вторник, 8 июля 2014 г.

Գիշերային խոհեր



Գիշեր է: Թե որ ժամն է, արդեն մոռացել եմ: Մոռացել եմ նաև քնի մասին: Չեն մոռացվել միայն մտքերս ու մտորումներս, որոնք այս ուշ գիշերով տանջում են ինձ: Չգիտեմ, իրավամբ չգիտեմ, մի օր այս մտքերն ինձ հանգիստ կտա՞ն: Երանի այդ հավերժական օրը: Սակայն մինչ այդ օրը ես դեռ բավականաչափ կմտածե՜մ, կգցեմ ու կբռնեմ, ծանր ու թեթև կանեմ այն ամենն ինչ տեղի է ունենում այս հողագնդի վրա: Իսկ հողագնդի վրա ամեն օր մի նոր ծաղիկ է բացվում ու թոշնում է մի նոր կյանք: Ամեն օր բարին ու չարն իրար գլուխ են կոտրում այս հավերժական ընթացքում: Եվ ահա այսօր իմ երկրային ուղեղի ծալքերում նստել է մի փառահեղ, աստվածահաճո, մարդավայել հարց: Ինչու՞ է ամեն ինչ այսպես բարդ: Ինչու՞ այլ կերպ չի դասավորվում մարդկային կյանքը: Ինչու՞ է մարդը ծնված օրից տառապում մինչ ի մահ: Մի՞թե աստված / եթե նա գոյություն ունի, իսկ նա՝ հանուն արդարության հույսի պետք է գոյություն ունենա/ այնքան դաժան մի գիտնական է, որ մարդուն ստեղծել է հանուն մեկ բանի՝ իր գիտական ամբիցիաները բավարարելու համար: Կարծում եմ, որ ոչ: Այն, որ աստված գիտնական է, վեր է մեկնաբանություններից ու քննարկումներից: Նա գերագույն գաղափար ու գիտնական պիտի լինի: Իսկ մարդը՞: Ի՞նչ է իրենից ներկայացնում մարդը: Մարդն աստծո ստեղծագործական արարմունքի գագաթնակետն է, նրա մի մասնիկը: Ցավոք մենք դա չենք գիտակցում և չենք տեսնում: Ահա մարդկային դժբախտությունների սկզբնաղբյուրը: Մարդն աստված է, քանզի աստված մարդուն ստեղծելիս նրա մեջ դրել է իր մի մասնիկը, իր աստվածային մասնիկը: Իմ խորին համոզմամբ ոչինչ և ոչ ոք աշխարհ չի գալիս և աշխարհից չի գնում հենց այնպես: Իսկ ո՞րն է մեր հատուկ առաքելությունն այս կենսական խառնարանում: Ահա այն գլխավոր հարցը, որն ուղղում եմ ես բոլորին: Աշխարհի մարդկային հասարակությանը: Ինչու՞ ենք մենք եկել աշխարհ, որն է մեր նպատակը: Ինչու՞ մենք չենք տեսնում մեր մեջ աստվածայինը, տարվում, լեցվում ու գրավվում ենք զանազան աղտեղություններով ու հոգին քայքայող տիֆով: Ինչու՞ մենք չենք ձգտում դեպ ավելին, դեպ կատարյալը՝ աստվածը, դեպ Մարդ կոչվելու գերագույն իրավունքը: Հե՞շտ է ապրել մակաբույծ կյանքով: Այո՛, հեշտ է: Այսօր կաս, իսկ վաղը քեզ ոչ ոք չի հիշի: Օ՜ ինչ հիասքանչ է: Ճի՞շտ է մարդ աստծո: Օ՜, թույլ տուր ես տամ պատասխանը քո իսկ մեծության ու փառքի համար: Ճիշտ չէ՛ ապրել հողին քսված, հողի վրա սողալով ինչպես մի օձ կամ անձրևորդ: Հանուն Մարդու դա ճիշտ չէ՛: Նա ով ծնվել է թռչելու համար, եթե սողաց՝ բազմիցս վատն է վերջին սողունից, որից գարշում է իսկական Մարդը: Մեր այս կարճատև կյանքում հավերժակոթող ձևավորում են միայն քարը տաշելու և քրտնքով շաղախելու միջոցով: Ամեն ինչ պարզ է: Մի խորացիր անչափ ով մարդ աստծո: Ամեն մի հրաշք, ամեն առեղծված հրաշալի ու մեծ է իր իսկ պարզությամբ: Սակայն աստվածային պարզությանը հասնելու համար մենք պիտի անցնենք երկրային այս բարդույթների ու բարդությունների միջով: Աստված մեզ ստեղծեց պարզապես ապրելու համար՝ հանուն աստծո, հանուն մեծ սիրո, հանուն պարզ մտքի՝ մեր Մարդ լինելու պարզ մտքի համար: Ահա ըստ իս ամենքի կյանքում գերագույն միտքը, ապրելու ձգտումն ու նպատակը: Երիցս երջանիկ է նա, ով գիտակցում է իր անկատարությունն ու ձգտում է կատարելության: Երիցս երանելի է նա, ով տեսնում է իր հանցավորությունն ու ձգտում է հանցազատության: Ու այսպես ահա, մի ամբողջ գիշեր, թեև լույսն է հելիոսի արդեն թևածում երկրի տանիքում, բայց նստած ու կքված եմ ես այս մտքերի տակ: Ու մտքերս խլում են ինձանից վերջին ուժերս, այլևս անզոր եմ դիմադրելու քուն կոչված սիրուհուն, որն ինձ կտրում է համակարգչիս առջևից, կտրում մտքերիցս ու տանում սիրալիորեն դեպ անկողին: Եվ, կտրելով մտքերիս գորդյան հանգույցն ու փութալով քնելու, մաղթում եմ ձեզ ձեր իսկ մեջ տալ ու գտնել այս հարցերին պատասխան: Թեև պարզ է ամեն ինչ, պարզ ու հստակ չափազանց:
Հ. Խաչատրյան

Комментариев нет:

Отправить комментарий