четверг, 2 октября 2014 г.

Մարդ-տիեզերք-աստված


Աստծուն չհավատալն անհնար է: Միայն մահացած մարդը կարող է չհավատալ աստծուն: Քանզի նա արդեն գոյություն չունի և ոչինչ չի կարող անել ( բայց մահացած մարդու անհրաժեշտությունը ևս կա): Իսկ բոլոր մարդիկ, մինչ մահանալը, այս կամ այն կերպ հավատում են աստծուն: Աստծուն հավատալու հարցում հիմնական խնդիրը կայանում է հենց << այս կամ այն կերպ հավատալու>> մեջ: Ոմանց համար աստված մի ամենակարող ծերուկ է, մյուսի համար սեր է, մեկ այլ էակի համար վախ: Մեկ ուրիշի համար ամեն ինչ, հաջորդի համար՝ անբացատրելի երևույթ: 
Ալբերտ Այնշթայնը մի առիթով ասել ու լիարժեք հիմնավորել է աստծո գոյությունը հետևյալ խոսքով. << Եթե դուք չեք տեսնում մի բան, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի>>: Սակայն Այնշթայնը կարող էր ավելի խորանալ այս հարցում և ասել, որ մենք կարող ենք տեսնել, զգալ, շոշափել և ապրել աստծուն: Կարծում եմ, նա ենթադրել է այն, ինչը ես պատրաստվում եմ մեկնաբանել ստորև: Նա պարզապես հնարավորություն է ընձեռել ապագայում այս հարցին լուծում տալու համար և արել ավելին՝ նա մեզ մտածելու հնարավորություն և ազդակ է տվել:
Իսկ ի՞նչ է աստված իմ համոզմամբ: Ես համոզված եմ, որ աստված տիեզերքն է: Իսկ մարդկանց մեծամասնության պատկերացրած աստվածը նրանց թերարժեքության արդյունքն է: Ավելի խորամանկների համար՝ գործիք կամ միջոց, մարդկանց մեծամասնության պարանոցին փաթաթված մի պարան, որը թույլ չի տալիս մարդկությանը ծնկի եկած դրությունից վեր կենալու, և մարդկանց պահում է ստրկացման մեջ: Մարդիկ սովորաբար սիրում են հույսները դնել ուրիշների վրա և հավատալ հեքիաթներին և, որքան հզոր է այդ << ուրիշը>>, այնքան լավ (բայց իրականում հակառակն է, պարզապես դա գիտակցելը հեշտ չէ: Բոլորն ընկած խոտի դեզի մեջ ասեղ են ման գալիս, մինչդեռ ասեղն իրենց ձեռքին է): Իսկ <<աստծուց հզոր լինել չի կարող ոչ ոք>>: Այդ իսկ պատճառով ստեղծվեց << աստված>>, որին առ այսօր պաշտում է մարդկությունը: Մարդկությունը պարզապես ինչ որ մեկին պաշտելու կարիք ունի: Եվ դա վատ է, քանզի հիմնականում անուղղելի է: Քանզի մարդկությունը գնում է սխալ՝ կործանարար ուղով: Քանզի այդ ուղին այն ուղին է, որն ուզում են, մատնանշում են մի քանի հոգի:
Երբեք մարդկության մեծամասնությանը չես կարող հասկացնել, որ նրանց պատկերացրած աստվածը պարզապես միֆ է, իլյուզիա: Հենց սրանից էլ օգտվում են աշխարհի հզորները՝ խորամանկները:
Անդրադառնամ աստծո մասին, իմ համոզմամբ, իրական պատկերացմանը, որից խորամանկորեն օգտվել են կրոնաքաղաքական գաղափարախոսություն մշակողները:
Եվ այսպես, Աստվածաշունչն ասում է, որ աստված ամենքիս հետ է, նա մեր մեջ է: Աստվածաշունչը չի ստում: Քանզի աստված մենք ենք, ավելի կոնկրետ, այն ինչ մենք մեզանից ներկայացնում ենք, մեր հույզերը, զգացմունքները, բնազդները և այլն, սակայն <<աստված.. եզրությը մեզանով չի սահմանափակվում: Աստված ասում է վախեցեք իմ զայրույթից կամ ինձանից, որը նույնն է: Այստեղ ևս ճշմարտությունն է խոսում: Մենք վախենում ենք, նշանակում է աստված կա, աստծո անունը նաև վախ է, բնազդներից մեկը: 
Աստված ամենուր է: Մի՞թե տիեզերքը մեր գրպանում է:
Աստված սեր է: Իհարկե՝ սերն աստված է: Եվ այսպես շարունակ: Աստված կարող է լինել անապատի միրաժ, աստված կարող է լինել երազ, աստված կարող է լինել ամեն ինչ, քանի որ մարդու հնարավորություններն անսահման են: Աստված ստեղծեց մարդուն: Այո՛: Սակայն մարդուն ստեղծեց տիեզերք-աստվածը, որի մի մասնիկն ենք մենք, շատ չնչին, բայց մասնիկը: Աստծո գործերն անմեկնելի են՝ Տիեզերքն անբացատրելի մեծ ու ոչ ընդգրկուն: Հետևաբար Աստված Տիեզերքն է, որն առայժմ անբացատրելի է: Իսկ մենք աստծո մի մասնիկն ենք: Հետևաբար մարդ-աստված համակցությունն անբաժանելի է անգամ մարդու մահվանից հետո: Քանզի տիեզերքում ոչինչ չի կորչում, այլ պարզապես փոխակերպվում է: Կարծում եմ այստեղ էլ ամփոփված է << հոգու >> մասին պատկերացումը: 
Մարդ պետք է ապրի աստծուն հաճելի կյանքով: Մի՞թե սա սխալ է, իհարկե ո՛չ: Մարդը պետք է ապրի այնպես, որպեսզի << Տիեզերք>> միասնական օրգանիզմի՝ աստծո կենսագործունեությունը չխաթարվի, քանզի ինչպես մեր օրգանիզմն է գործում խափանումներով, երբ մեր մի օրգանը վատ է գործում, այնպես էլ տիեզերքն է՝ աստվածն է գործում: Նա <<բուժում է>> մեզ մեր սխալ կատարած ֆունկցիաներից կամ դրանք չկատարելուց՝ տալով << դեղահաբեր>> : Ոմանց պատկերացմամբ պատժում է, սա մարդկանց ընկալման հարցն է ( սրա հիման վրա կառուցվել է ոճիր և պատիժ հակազդեցությունը): Աստված ճշմարտությունն է: Այո՛, այն ճշգրիտ աշխատող մի մեխանիզմ է, որի մի ատամնանիվի վթարման դեպքում կարող է վթարվել ողջ մեխանիզմը կամ վատ ազդեցություն ունենալ նրա աշխատանքի վրա: 
Ասում են երկնային արքայությունը մանուկներինն է: Սա նույնպես իրականության հավաստումն է: Քանզի մարդը մանուկ հասակում դեռ ոչինչ արած չի լինում՝ ոչ բարին, ոչ վատը: Իսկ, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել մարդու զարգացումն ու գաղափարական կերտվածքը և նրա ապագա քայլերը, հետևաբար ավելի << ձեռնտու է երկնքի արքայությունը տալ >> մանուկներին: Իսկ ինչէ << երկնային արքայությունը>>: Կարծում եմ երկնային արքայություն ասելով պետք է հասկանալ մարդու անցումը տիեզերք, որն իր հերթին ևս փոխակերպման մասին է խոսում:
Եթե հարցը դիտարկենք կենդանի օրգանիզմի տեսանկյունից, ապա մանկան օրգաններն ավելի լավ ու << թարմ>> են գործում քան մեծահասակներինը, քանզի վերջիններիս վրա միջավայրի ազդեցությունն ավելի մեծ է: Այստեղից հետևություն՝ մանուկներն, իրո՛ք, մեզանից լավն ու նախապատվելի են: 
Տիեզերքում ամեն ինչ պարզ է, սակայն այդ պարզությունը հասկանալը չափազանց դժվար է: Դրա ապացույցն ատոմն է: Այն չափազանց պարզ միացություն է, սակայն ողջ տիեզերքը հենված է ատոմի վրա: Կարծում եմ գտնելով աստվածային ատոմը, մենք կկարողանանք վերջնական լուծում տալ աստվածատիեզերական անբացատրելիությանը:
Խոսելով մարդկության ներկա զարգացման մասին, պետք է ասել, որ իրոք ներկայում տեղի ունեցող թե՛ մարդկային, թե՛ բնակլիմայական աղետները հակաաստվածային՝ հակատիեզերական են: Իսկ աստվածաշունչը, քանի որ գրված է մարդկանց ձեռքով, հանդիսանում է լոկ քաղաքական ուսմունք, միջոց, գործիք՝ մովսեսյան բառախաղերի միջոցով մարդկության լայն զանգվածներին կառավարելու համար: Խոսքս ուզում եմ ավարտել լավ նոտայով: Պարզապես ինչպես բոլոր օրգանական խափանումները, մարդկության ներկա վիճակը և մեր երկիր մոլորակի վիճակը ևս շտկելի է, ուզենք մենք դա, թե ոչ: Դա կախված է նրանից, արդյոք տիեզերք-աստվածը անփույթ է իր հանդեպ, թե ոչ: Հուսանք, որ ոչ:

Комментариев нет:

Отправить комментарий