пятница, 27 июня 2014 г.

Անսկիզբ - անվերջ մտքերը իմ...


Անսկիզբ – անվերջ մտքերը իմ
Ինձ տանջում են ամեն անգամ,
Գլուխս բարձին՝ քնանալիս
Մտածում եմ ես քո մասին…
Իմ մտքերի Արարատյան վեհ թռիչքում,
Իմ հույզերի ու մեծ սիրո վարար գետում,
Ապրումներիս Մայր Արաքսում
Միայն դու ես նվիրական ու սիրավառ
Հող հայրենի – իմ Հայաստան…
Անցել ես դու բազում դարեր,
Տեսել ավեր, դավեր ու բյուր ցավեր,
Կրել զրկանք ու տառապանք…
Քեզ այրել են որպես պայծառ մի Գալիլեյ
Դու հառնել ես մոխիրներեն
Որպես փյունիկ հավերժակյաց,
Քեզ զրկել են ու կեղեքել,
Վայրագորեն տիրացել են
Ինչպես չքնաղ անմեղ կույսին:
Իսկ ես ահա դեմ – հանդիման
Կանգնած հզոր, ամենակեր ժամանակին
Ու մարդկային այն մեծ խուլին,
Որին մարդիկ սիրահոժար արդարություն
Կհորջորջեն,
Որին միայն հայի ցեղը կդավանի…
Հռետորաբար հարց եմ տալիս!
Վերջ ունի՞ այս  մաքառումը, տառապանքը,
Իմ մեծ Ցեղի այս Գողգոթան:
Սակայն պետք  չի ինձ պատասխան,
Պատասխանն այդ կրում եմ ես,
Կրում է և իմ ցեղակից հայն արիացի,
Հայի այս հին հոգեկործան տառապանքին վերջ կլինի,
Վերջ կլինի միայն այնժամ,
Երբ որ հայոց Ցեղամայրը
Նոր Տիգրաններ ու Վարդաններ,
Նոր Նժդեհներ, Անդրանիկներ ու Դավիթներ
Մեզ կընծայի հանուն մեր մեծ ապագայի…
Ու ես գիտեմ, հաստատ գիտեմ, համոզվա՜ծ եմ
Արարատի ծեր գագաթին մի նոր լույսով
Կճառագի Լուսավորչի կանթեղը հին
Ու մենք կանցնենք դարերը նոր
Ու կթերթենք դեռ պատմության բազում էջեր,
Եվ կլինենք հավերժների աստղաբույլում,
Որպես հավերժ մի Ցեղ հզոր – Աստվածություն…





Комментариев нет:

Отправить комментарий