիստ որոշակի անձանց կողմից՝ նեղ կլանային շահերի համար:
Արդարորեն << մշակման>> դեպքում ժողովուրդը կարող է << ծաղկել>> և դառնալ ազգ: Իսկ ազգի մասին կխոսենք ստորև:

Ազգ
Ազգը մարդկանց համատեղ, մասսայական զարգացման հաջորդ փուլն է: Ազգը վեր է կանգնած թե՛ ժողովրդից և թե՛ ամբոխից: Այն այլևս << պատրաստի արտադրանք է>>, որն ունի իր ուրույն հատկանիշները: Դրանք են.
1. Ազգի բարձր գիտակացական մակարդակը,
2. Այդ գիտակցական մակարդակի մեջ միջուկը հանդիսանում է ինքնաճանաչողությունը, որը, սակայն, լիարժեք չէ:
3. Ազգին առաջնորդել կարելի է միայն բարձր գաղափարախոսություններով՝ հայրենասիրական քայլերով, ինքնանվիրման, բոլորը՝ մեկի և մեկը՝ բոլորի, գլխավոր նպատակի մասին պատկերացումներով: Առաջնորդը միշտ պետք է սեփական օրինակով իր հետևից տանի ազգին:
4. Նյութականացվածությունը մղված է հետին պլան, հանրությունը գլխավորապես գնում է իդեալականացման ուղով:
5. Արթուն է պատմական հիշողությունը, առկա է անցյալից դասեր քաղելու, ներկայում այդ դասերը առարկայացնելու և առկա << սպիերը>> լավացնելու, ապագա սերունդների համար լավագույն ժառանգություն թողնելու քաղաքական կամք և այդ կամքի վրա հիմնված գործնական քայլեր:
6. Ազգի նպատակն է անցումը Ցեղային համակարգին:
7. Ազգին ևս հնարավոր է << փչացնել>> աստիճանաբար իջեցնելով ժողովրդի, այնուհետև ամբոխի կարգավիճակի: Սա կատարվում է ազգին որպես << պատրաստի արտադրանքի>> վրա տարբեր բացասական << ներարկումների>> միջոցով:
Ազգի՝ մարդ տեսակի՝ բարձր մշակութային, գենետիկ, քաղաքակրթական արժեքների կրողի միակ փրկությունը ցեղայնացումն է:

