понедельник, 8 сентября 2014 г.


Խորհուրդս է ձեզ. << մի կարդացեք այս տողերը, մինչ դուք կարդում եք այն, ձեր կյանքն անցնում է, դուք կորցնում եք ձեր անվերադարձ ժամանակը: Գուցե կարդալու փոխարեն դուք հիմա վայելեիք մի գեղեցիկ կնոջ կամ տղամարդու ընկերակցությո՞ւնը կամ ձեր երեխայի ժպիտը կրկին անգամ տեսնելու հաճո՞ւյքը: Եվ, ընդհանրապես, հետևեք ձեր աստղին, այն ձեզ կտա ամենամեծ խորհուրդն աշխարհում՝ սեփական կյանքը վայելելու խորհուրդը: Եվ թող որ մարդիկ հաճախ այլոց հետևելու փոխարեն նայեն գիշերային պայծառ երկնքում շողացող աստղերին>>:
Հաճախ կարող եմ ինձ զբաղեցնել այն հարցով, թե վերջապես ի՞նչ է ինձ այս կյանքում պետք: Կարո՞ղ եմ արդյոք այդ ամենին հասնել և… կամ ինչո՞ւ հասնել: Հարցնում եմ ինձ. << Ինչի՞ս են պետք իմ առջև դրված նպատակները կամ դրանց իրականացումը: Միթե՞ Ես պետք է կայանամ դրանք իրականություն դարձնելով: Միթե՞ իմաստ ունի կյանքս վերածել մի մեծ ու յուրօրինակ ձիարշավի: Իսկ ի՞նչ անել… Ես ունեմ բնատուր շնորհ, գուցե… առանձնանամ մի հարմարավետ սենյակում… և տարվեմ անընդհատ հորդացող բառերով և չնկատեմ, թե ինչպես մի օր ոմն մի մա՜հ, մի ապիկա՛ր, անտաղանդ ճիվա՜ղ կթակի դուռս և կտանի վերջին շո՞ւնչս: Բայց գուցե նա ամենևին էլ ճիվաղ չի լինի, այլ գեղեցի՜կ, մերկ մի կի՛ն լեցուն կոնքերով, որին ես սիրով կպարգևեմ վերջին շունչս՝ արտաշնչելով նրա փոքրիկ, գեղեցիկ քթի տակ խուտուտ տվող օդի պես: Կամ գուցե, ասենք, մի փետուր: Համենայն դեպս ընտրության հնարավորություն կա, պետք է բարձրաճաշակ լինել մահն ընտրելիս: Իսկ գուցե թողնեմ բառերն էլ հանգիստ ու ինձ էլ հանգիստ ու ապրեմ աննպատա՛կ, անիմա՛ստ ու ապուշ մի կյանքո՞վ>>: 
Ո՞րն է սրանցից ավելի վատը, ո՞րն է այս հարցադրումներից և դրանցից բխող ուղիներից ամենաերանելին:
Չգիտե՜մ… իրո՛ք, չգիտեմ… Բայց դրանցից ամեն մեկն ունի ապրելու իրավունք:
Մի բան կասեմ, մի բան հաս տա տա պես գի-տե՜մ… մարդ ունի ընտրության իրավունք:
Իսկ ինչու է ինձ կյանք տրվել, ինչո՞ւ եմ ես ապրում: Ո՞րն է կյանքիս իմաստը: Շատ պարզ հարցեր են չէ՞:
Հա-հա-հա… կարող եք կարդալ և մի կու՜շտ ծիծաղել այս պարզության վրա: Ես թքած ունեմ… առանձնապես ես թքած ունեմ ամեն ինչի վրա, ես եսասե՛ր եմ…
Բայց… ախր դա էլ չի փրկում: Ի՞նչ անեեեեեեեեմ: Գլուխս պայթում է և ես անընդհատ կրկնում եմ ինքս ինձ. << Զզվո՜ւմ եմ, ատու՜մ եմ, անտանելի՜ է… մեռնում եմ…>>: Պարտադիր չէ, որ մարդ ֆիզիկապես մեռնի, ո՛չ, դա լավագույն մահն է բոլոր մահերից ( իսկ մահերը բազմապիսի են, հավատացե՛ք, փորձել եմ ու ամեն անգամ մեռնելուց հետո ուժ եմ գտել փյունիկի նման մոխիրներից վեր կենալու: Ամեն մի մահս մի դժբախտացած հույս էր):
