пятница, 4 июля 2014 г.

Նոր օրը

Սկսվեց նոր օր: Կյանքը սկսեց եռ գալ: Մարդիկ շտապում են՝ ամենքը մի տեղ, իր գործերով, առօրյա հոգսերով: Նայում եմ պատշգամբից ու հետևում այդ հավերժական շարժին: Մի պահ, պատրաստելով, սովորականի պես, մի գավաթ թունդ սուրճ,  առավոտյան թարմ օդի հետ ռունգերիցս ներս է թափանցում մի միտք, արևի հետ լուսավորում միտքս ու հոգիս ու ինքս ինձ հետ, ինքնամոռացվելով, լռությամբ մտորում եմ. << արժեր խմել այս հավերժական ընթացքի, նոր լույսի, այս հասարակ, բայց նաև հատուկ օրվա համար, մարդկանց շարժի, նրանց գոյության համար, քանզի ես ինձ չեմ զգում Ռոբինզոնի դերում և այն ամենի համար՝ ինչն ինձ շրջապատում է>>: Բայց, հակասական բնույթս, թեքում է մտքերիս ընթացքը, մի պահ ընդարմացնող մշուշե շղարշ ու սարսուռ նստեցնելով մարմնիս առավոտյան շաղի հետ, ու մտքերս, սրտիս տրոփյունից արագ, արևի լույսին համաքայլ, սլանում են առաջ, անցնում հեռավոր հորիզոններ... այս հեթանոս արևի հետ հասնում իր տիրույթները, իր զմրուխտավորված ապարանքը, տենչում իր յուրահատուկ մենությունը, ուզում է հավետ վերանալ, բարձրանալ վեր այս հավերժական ընթացքից, մարդկանց պրոտոնային շարժումից, նրանց գոյությունից, այն ամենից՝ ինչն իրեն շրջապատում է: Տենչում է միտքս իր ուտոպիան: Եթե Օուենը երազում էր ուտոպիստական հասարակություն, ապա սիրտս՝ տռփանքով լեցուն, տենչում է լոկ հանգիստ՝ ուղեղի ուռուցք առաջացնող այս մտքերից, սեփական անձս ծերացնող Բաստիլի պես ուղեղումս պինդ ամրացած մտքերիցս ազատագրում: Եվ... ուզում եմ ապրել Ռոբինզոնի պես՝ ունենալով միայն մեկ Ուրբաթ ու մեկ ուրբաթ, որպեսզի գտնեմ այդ օրն իմ Ուրբաթին ու սրբազանորեն պահեմ նրան իմ մտքերի, սիրող սրտի ոլորտներում, հավերժական դրախտային մթնոլորտում, իմ Էդեմում, որտեղ չկա ոչ մի <<Խնձոր>>, քանզի ես եմ միակ << Խնձորը>> ... ու չկա այլ գայթակղություն ավելին, քան ես, կրքոտ սերս, մաքրագործված սիրո ու մեղրահամ ուտոպիայի իմ իդեոլոգիան են: Ու ես տերն ու տիրակալն այդ պարտեզի, որպես սիրո նվիրյալ ասպետ քո Լոնսելոտ, հավետ կսիրեմ ու կնվիրվեմ քեզ ու կապրենք ընդմիշտ մեր սիրո Էդեմում, ու տաք սրտիս թմփթմփոցը կջերմացնի մարմինդ, այդ քո շարմաղ, կարծես արևի լույսերից պաղպաղակի պես հալվելու պատրաստ կաթնային ճերմակությամբ մարմինդ, ու կխոցի իմ սրտի ջերմությունն այն փոքրիկ, կամակոր հրեշտակի ( որին Ամուր են ասում) նետի պես քո սիրտն ու հոգին՝ անցնելով շատ խորը: Կմիացնենք մենք մեր ափերն իրար ու մեր ափերի միացման կենտրոնից կբացվի մի հիասքանչ ջրաշուշան, կհիանանք մենք այդ ծաղկով և ինքնամոռացման ու սիրո կարկաչուն գետակի հոսանքում հայտնված ձկնիկների պես, չենք էլ պատկերացնի, որ հենց նոր, մեր ձեռքերի միավորումից բացվեց սիրո ծաղիկը մեր ափերի մեջ: Ու մենք, սիրելով զմիմյանս, կկառուցենք մեր Էդեմում մեր փոքրիկ ծղոտե հյուղակը ու կփափագենք այն լցնել մանկան ճիչով ու ուրախությամբ՝ ապրելով լազուր երկնքի հովանու ներքո՝ երեկոները միասին երազելով ու նայելով անհամար աստղերին ու մտորելով մեր սիրո, հեռավոր, գոյություն ունեցող ու չունեցող ցիվիլիզացիաների մասին, և այնտեղ գոյություն ունեցող սիրո մասին: Ու մենք կմտածենք, թե գուցե հեռավոր, մի լուսատիտիկի մեծությամբ երևացող աստղի վրա կան մեզ պես էլի զույգեր, որոնք իրենց ողջույնն են հղում մեզ, ողջունելով մեր ինքնամոռաց, անձնվեր սերն ու կյանքը իրար հետ: Ու այսպես, որպես մի Ռոբինզոն կամ որպես մի… Լոնսելոտ կամ դու ասա, թե որպես ով երազում եմ ես քո մասին ով իմ Ուրբաթ, իմ թագուհի – ճերմակուհի արևի ճառագայթների հետ համընթաց առաջ ընթացող, հեռուներն անցնող մտքերի մեջ… Սակայն ինչպես ամեն լավ բան, մարմնիս հիասքանչ, հոգիս շոյող սարսուռը ևս կամաց – կամաց լքում է իր զբաղեցրած դիրքերն ու աներևույթ բարիկադները՝ դիրքերը թողնելով մարդկային տաղտուկ մեգին, մռայլին, մարդկանց պրոտոնային շարժմանը և այն ամենին ինչն ինձ շրջապատում ու կաշկանդում է, ծանրանում իմ ուղեղում՝ մեծացնելով այդ անտանելի ուռուցքը, պղտորելով երիտասարդ կյանքս ու հոգիս, որի դեմ հազարավոր ֆիլտրեր են պետք: Տխրորեն հայացքս հեռացնելով պատշգամբից տեսնում եմ, որ սուրճս վաղուց սառել է, ինչպես որ սառն են  այս մարդկային մեգն ու թախիծը, մռայլությունը, իրենք՝ պրոտոն – մարդիկ և այն ամենը՝ ինչն ինձ շրջապատում է:

Комментариев нет:

Отправить комментарий