Ցեղ
Ի՞նչ է Ցեղը: Ցեղը գագաթնակետն է: Ցեղի մասին տարբեր մտածողների կողմից տրվել են տարբեր, բայց և միևնույն ժամանակ իր գլխավոր հատկանիշներով նույնական պատկերացումներ, բնորոշումներ: Ցեղին առավել մանրակրկիտ անդրադարձ կատարել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Տեր Հարությունյանն / Նժդեհ/ իր << Հատնընտիր>>,     << Ցեղակրոն>>, << Որդիների պայքարը հայրերի դեմ>>, << Ցեղին սիրտը>> և բազում այլ աշխատություններում:
Այժմ փորձենք տալ մեր պատկերացումները Ցեղի մասին:
1. Ցեղը մարդկային բոլոր հանրույթների մեջ գլխավորն ու կարևորագույնն է, դրանց վերջին հանգրվանը, գագաթնակետը:
2. Ցեղը գիտակցական ամենաբարձր մակարդակ ունեցող հանրույթն է, որի միջուկը հանդիսացող ինքնաճանաչումը առավելագույն մակարդակի վրա է կանգնած:
3. Ցեղը ձերբազատված է այն բոլոր արատներից, որոնք հատուկ են ամբոխին, ժողովրդին և, ինչու ոչ, ազգին:
4. Ցեղը չի կառավարվում նեղ կլանային շահեր իրականացնելու նպատակով, նրա գիտակցական մակարդակին, գիտակցական քիմքին հարիր են միայն ցեղային, վերնյութական, իդեալիստական գաղափարները:
5. Ցեղը շնչում, ապրում, զարգանում և փոխակերպվում է կյանքի հաջորդ փուլ միայն ցեղայնորեն: Այն մի տեսակ զտված զանգված է, որը անշեղորեն գնում է դեպի վերջնանպատակ՝ Իդեալականացում:
6. Ցեղը չի կարող և չի գնում տարերային աղետների ճանապարհով ինչպես ամբոխը: Ցեղը բնավ << կույր>> մարդկանց զանգված չէ, միակ առաջնորդող ազդակը գիտակցական, գենային, վեհ մարդկային-աստվածային գաղափարն է:
7. Ցեղն այլևս այն չէ, ինչ ժողովուրդն է՝ հումք: Այն անցնելով ժողովուրդ-ազգ-Ցեղ ուղով, հունցվել-թրծվելով վերածվում է մի կուռ, հզոր համակարգի, որը տիրապետող դիրք է գրավում այլ հանրույթային միավորների հանդեպ: Սակայն, սա, տակավին, չի նշանակում, որ անտեսվում են մյուս հանրույթների շահերը, պարզապես Ցեղը ստանձնում է Էլիտայի իրավունքներն ու պարտականությունները՝ դառնալով իրական, իշխող վերնախավ: Փոխարինելով բոլոր տեսակի կեղծ գիտական, հոգևոր, իշխանական վերնախավերին և համակարգերին:
8. Ի տարբերություն ազգի Ցեղը առավել զտված, կատարելագործված, ինքնաճանաչողության գերագույն մակարդակին հասած մարդկանց համախումբն է, որը չունի << հետդարձի ճանապարհ>>:
9. Ցեղը, ըստ երևույթին, հանդիսանում է այն միավորը, որը կոչված է պայքարելու և հաղթելու համաշխարհային կեղծիքի, չարիքի և մարդկային բոլոր տառապանքների դեմ: Աշխարհաքաղաքականության առումով Ցեղը հանդիսանում է միակ << փրկողակը>>: Որի հետ պետք է կապել մարդու ներկան ու ապագան: Մարդկությունն առանց ցեղայնացման չունի լուսավոր ապագա, առավել ևս հեռավոր ապագա: Ցեղը պետք է ունենա իր ՀԱՏՈՒԿ կառույցները, որոնք կատարելու են խիստ որոշակի ֆունկցիաներ՝ ի նպաստ ընդհանուր մարդկության:
10. Ցեղամարդը հասկանում է, որ իր հոգին անմահ է, նա վստահ է իր աստվածային ծագման մեջ, իսկ իր նյութական հատվածը վերջինս անվարան կարող է ԳԻՏԱԿՑԱԲԱՐ դնել աստվածային արդարության զոհասեղանին: Հայրենիքը, ընտանիքը, աստվածը, սերը դեպի գեղեցիկն ու վեհ արժեքները հանդիսանում են նրա աշխարհճանաչողության բանալիներն ու գլխավոր նպատակները:
11. Ցեղը հրաժարվում է մարտիրոսանալու գաղափարից, իր համար ընտրելով հերոսության ուղին: Ցեղամարդը չպետք է սպասի մինչ դանակը կհասնի ոսկորին կամ դանայան սուրը կկախվի իր գլխին, նա ակտիվ է, պահանջատեր և անզիջում:
12. Ցեղի ուղին տանում է դեպի անմահություն: Երկրային ճանապարհի գագաթնակետը Ցեղն է, մի յուրատեսակ պորտալ դեպի ճշմարիտ հաջորդ կյանք: Մյուս բոլոր դեպքերում տեղի է ունենում ռեինկարնացիա:
Այժմ երբ ներկայացրեցինք մարդկության հանրային զարգացման էվոլյուցիոն չորս էտապները, խոսեցինք ժողովուրդ միավորի մասին, անդրադարձ կատարենք նաև իշխանությանը, ուժին:
Ուժ և իշխանություն
Ուժն ու իշխանությունը հնարավորություն են, իրավունք: Այդ հնարավորություններն ու իրավունքները կարող են լինել ինչպես աստվածատուր այնպես էլ ձեռքբերովի: Ուժն ու իշխանությունը մի դրամի երկու տարբեր կողմերն են, որը կապված կիրառողի նպատակներից կարող է ունենալ տարբեր ազդեցություններ և հետևանքներ:
Քանի որ ժողովուրդը որպես հանրային կազմավորում գտնվում է հանրույթի աստիճանակարգման երկրորդ աստիճանի վրա, ապա այն, բնականաբար, չի կարող ունենալ ինտելեկտուալ այնպիսի մակարդակ, որպիսին անհրաժեշտ է ուժն ու իշխանությունը նպատակային կիրառելու համար: Ժողովուրդն իր բոլոր հատկանիշներով հանդերձ ունի սոսկ հումքի կարգավիճակ: Այդ իսկ պատճառով իրական ժողովրդավարության մեխը պետք է լինի իշխանությունը իրապես մաքուր ինտելիգենցիայի դիկտատուրայի ձեռքում կենտրոնացնելը, երբ որոշ ցեղահաղորդ, բարոյական բարձր հատկանիշների տեր ինտելիգենտ անհատականություններ կստանձնեն մարդկանց լայն զանգվածների համար բարենպաստ պայմանների ապահովումը՝ անցում կատարելու համար զարգացման հաջորդ փուլեր:
Իրական էլիտա ձևավորող այդ անհատականությունները պարտավոր են հաշվի առնել ժողովրդին հուզող բոլոր հարցերը, հավատացնելով նրանց, որ այն վիճակը, որը պատուհասել է վերջիններիս, ամենևին մնայուն մի վիճակ չէ, այն ուղղակիորեն կապ ունի իրենց գիտակցության հետ: Նրանք պետք է բացատրեն ժողովրդին, որ երջանիկ լինելու, զարգանալու, ցեղայնանալու համար հարկավոր է կամք դրսևորել փոխելու սեփական մտածելակերպը շրջակա աշխարհի և միջավայրի, մարդկանց և դեպքերի զարգացման հանդեպ: Մարդկանց պետք է հասկացնել, որ քաղցած ամբոխային-քաոսային հեղաշրջումները ոչ մի լավ բանի հանգեցնել չեն կարող, իսկ նրանք մնալու են միշտ ինչ-որ մի կեղեքողի, հարստահարողի տիրապետության, տնօրինման և օգտագործման ներքո այնքան ժամանակ, քանի դեռ նրանցում տեղի չի ունեցել գաղափարական հեղափոխություն, իսկ այդ հեղափոխությունն էլ իր հերթին չի ստացել համընդհանուր բնույթ:
Առաջնորդ անհատականությունները չպետք է ունենան սեփական, նեղ անձնային նյութականացված նկրտումներ, որոնք թեկուզ քողարկված կարող են վեր դասել ընդհանուրի կեցությունից ու զարգացումից, այն է՝ ցեղայնացումից:
Վերջնական համակարգում՝ Ցեղում, ամեն ինչ պետք է դասավորված լինի տիեզերական կարգին համահունչ: Բոլոր մարդիկ պետք է համախմբված լինեն Միապետի շուրջ, իսկ Միապետը պարտավոր է սիրելու և ջերմացնելու հանրության բոլոր անդամներին իր հայրական սիրով և հոգածությամբ և այս ամենի համար պատասխանատու է իր կյանքով:
Այն առաջնորդը, որը թեկուզ մեկ պահ հետ կկանգնի այդ ամենից, ենթակա է ոչնչացման և մոռացման:
Ժողովրդավարությունը մեր օրերում զուտ հնարավորություն է և ոչ միանշանակ: Այն ունի անհամեմատելիորեն լայն բացասական հետևանքներ քան դրական: Իսկ այն դրական կողմերը, որոնք կան, իրենց ներքո ամփոփված ունեն սևացած միջուկ, որը փտեցնում է մարդուն՝ թույլ չտալով նրան զարգանալու:
Համաձայն Նժդեհի. << Այն անձը, որը չի զգում իր պարտականությունները հանդեպ իր Ցեղին, նա չի կարող զգալ իր պարտականությունը հանդեպ համայն մարդկության>>: Այն մարդիկ, որոնք իբրև թե իրենց հռչակում են աշխարհաքաղաքացի, իրականում ստեղծում են իրենց համար մի <<պաշտպանիչ շերտ>>, որի միջոցով իրենք չեն ունենում պարտականություն ոչ մեկի հանդեպ, սակայն բոլորը ունեն պարտականություններ իրենց հանդեպ:
Այսպես իհարկե հնարավոր չէ, իսկ ճանապարհը տանում է փակուղի:

Ժողովրդավարության նպատակները
Ժողովրդավարությունը նման է գեղեցիկ փաթեթավորմամբ ախորժալի տեսքով ու համով մի կարկանդակի, որի միջուկը սակայն թունավոր է և առաջացնում է մա՛հ:
Ժողովրդավարության նպատակներն են.
1. Վերացնել ազգերը,
2. Կանգնեցնել մարդկության զարգացումը,
3. Ստեղծել մեկ միասնական << ժողովրդավար>> տարածք աշխարհի ժողովրդով հանդերձ,
4. Անձի մեջ մեռցնել անհատականությունը, գենային հիշողությունը,
5. Վերացնել ընտանիքը՝ տարբեր << համամարդկային իրավական հրովարտակների>> միջոցով,
6. Գոյություն ունեցող վերպետական, միջազգային կառույցների միջոցով վերացնել պետություն ինստիտուտը,
7. Թույլ չտալ կայանալու ցեղին,
8. Հաստատել խիստ որոշակի անձանց գերիշխանությունը ամբողջ աշխարհի վրա,
9. Եվ վերջապես մարդկությանը կանգնեցնել ստրկացման փաստի առաջ:
Այս ամենի ժամ առաջ գիտակցումը մեզ կազատի այն բոլորը աղետներից ու արհավիրքներից, որոնք զետեղված են գեղեցիկ ու համեղ << ժողովրդավարություն>> կարկանդակի մեջ:
Ցեղն ընդհանուր առմամբ, իսկ ցեղամարդը մասնավորապես պիտի վստահ լինի իր հաղթանակի մեջ, քանզի հաղթանակի հասնելու ճանապարհին լինելու են կորուստներ և այդ ճանապարհը լինելու է տևական, սակայն փառահեղ ու վերջնական:
Մնայուն արժեքները հեշտությամբ ձեռք չեն բերվում՝ դժվարությունն է այն գինը, որն ունի հաղթանակը: Հաղթանակի բանալին է գաղափարը:





Комментариев нет:

Отправить комментарий