среда, 23 июля 2014 г.

* * *



Մարդուն ի ծնե միշտ տրվում են թևեր, ինչպես որ հրեշտակներին՝ թռչելու և օլիմպիական բարձունքներին հասնելու համար: Որպեսզի նա դառնա հզոր, պայքարող, երկնքի բարձունքներում սավառնելուն արժանի գոյ, խանգարող շատ հանգամանքներ կան: Այդ հանգամանքներից գլխավորն ու ամենանողկալի՛ անողնաշարը հասարակության անտարբեր – անհավատությունն է՝ աթեիզմը սեփական Էության նկատմամբ:
Զարմանալի՛, ատելի՛ և պարսավելի՜ է հասարակության կեղտը: Դրանից նողկալ կարելի է, սակայն նողկանքն ու զզվանքը բազմիցս քիչ է դրա քայքայեցուցիչ հատկությունը կասեցնելու համար: Պետք է վերացնե՛լ այն: Հայ հասարակության տականքը բազմիցս ստոր է այլազգի տականքից՝ այսպես է ասել մեծ հայրենատեր ու ցեղակրոն Նժդեհը: Ներկայումս հայ ժողովուրդը դարձել է մի խառնամբոխ՝ որտեղ էլ այն լինի: Ամեն քայլափոխի խոսում են հայրենասիրությունից՝ չլինելով հայրենատեր, մեջբերում կատարում մեծագույն այրերից, նրանց անունով երդվում հուդայաբար: Բոլորը փորձում են հասնել բարձունքի՝ միևնույն ժամանակ անտեսելով կամ չգիտակցելով, թե որն է իրական Բարձունքը:
Բոլորը խոսում են աստծուց, սակայն, հաջորդ վայրկյանին, ցույց տուր նրանց փողաստված ասվածին և նրանք շատ հարմար գներով կծախեն Հայր աստվածին:
Բոլորը խոսում են իշխանությունից և ձգտում իշխանության՝ որկրամոլաբար, իրենց ծակ աչքով: Սակայն ոչ ոք չի գիտակցում կամ անտեսում է իրական իշխանությունը/ մարդկային կատակերգություն.../:
Հասարակության միջից, ինչպես մայր հողից, միշտ դուրս է գալիս լպրծուն մի որդ՝ դառնալով վիշապ ու տիրելով հասարակությանը՝ մայր հողին, երկրին՝ հետզհետե նեղացնելով նրա իրանը պիրկ գրկած շղթան: Իսկ ի՞նչ եք կարծում, այդ որդը ինչպես է դուրս գալիս մեր միջից: Մի՞թե մենք չենք ծնու՜մ, սնու՜մ, մեծացնու՜մ այդ լպրծուն, զզվելի կենդանուն մեր պարսավելի, վայրկենապաշտական, հուդայական <<հայրենապաշտությամբ>> ու <<ա՜զգամեծարմամբ>>: Մի՞թե մենք չենք նրան դարձնում վիշապ մեր նողկալի լպրծունությամբ, երբ ամեն քայլափոխի պատրաստ ենք սրա-նրա կոշիկի կրունկները լպստել, մեծարել անմեծարելիին՝ հանուն սեփական կաշվի, երբ պատրաստ ենք վախենալ՝ դեռ չվախեցրած: Երբ ցույց ենք տալիս մեր ներքին թշնամուն, մեր ներքին որդին, թե որքան ենք մենք անկյալ ու պատրաստ ենք քաղցրահամ ու հասած խնձորի նման կրծվելու նրա կողմից: Այս ամենից որպես հետևություն ես հարց եմ տալիս -լավ, իսկ ու՞ր են պատիվն ու արժանապատվությունը, որտեղ են դրանք թաղված՝ ի շահ նեղ շահի:
Ներկայումս ամեն ոք, եթե խիստ զբաղված չէ, չի ալարում խոսել պատվի՜ց, արժանապատվությունի՜ց: Սակայն հարց եմ տալիս Ձեզ, պարոնա՛յք արժանապատիվներ, ինչ է Ձեր պաշտած պատիվն ու արժանապատվությունը՝ միայն սեփական կաշվին հակառակ շոյել փորձողի գլուխը կոտրե՞լը, թե… միգուցե՞ սեփական պահանջներին հագուրդ տալով ինքնահաստատվելն ու ինքնահագենալը: Միգուցե… սեփական ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը պահելն ու պաշտպանե՞լը:
Այո՛, սեփական ընտանիք ունենալը, այն պահելը, պաշտպանելը, արժանապատիվ սերունդ մեծացնելը պատվի ու արժանապատվության հարց և միանշանակ փառավոր առաքելություն է: Հայ ընտանիքում հայ տղամարդն իր հաստատուն տեղն ունի, սակայն անփոխարինելի է հայուհու՝ կնոջ, հայ մոր՝ ցեղամոր դերը, որովհետև հայ մայրը, կինը հայ ընտանիքի ու իր ամուսնու թիկունքն է, տան սյունն է / երանի նրան՝ ով կհանդիպի կյանքում իսկական հայուհու՝ հերոս, հզոր ու կարեկից կողակցի/: Իսկ հայրենիքը սկսվում է նոր ծնված երեխայի ճիչն արձակելուց և ընտանիքից:
Սակայն արժանապատվությունը երբեք չի կարող լինել ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը: Քանզի, երբ մարդը փորձում է պատիվ և արժանապատվություն բեմականացնել, ապա նա պրիմիտիվանում է, կորցնում է մարդուն հատուկ դիմագծերը: Առավել ևս հայը:
