понедельник, 25 августа 2014 г.

ՄԻ գիշերվա … կյանքի պատմություն




Գիշե՜ր, գիշե՜ր, գիշե՜ր:  Ու նորեն մտքեր: Երաժշտություն... Հանդա՜րտ... Երբեմն քնեցնելու աստիճանի: Երբեմն արագ ու պոռթկուն, այն կարգի, որ հանկարծ սիրտ է պայթեցնում, հոգիս՝ թնդեցնում:
Ինչպես որ երեկ, այսօր էլ, ահա՛, լուսինն է ինձ հետ ու ...
Բայց ջութակի ամեն ելևէջ մի նոր հույզ է արթնացնում իմ սրտում, նորոգում հին ցավերս, դարմանում մեկ-մեկ ու ավելացնում նորերը:
Մաքուր օդն է պատուհանից ներս հորդում: Ալեքսանդրի զորքի պես քթանցքերիցս ներս է հոսում ու իր մշակույթը տարածում անցած օրվա թմբիրից հոգնած իմ ուղեղում:
Չե՛մ ուզում քնել: Ես վաղո՜ւց կորցրել եմ քունս, կամակոր եմ դարձել: Համենայն դեպս ինձ այդպես է թվում...
Ասում են՝ ամեն տարիք իր փիլիսոփայությունն ունի: Ճի՞շտ է: Իսկ ես երիտասարդ եմ: Իսկ ի՞նչ է ինձ պետք, ո՞րն է երիտասարդության փիլիսոփայությունը, երբ փիլիսոփան ինքն ասոցացվում է մորուքավոր ծերունու հետ: Գուցե ծերությունն է միայն, որ փիլիսոփայություն ունի իր մեջ:
Իսկ միգո՜ւցե... մի փոքր հաշի՞շ: Կամ էլ թո՜ւնդ... օղի՛: Գուցե կտրվեմ իրականությունից ու ոտքերս էլ գետնի՞ց: Գուցե դադարեմ մտածել, գուցե դադարեմ երազել ու անջատվե՞մ վարդակից անջատված երկարացման լարի պես:
Բա հետո՞: Հետո՜… Հետո ես կկորցնեմ նրա մասին մտածելու, նրան երազելու, նրան ցանկանալու իմ լավագույն հնարավորությունը: Ու ես կդադարեմ ապրել, վերածվելով բույսի:
Բայց գիտես, մա՛րդ, Մոցարտը լավ է ստեղծագործել… արժի հենց այս պահին նրան լսել, գուցե մի բան ասի, պատմի, մի խորհուրդ տա…
Փիլիսոփայությունն էլ սեր է: Գուցե մի այլ սեր, որն այս միջոցին տեղին չէ բնավ: Բայց Սերը գերագույն փիլիսոփայություն է, սլա՜ցք: Արծվի ճախրա՜նք: Իսկ գերագույն փիլիսոփայությունը սերն է դեպի կինը: Դեպի քեզ իմ անանուն սեր…
Վաղուց սպասել եմ, վաղուց եմ երազել ես քեզ: Հենց քե՜զ: Այո՜, այո՜, քե՜զ:
Ժպտում ես փոքրիկ հրեշտակի պես:
Թե Ամուրը տղա չլիներ, կասեի Ամուրն ես: Բայց քո սերն է քո փոխարեն ամուր կպել ինձ, սրտիս է կպե՜լ ու պոկ չի գալիս: Քո սերն ինձ համար մի երանելի քաղցկեղ է դարձել: Կպել է սրտիս ու այն մաշում է, բարակեցնում է պատերն առանց այդ էլ բարակ:
 Բա՜րև Ձեզ: Կասի նա շուտով սիրալիր կերպով երկու փորոքի ու նախասրտի: Ու կհաստատվի վաղուց սպասված, սիրված հյուրի պես օջախում սրտիս: Ու նա կմնա այնտեղ մինչև վերջ: Մինչև արյունն իմ քառախորշ սրտի կդադարի հոսել մայր աորտայով անոթներից ներս՝ դեպ օրգանները, մարմնիս մասերը:
Իսկ այդ միջոցին, երբ սերդ սրտումս իր գործն է անում ( նաև հետախուզո՜ւմ է), ես կգրկեմ քեզ, չէ՜, ավելի լավ է գլուխս դնեմ քո նուրբ ծնկներին ու ինձ չզրկեմ հոգնատանջ գլուխս քո մետաքս մատների հպումից հանդարտելու հաճույքից:
Ես կամացուկ կհամբուրեմ քո մատները: Քո նու՜րբ մատները: Խաղող մատները՝ այնչափ քաղցրահամ, որ ես կբաղձամ նեկտար կամ գինի քամել նրանցից, այդ քո տաս մատից:
Կնայեմ քո աչքերին, կփորձեմ թափանցել ներս: Իսկ ինչու ո՛չ, երբ դու արդեն անգիր ես արել իմ հոգեբանությունն ու սրտի անատոմիան: Կխորասուզվեմ քո մթին աչքերի ստվար անտառի թավիշի մեջ: Բայց մի րոպե՜, կարծես այնտեղ ճահիճ կար և ես ընկա հենց ճահճի մեջ: Կներես սիրելիս, ես ինքս պոկվել զորու չեմ, բարոն Մյուխաուզենին հազիվ նմանեմ, առավել ևս, երբ կապկել չունեմ: Դե վերջ, լա՜վ, լա՜վ, վե՜րջ, մի արտասվիր, ու մեկ էլ տեսար մաքուր արցունքիդ բյուրեղների հետ ինձ էլ քամեցիր, հանեցիր ճահճից, անտառից մթին: Իսկ ես չեմ ուզում կտրել հայացքս աչքերիդ մթին հորձանուտներից: գիտեմ՝ դու ևս: Դե թող որ մնամ, այս գիշեր ևս և հավերժորեն:
Իսկ գիտե՞ս, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուս: Այդ եկուսը մենք ենք: Բայց դու պետք է իմանաս, որ այս թվերի հանրագումարը այդքան էլ պարզ չէ: Նրանց արանքում գաղտնիք կա պահված ու անվերջություն: Միլլիոնից էլ մեծ, միլլիարդից ևս: Ու անհայտություն, թվերի անհայտ մի պատմություն օտար աչքերից նրբորեն պահված:
Բազում գաղտնիքներ կան դեռ աշխարհում, իսկ այդ մասին՝ հաջորդ դասին:
Հը՜մ, Մոցա՜րտ, Մոցա՜րտ… Լուսնի վրա ես հոգիդ խորովում, թե՞ գետնի տակին:
Ինչպես ամեն բան, առավել ևս, երբ լավն է այն անչափ, ունի վերջաբան: Այս իմ խոհերն էլ գտան հանգրվան, իրենց վերջաբան, որոնք տակավին սկիզբն են ընթացքի՝ նավավարության երկար ու անդարձ:

Իսկ բոհեմական այս երեկոին ներկա էիք դուք՝ հարգարժան Մոցարտ: Շնորհակալ եմ Ձեզ մտքերի համար: Լուսինն էր ներկա: Նա միշտ ինձ հետ է՝ անդավաճան ընկերուհին իմ: Ջութակն էր ներկա: Հա՜, ու մեկ էլ դուք՝ իմ հերոսուհի, իմ մտքի թռիչք, իմ բարոնուհի՝ անանուն դուք իմ սրտի տիրուհի, իմ մուսա անհաս, որին պարզում եմ ձեռքերս երկար, թվում է, ահա՛, բռնեցի նրան, բայց դե... փախչում է մարալի նման:

Комментариев нет:

Отправить комментарий