четверг, 2 апреля 2015 г.

Զարգացում և առաջընթաց


Թեպետ ես այնպիսին-ինչպիսին կամ <<պետք չեմ>> արդի հայ իրականությանը, սակայն ինձ պետք է վաղվա լուսավոր Հայաստանը և դրա համար ես պետք է մտածեմ այսօր:
Հ. Խաչատրյան
Հասարակ ժողովրդին, այնուամենայնիվ, պետք չէ մեղադրել գրեթե ոչնչում: Քանզի հասարակ հայը չի ունեցել այն անհրաժեշտ ժամանակը վերջին յոթ հարյուրամյակների ընթացքում, որպեսզի ձևավորեր պետական կենտրոնաձիգ գաղափարախոսություն, կենսակերպ: Պետությունը ընկալվել է ընտանիքից-համայնք ուղղաձիգում: Իրականացվել է անհրաժեշտ նվազագույնը՝ հային հայ պահելու, սեփական հողին ամուր մնալն ապահովելու քաղաքականությունը և այն էլ ոչ լիարժեք / ինչը, թերևս, ներկա պետական կարգի և իրականության պայմաններում չի էլ իրականացվում պետական մակարդակով/:
Ինչպես գիտենք ազգերին ու ժողովուրդներին առաջ մղող կորիզը էլիտան է: Ահա այս միջուկն է, որն իր շուրջը պետք է պտտեցնի մագնիսական ուժի շնորհիվ արբանյակ ժողովրդին, ազգին:
Մենք ունեցել ենք կարկառուն մտավորականներ, գիտնականներ, իմաստասերներ: Սակայն, ըստ իս, տարբեր ժամանակներում այդ <<աստղաբույլը>> կա՛մ հնարավորություն չի ունեցել ձևավորելու կուռ միջուկ՝ էլիտա, որը կարող էր հանդես գալ միասնականորեն տարբեր ճակատներում կա՛մ առաջնորդվելով նեղ անձնական շահերով, հանդիսանալով այլոց խամաճիկը՝ չի դարձել իրական էլիտա:
Այստեղ կուզեի մի միտք արտահայտել, համաձայն որի դավաճան է այն մարդը, որը վեր է դասում սեփական շահը պետական, ընդհանուր, ազգային շահից:
Փիլիսոփայության մեջ կա տեսակետ, որ ոչինչ ու ոչ ոք հենց այնպես չի ծնվում, ապրում ու մահանում: Հետևապես, ամեն ոք ընդհանուրի և աստվածային օրենքի առջև ունի իր պատասխանատվության չափաբաժինը:
 Ու հենց այս մտքից հետևելով պետք է հասկանալ, որ.
1. մարդիկ չեն ծնվում հավասար ունակություններով,
2. մարդիկ չունեն միևնույն նպատակները,
3. նրանք չեն անցնում նույն կյանքի ճանապարհը, անգամ, եթե նույն ընտանիքի զավակներ են,
4. նրանք չունեն նույն հոգեկերտվածքը և պահանջմունքները,
5. հասարակության մեջ յուրաքանչյուր ոք ունի իր տեղն ու դիրքը:
Եվ այս ամենից հետևություն անելով, մեզ պետք է.
1. Ձևավորել իրական էլիտա՝ համապատասխան մեխանիզմներով/ էլիտային պետք է պատկանի պետության կառավարման ղեկը/:
2. Ձևավորել բանվոր դասակարգ, սպասարկող անձնակազմ և գյուղատնտեսություն     / պետք է իրապես հարգվի ու ապահովվի հասարակ քաղաքացու՝ լինի նա բանվոր, թե գյուղացի, անհրաժեշտ և բավարար իրավունքներն ու պահանջմունքները՝ ապահովելով նրա գիտակրթական և մշակութային զարգացումն ու հասարակությունում դիրքի ամրապնդումն ու առաջընթացը/:
3. Պետք է ապահովվի մանկանց հայրենասիրական, բարձր մշակութային և ազգային արժեքներով դաստիարակությունն ու հասունացումը:
4. Պետք է ապահովվի երիտասարդությանը ազգակենտրոն կրթությունն ու ժամանցի կազմակերպումը:
5. Հայ ընտանիքն ու հայոց պետությունը պետք է լինեն հայ մարդու իդեալները, որոնց պահպանմանն ու կայացմանը պետք է ձգտի ու իր կյանքը ներդնի վերջինս՝ ամենքն իր տեղում, արժանապատվորեն:
6. Ամեն ոք ունի խղճի ու մտքի ազատություն, սա անհերքելի փաստ է, սակայն հայոց կրոնը պետք է լինի հայ էթնոսը՝ Ցեղը, որին ձգտելու է յուրաքանչյուր հայ և ցեղորեն հայը դառնալու է էլիտա համայն մարդկության համար, հայը դարձի է գալու:
Այս ամենն ապահովելու համար մեզ պետք է.
1. Մտավոր ռեսուրսների գնահատում, քանզի բոլոր ռեսուրսների մեջ գերապատվելին ու ամենաարդյունավետը մարդկային ռեսուրսն է, որը մեզ գենետիկորեն այդչափ շռայլված է:
2. Մարդկային ռեսուրսների կենտրոնացում և համակարգայնացում՝ կոորդինացում:
3. Ունեցած կոորդինացված մտավոր ռեսուրսներով՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված, հայկական պետության և աշխարհասփյուռ հայության խնդիրների լուծում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պլանավորված, կետային, ռազմավարական խնդիրներին:
4. Նախորդ կետի իրականացումն ապահովելու համար օգտագործել բոլոր ռեսուրսները՝ հումքային, գիտական, մշակութային և այլն:
5. Առանցքային խնդիր համարել հասարակության բոլոր շերտերի անհրաժեշտ և լրացուցիչ սոցիալ-տնտեսական բազայի ապահովումը:
Ըմբռնելով հայկական ներկա իրականությունը և դրան համադրելով մեր ներուժը, ես համարում եմ այս ամենի իրականացումը ՌԵԱԼ:  
Հայի խնդիրը մշտապես եղել է որակի ապահովումն ու որակապես հաղթանակ տանելը: Հային պահող ուժը եղել է նրա որակյալ գենը, որը երբեք, պատմական ոչ մի հոլովույթում չի կորցրել իր առանձնահատկությունն ու եզակիությունը:
Ինչպես հրաբուխ, քնած գենն էլ արթնանալու հատկություն ունի և այդ ժամանակ իր ճանապարհին կարող է սրբել ամեն չարիք՝ ցանելով ծաղիկ:
Այժմ էլ շարունակվում է Հայկի պայքարը Բել-Բաալ-Բաաղի դեմ: Այդ պայքարը սկսվեց հազարամյակներ առաջ և որոշ դադարներով շարունակվում է առ այսօր:
Հայն այս երկրագնդի աղն է, պետք է դառնա նաև մաղը: Հաղթանակն ու լուսավոր ապագան մշտարթուն հայինն է:

Եվ ուրեմն չխուսափենք պայքարից, այլապես ուշ կլինի:

Комментариев нет:

Отправить комментарий