вторник, 26 августа 2014 г.

***


Հանդիպեցինք մենք,
Կանգնեցինք ուղիղ՝ իրար դեմ առ դեմ,
Հարգեցինք միմյանց պարզ խոնարհումով,
Սկսեցինք պարել վալսը մեր սիրով,
Ու աչքերը մեր, աչքերից հեռու,
Մեր հայացքների բախումը տեսան,
Մեր հայացքների՝ իրար կլանող
Թարթո՜ւմը տեսան,
Մի պահ սառեցին...
Մի պահ էլ անցավ՝ նրանք ջերմացան,
Իսկ հաջորդ պահի՞ն, իսկ հաջորդ պահի՜ն
Երկիրն այրվեց ոտքերիս տակին:
Ու գնաց վա՜լսը, գնա՜ց, փոթորկե՜ց,
Հոգիները մեր տեղից այն պոկե՜ց
Ինչպես կպոկեր ամեհի քամին
Հաստաբուն կաղնի՛ն:
Ու գնաց պահը, գնա՜ց, թեժացա՜վ,
Ու մեր կրքերը՝ վալսին համահո՛ւնչ
Մեր պահը դարձրին մի հավերժություն,
Պահի կենա՛ցը...
Պահի կենացը… խմեցինք սիրով,
Քո բույրը սահեց վերնաշապիկիս
Ծակոտկեններով ,
Տաք օդի նման բարձրացավ վերև
Ու խփեց գլխիս ալկոհոլի պես,
Ճակատս քրտնեց...
Ու ես մոռացա, թե ուր եմ հիմա,
Աչքերս սառեց, նաև մթագնեց,
Ու միակ բանը, որ ես հիշեցի,
Որ … դաջվեց գլխում, աչքերիս առաջ,
Պատկերդ եղավ:
Ու ես գնացի գերության ուղով,
Ինձ հետ տանելով պատկերդ,
Բույրդ, աչքերդ միայն,
Իսկ մնացածը, անգամ շապիկս,
Թողեցի քեզ մոտ:
Գուցե մոռացա, իսկ գուցե նաև
Ցանկացա թողնել քեզ նվեր մի հուշ,
Մի հուշ քեզ թողնել մեր հանդիպումից,

Մեր վալսից, պահից ու իմ աչքերից:

Комментариев нет:

Отправить комментарий