Ամեն պատեհ-անպատեհ առիթով սիրում ենք գոռոզանալ, ինքնամեծարվել մեզ հայ հորջորջելով, իբր տեսեք-տեսե՜ք մենք այս ենք - մենք այն ենք: Ահա ևս մեկ հարց՝ որտե՞ղ է իսկական հայը, արիացի՛ն, հեթանո՜սը, սակայն ոչ կրոնապես, այլ կեցվածքո՛վ, կենսակերպո՛վ և գաղափարապես: Կրոնը պարզապես քաղաքականություն է՝ ստեղծված մասսաներին ղեկավարելու և ուղղորդելու համար: Ես ամենևին չէի ուզենա լինել հեթանոս կրոնապես, այլ պարզապես պետք է կրողը լինել հեթանոս հայի տեսակի:
Ժամանակին Բիսմարկն իր ժողովրդի մասին մի միտք է ասել, որն հանճարեղ է իր ապրեցնելու, հզորացնելու, սեփական ազգը՛, հայրենիքը՛ և անձը հարգել պարտադրելու, որոշակի գենի պատկանելիությունը չմոռացնելու մի հասարակ, բայց նաև յուրահատուկ հատկությամբ: Բիսմարկն ասել է. << գերմանացի ազգը պետք է իր տեղն ունենա արևի տակ>>: Նա սրանով ամուր հենաքար դրեց իր ազգի հետագա ընթացքի ու բարգավաճման համար:
Ես, ի սեր աստծո, ամենևին Բիսմարկը չեմ, սակայն հարց եմ տալիս ու հարցս թող հնչի նաև որպես պատասխան. – հայ ազգն այս արևի տակ իր տեղը ունի՞: Այո՛, ունի բայց ոչ այն կերպ ինչպես հիմա՝ մի կերպ քարշ եկող: Խղճալի է տեսնել մի աստվածազարմ ազգի, մի մեծ Ցեղի՝ այսպես ստորացած: Ես խղճալը մեղք եմ համարում, սակայն ներկայումս ազգս այլ զգացմունք ու հույզ չի արթնացնում իմ մեջ:
Սուրբ գիրքն ասում է. << Երանի նրանց, ովքեր չեն տեսնի, բայց կհավատան>>: Ես ասում եմ – երանի մեզ, որ կհավատանք ու կտեսնենք: Այո՛, պետք է կամք ունենալ, հզոր լինել՝ տեսնելու համար ազգը մեր հայոց նորոգված, շտկված, դարերի փոշուց փյունիկի նման վերև խոյացող: Քանզի տեսնելու համար աչքերը քիչ են՝ գործ է պետք անել, կյանքը նվիրել, սեփական անձը հայրենյաց տաճարի զոհասեղանին դնել է մեզ պետք:
 Երանի մեզ, որ մի օր, ոչ շատ հեռու ապագայում, կարողանանք ազատվել մեր ներքին որդից, որը բազմաթիվ դարեր խեղդած է պահում ազգը մեր հայոց վիշապի նման: Երանի մեզ, որ մեր ձեռքերով՝ Վահագնի նման, կխեղդենք մեր մեջ վիշապներ անվերջ: Սակայն մենք, քանզի այլևս մոռացել ենք, որ մենք էլ հայ ենք, գիտենք, թե սա է ու սրան է, որ մենք արժան ենք, զորու ենք ապրել միայն քարշ գալով՝ անվերջույթ հաշմանդամի պես և կամ էլ հույսներս պետք է հավետ դնենք օտարի տված սայլակի վրա:
Ահա այստեղ է, որ ես կուզեի խոսել իսկապես արժանապատվության, պատվի, մարդկայնության ու հայի մասին: Սրանք ամենքն առանձին մի մեծ գաղափար են, սակայն իրարից ոչ բաժանելի:
Հնարավոր չէ լինել իսկապես հայ ու չունենալ արժանապատվություն, պատիվ, մարդկայնություն: Անքակտելի հատկանիշներ են սրանք: Սակայն, երբե՛ք, երբե՜ք հայը չի կարող հայ լինել առանց հայրենիք, առանց Հայաստան: Հայի արժանապատվության գագաթնակետը Հայաստանն է: Ամեն հայ իր սրտում պետք է կրի Հայաստանը, չվախենա նրանից ու ձգտի նրան, նրա մեծարմանն ու հզորացմանը:
Պետք է հավատալ հայ ցեղի հզորությանը՝ մտքի սլացքին ու բազկի հարվածին: Պետք է հավատալ, որ ազգային վերելքը հնարավոր է միայն ինքնամաքրման ու միասնության շնորհիվ:
Երբեք չսողալ, չլինել հոգով խաչագող…
Լինել ազնիվ, հայրենատեր՝ գիտակցաբար, բացի Հայաստանից այլ հայրենիք չճանաչել, մնալ հայ կյանքի բոլոր ոլորտներում, յուրաքանչյուր մթնոլորտում: Քանզի հայը լիարժեք կարող է լինել միայն Հայաստանում՝ իր բիբլիական լեռան ստորոտին:
Երբեք թույլ չտալ որպեսզի մաղձն ու նախանձը կտրեն հոգու թևերը, քանզի կյանքի ատամնավոր անիվը մեծ հաճույքով կտրում է դրանք՝ զրկելով նրան թռչելու կարողությունից:
Երբեք չլինել անտարբեր սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ՝ քանզի անտարբերությունն է մայրը ամեն դժբախտության:

Ահա այն ամենը ինչ, ըստ իս, անհրաժեշտ է հզորության ու մեծության համար: Մեծության ազգովին: Քանզի վերջիվերջո ապրելու իրավունք ունեն մեծերն ու հզորները: Երբեք չպիտի մոռանանք մեր անցյալը, քանզի այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, նա չունի նաև ապագա: Իսկ ես վստահ եմ մեր ազգի լուսե ապագային:

Комментариев нет:

Отправить комментарий