среда, 24 сентября 2014 г.

Սիրելիս


Ամեն մի խոսքս քեզնո՛վ է բուրում,
Ամեն մասնիկը հոգուս ներդնո՜ւմ,
Սրտիս բաբախը սիրո՛վ նվիրում, 
Գիշերներն անքուն նկարիդ առաջ 
Անվերջ լուսացնում, միալար շնչո՜ւմ
Իմ անուշ փերու գո՜վքն եմ ես երգում:
Մետաքս վարսերիդ, լանջերիդ իջած,
Կենարար բույրն է ինձ միշտ հմայում,
Սիրտս թո՛ւնդ անում, քեզնով է լցնում,
Ու դեպ գրիչն է ինձ առաջնորդում...
Իսկ քո աչքերը՝ մութ գիշերները,
Որքա՜ն գաղտնիք են նրանք պարուրում,
Որքան երազանք ու որքան նազա՜նք,
Որքան թռիչք են ամփոփում նրա՜նք,
Սիրտս գրավում, գերի՜դ են դարձնում:
Քո մի հայացքը, թեկուզ խեթ նետված,
Ինձ խե՜նթ է դարձնում՝ ստիպում թռչոկտե՜լ,
Մանկան պես խնդա՜լ ու գիրկդ ընկնել,
Հեկեկալ անվերջ ու քեզ պահանջե՛լ, 
Անկանոն պարել ու քեզ նվիրել,
Ի՛նձ էլ, իմ պա՛րն էլ, թեև պար չէ այդ,
Այլ կարծես լինի հեթանոսական
Մոռացված մի ծես, սիրո վա՜ռ հանդես:
Իսկ քո շուրթե՞րը, հապա շուրթե՜րդ,
Անմահության գաղտնիքն են պահում
Իրենց ետևում, սիրտս կեղեքում,
Ստիպում խենթանա՜լ կրկին ու կրկին,
Նորեն գերելով մի մեղմ ժպիտով,
Կարծես հեգնելով, փոքր ինչ ծաղրելով...
Ու ես չգիտեմ, հաստա՛տ, չգիտե՛մ,
Էլ ի՜նչ բառերով ու նոր տողերով,
Էլ ի՜նչ խոսքերով ու նոր երգերով
Փա՜ռքդ պսակեմ, գեղեցիկ տեսքդ
Անհագ ես երգեմ՝ սերենադ ձոնեմ
Քեզ իմ տիրուհի, սրտի՛ս թագուհի:

Комментариев нет:

Отправить комментарий