Ես սիրում եմ իմ երկիրը հնամյա,
Ամե՜ն մի քարը, ծաղիկը՜ նրա,
Երկինքը կապու՜յտ, հանդերը՝ զմրու՜խտ,
Լեռները՝ հզոր հայկյան աժդահա՛:
Սիրտս տենչու՜մ է, հրով է լցվում,
Հայրենյաց երկրի սիրով է ծփում,
Մտքերիս ծովում քո նավն է լողում՝
Իմ Սեր-հայրենիք, իմ նվիրական
Դու մեծ գաղափար, ապրելու ձգտում:
Կյանք կա… ապրում են առանց հայրենիք,
Նրանից զատված, նրանից բաժան…
Դժգույն է ապրել այդպիսի կյանքով,
Առանց քեզ ապրելն իրոք ունայն է,
Անպտուղ ծառ է կյանքն առանց քեզ:
Սակայն ի՞նչ ասեմ, ախր… ի՜նչ անեմ,
Սիրտս է ցավու՜մ, հոգիս է լալի՛ս,
Երբ քեզ տեսնում եմ չքնաղ Հայաստան
Երկիր Նաիրյան… Ցնցոտիավոր…
Հարց եմ քեզ տալիս ով հայ արիացի,
Ի՞նչ է պետք անել, կարո՞ղ ենք անել
Այն ամեն ինչը ինչ պետք է անենք
Այս հողի համար, մեր երկրի համար,
Հայի ապրելու, հավերժանալու,
Նախնյաց մեծ փառքին արժանանալու,
Լուսե ապագան կերտելու համար:
Կարո՞ղ ենք անել, կարո՛ղ ենք՝ կանե՛նք,
Իսկ մենք ի՞նչ կանենք,
Մենք կպայքարենք մեր իսկ դեմ մարդի՛կ,
Մենք մե՜զ կփոխենք գաղափարապե՛ս,
Երդու՜մ մենք կտանք
Աստված Վահագնին, Հայկին նախահայր,
Որ հայ կմնանք, որ Հա՜յ կդառնանք,
Անվանն արժանի, նրանց արժանի,
Հետնորդը նրանց,
Լույսի որդիներ կլինենք հավետ,
Ու, մե՛նք կկերտենք ապագան լուսե,
Մեր ազգի համար, հայ փառքի համար:

Комментариев нет:
Отправить комментарий