пятница, 29 августа 2014 г.

Ուշացած ուղևորը…



Իմ անցյալը ուշացում էր, իմ ներկան է` սպասում…


Առաջին սերս եղավ դպրոցում, այնպես ինչպես երևի բոլոր դպրոցականների մոտ: Բայց, ինչպես բոլոր դպրոցականների մոտ, այնպես էլ իմ մոտ այն յուրահատուկ էր:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի անգամ, դասամիջոցին, ինքնազգացողությունս կտրուկ վատացավ, մարմնիս անդամներն ընդարմացել ու դողում էին: Եվ նա, այդ հրաշք աղջնակը, հակառակ բոլորի ապշահար վիճակին, շտապեց օգնել ինձ: Նա փութով մոտեցավ և ինձ մոտեցրեց իմ աշակերտական նստարանին, հանեց պայուսակից մի կոնֆետ ու մեկնեց ինձ: Այդ պահին ես նկատեցի նրա փայլուն աչքերը, նրա գեղեցիկ աչքերում մոգական մի կայծ էր փայլում: Հասունություն կար աչքերում նրա: Նոր եմ հասկանում՝ գուցե դա գթություն էր կամ, գուցե, սեր էր, չեմ կարող ասել
Անցան օրեր, ամիսներ…
Հիշում եմ, երբ տղաներով ֆուտբոլ էինք խաղում ասֆալտի վրա՝ մեր դպրոցի մոտ, նա մեղմորեն, վերմարդկային, հրեշտակային մի նազանքով, կարծես սահելով ծովի ալիքների վրայով, անցնում էր մեղմիկ մեր կողքով: Կարծես լիներ փոքրիկ մի եղնիկ…
Ես մոտ էի վազում /իբրև գնդակի համար/, բարևում նրան, հարցնում՝ ո՞նց ես…
Օրեցոր գրավվում էի նրանով, նա ինձ ձգում էր՝ խենթացնելով իր էությամբ: Բայց մի բան ինձ հետ էր պահում դիվականորեն: Իմ պատկերացումները նրա մասին խառնվել էին ուղեղումս: Ես չգիտեի՝ իսկապես սիրում եմ նրան, թե նա ինձ համար գթության քույր էր: Ես անընդհատ ուզում էի նրան ասել, թե որքան եմ իրեն սիրում, թե ինչպես եմ իրեն պաշտում ու աստվածացնում: Բայց պատանեկան իմ սիրտը վախենում էր… վախենում էր կորցնել նրա բարի ժպիտն ու բարի լույսը:
Անցան տարիներ…
Նա ամուսնացավ, գնաց արտերկիր: Ես չգիտեմ հիմա նա ուր է, գուցե ունի երեխա կամ երեխաներ: Աստված պահապան: Բայց ես առաջվա պես սիրում եմ նրան, բայց ոչ որպես իմ սիրո էակ, ոչ որպես իմ սիրո ներկա իդեալ… Բնա՛վ, գուցե հուշերս եմ այդպես պահել, փայփայել, ու հիմա, հիշելով նրան, հուզվում է սիրտս նախկինի նման:
Ամեն ինչ փոխվում է: Իմ կյանքն էլ փոխվեց… Բոլորն են փոխվում, ոչինչ ու ոչ ոք նույնը չի մնում: Ժամանակի վարար գետն իր հոսքով քշում, տանում է ամենքին ու ամեն ինչ: Այդպես էլ քշե՜ց, տարա՜վ իմ դպրոցական տարիները:
Մնացին հուշե՜ր ու… էլի՜ հուշեր:
Եկավ ժամանակ գնացի քոլեջ, այնտեղ էլ տեսա մի սիրուն պախրա՜… Նրան նման չէր, անունն էր նույնը... Ու նորից սիրտս լցվեց բերկրանքով, ժամանակի հետ մոտեցա նրան: Այնպես էր ստացվել, որ ընտրվել էի ուս. խորհրդի քարտուղար: Նա էլ կար այնտեղ՝ կուրսի ավագ էր: Ամեն կերպ ջանում էի << չարաշահել պաշտոնական դիրքս>> և մոտ լինել նրան: Եվ դա ինձ ստացվեց, սիրտս նա խոցեց, մոտեցա նրան << անչափ զայրացած>>, մենք ծանոթացանք… Անցան շատ օրեր, ես հետևում էի նրան մշտապես:
 Ամիսներն անցան՝ գնացի բանակ: Պատկերը նրա պահեցի իմ ամենագողտրիկ ու ամենամութ անկյունում՝ իմ սրտում: Անցան իմ երկար ու ձիգ երկու տարին, բանակից եկա: Բայց արդեն ուշ էր, գնացքս կրկին հեռացել էր՝ մոռանալով ինձ վերցնել իր հետ:
Նա ամուսնացավ ( ձեռքս խերով էր, արդեն երկրորդն էր՝ բախտի հեգնանք էր):
Անցան ամիսներ, նորի՜ց ամիսներ… երկար ու ձիգ ամիսներ: Ամիսներս դարձան տարիներ: Ես ընդունվեցի համալսարան: Ու երկրորդ կուրսից, որպես լավագույնը մեր ֆակուլտետից: Եվ գուցե լավ էր, որ ես կորցրեցի ուսանողական կյանքիս մեկ չապրած տարին: Քանզի ունեցա ընկերներ ազնիվ ու հավատարիմ:
Հրապուրվեցի կարճ ժամանակով մի նոր աղջնակով, աննման փերի էր… Բայց չէի սիրում, նա կարծես լիներ ինձ համար պրինցիպ, որին ես պիտի հասնեի հաստատ: Տղամարդկային արժանապատվություն չասեմ, գուցե հպարտությունն էր գլուխ բարձրացրել: Բայց ես ավելի շատ նման էի մի երեխայի, որը տեսնում է խանութում հանկարծ մի լավ խաղալիք և ուզում է ունենալ այն անպայման, կամակորաբար: Լավ է չհասա, քանզի այս անգամ նորից հին զգացմունքն էր նոր երանգ ստացել, նոր թև էր առել: Ու ես սիրեցի ուրիշ աղջկա՝ սիրունիկ դեմքով, ալ վարդի նման կարմիր այտերով ու փոսիկներով, փոքր ինչ երկար մազերով, փոքրիկ մի հրա՜շք… Մտերիմ էինք մենք, նա ինձ սիրում էր, իր ասելով, քրոջ պես: Քանզի նա իմ սերն ու գուրգուրանքն այդպես ընդունեց: Հաճախ բարկանում էի այդ մտքից իմ մեջ, կիսվում ընկերներիս հետ: Նրանք հույս էին տալիս: 3-րդ կուրսում էինք, երբ ասացի նրան իմ սիրո մասին: Նա չհավատաց, իր ականջներին իմ ասածները խորթ թվացին: Ու մենք վիճեցինք, ու այսպես եղան բազմաթիվ վեճեր: Ու այսպես անցան բազմաթիվ օրեր: Մենք չէինք խոսում, թեև ես չէի կարող, չէի ցանկանում օրս անցկացնել առանց նրա սիրուն պատկերի: Ավարտեցինք մենք… Քննության պահին, մի վերջին անգամ, ուզում էի ասել ես նրան… աչքերի մեջ կարոտ կար արդեն… Ու ես չասացի: Բայց չէի զղջում: Գոնե ինձ հույս էի տալիս: Ինչպիսի ապուշության հասնող կամակորությո՛ւն: Ասում են. << աստված սիրում է երրորդություն>>: Դա էլ երրորդն էր: Ինչիս էր դա պետք: Ու էլի ուշ էր ու էլի գնացքս մեկնեց առանց իր ուղևորի:
 Սառել է սերս… Սիրտս է սառել, ու սեր ապրելու ձգտում գուցե և չունեմ: Զառամյալի պես, իմ փթթուն հասակի լավագույն փուլում, տողեր եմ գրում, տողեր ու… տողե՜ր: Մարգարիտներ եմ անվերջ շռայլում, չգիտես թե ում: Նրանցից որ մեկի՜ն, իմ ո՞ր մի հուշին, ո՞ր մի ապրումի՜ն: Տողեր եմ գրո՛ւմ… հաճախ զայրանում ինքս իմ վրա: Անցածն եմ հիշում ու սրբագրում, կարծես թեքվել եմ ես մայրամուտին, ու էլ չգիտեմ՝ կապրեմ ես նոր սեր, կամ, գուցե, չուզենամ ապրել նորից դրանով:
Սակայն ես գիտեմ, մի բա՜ն հաստատ գիտեմ: Դա ինձ սովորեցրեց իմ երրորդությունը: Երբե՜ք, երբե՜ք մի հապաղեք, երկար մտածեք… հապաղողին սպասվում է սառույց, իսկ մտածողին՝ մտածմունք անվերջ՝ փիլիսոփայելու չափ: Կյանքը շռայլ չէ, կյանքի գնացքը երկար չի սպասում, ու թե ուշացար քո փոխարեն կգտնվի ուրիշը, որը կմեկնի քո կողմից գնված, քո իսկ այդ տոմսով, որը փայփայել, պահել ես երկար:

Ու գուցե ես հիմա էլ չեմ ափսոսում, քանզի փառահեղ օրեր եմ ապրել, թեև ինձ մնաց լոկ դատարկություն՝ հուշերով լցված:

Комментариев нет:

Отправить комментарий