Հապա մի այս փնջին, էս փառահեղ գունդուկծիկին գումարեք սե՜րը: Ա՜խ, սե՛ր, սե՛ր, սե՜ր: Ամենից անտանելին սերն է: Միշտ ստիպում է զգալ իր գոյությունը: Նա ինձանից էլ, քեզանից էլ, մայթի մյուս կողմում կանգնած անցորդից էլ եսասեր է ( չնայած, մեր մեջ ասած, անցորդի հարցում կասկածներ ունեմ): Բայց, այնուամենայնիվ, սերը սիրում է մտածել միայն իր մասին: Դե դա դեռ բավական չէ, ստիպում է, որ մյուսներն էլ մտածեն միայն իր մասին, սիրեն միայն իրեն: Գուցե՞ ատելությունն ավելի հումանիստ է: Համենայն դեպս այն վանում է իրենից, ստիպում հեռանալ, մոտ չգալ՝ սպառնալով այրել ձեռքերդ: Դե, ի՜նչ արած, ճաշակի հարց է:
Թերևս ճաշակն ինձ առաջարկում է ընտրել, ընտրել այն ճանապարհը, որով ես քայլելու եմ ողջ կյանքս, որի <<բարիքները վայելելու եմ>>: Թերևս, երիտասարդ լինելով, հասցրել եմ սպիտակեցնել մազերիս մի մասը ( ասում են սպիտակ մազերը տղամարդուն գեղեցկացնում են: Շա՛տ բան են ասում, ամեն սպիտակած մազ մի՛ նյարդաթել է, մի՛ կորած երազ, մի՛ ապրում, մի՛… կորուստ):
Բայց… Ամեն անգամ, երբ մտածում եմ իմ ուղու մասին, ես չեմ կարող չմտածել նրանց մասին: Քո ու այն երրորդի, նրա՛, նրա՛,ու մեկ էլ այն փոքրիկի մասին, որը մի բուռ արևի պես խաղում է իր մոր կրծքին: Մարդիկ հաճախ ինձ ստիպում են հիշել իրենց մասին: Ես չեմ կարող չսիրել նրանց, որքան էլ նրանք վատը լինեն, որքան գազան ու վայրենի լինեն: Ես սիրում եմ մարդկանց: Բայց ես ցավում եմ, ցավում, որ մարդիկ հեռու են մարդ լինելուց: Երբե՛ք չպետք է խղճալ ընկածին, երբե՛ք մի դիր քեզ մեծահոգու տեղ: Գուցե ընկածն ավելի մեծահոգի է քան դու և նա քո մեծահոգությունից կարող է վիրավորվել: Լավագույն տարբերակը եսասեր լինելն է: Սիրիր ինքդ քեզ, բացահայտիր քո ներքին բոցը, բոցավառիր մարդկանց ու թող այրվեն: Ինչպես Նիցշեն կասեր՝ << հրիր ընկածին>>: Այո՛, մարդու մեջ առաջ գնալու ազդակ ստեղծիր, քանզի միայն լավագույնը կբարձրանա վեր, կընթանա առաջ, իր հետ տանելով այլոց: Իսկ այն մարդը, որն անդարձ կգնա անդունդը, այդպես էլ պիտի լինի: Նա արժանի չէ ապրելու: Նա արժանի է գոյատևելու որպես հասարակություն: Եսասիրությունը կփրկի աշխարհը: Միտքս պարադոքսալ է, բայց ձեզ չեմ ասի, թե ինչ նկատի ունեմ, ինքներդ մտածեք: Ես եսասեր եմ:
Ու այսպես, երբ մտքերիս գահին բազմած թագավորում է եսասիրությունը, ես մտածում եմ իմ մասին, իմ ուղու մասին: Բայց, ինչ էլ որ լինի, ես պիտի ապրեմ մի մտքով. << գլխավոր արժեքը մարդն է, քանզի ամեն մարդ իրավունք ունի ասելու. << Ես սիրում եմ ինձ>>: Որովհետև միայն սեփական անձիդ արժեքը հասկանալով ու գնահատելով է հնարավոր ընդհանուրի առաջընթացը>>:

Իսկ մտքերս ինձ շարունակելու են տանջել: Չէ՛, նրանք էլ են ինձ սիրում, նրանք տանջելու չափ ինձ սիրում են: Ահա՛, միթե՞ իսկական սեր չէ այս: Ամենաբնականը… Երբ կա կիրք, կա սեր, կա ցանկություն… բայց չկա վայրենություն ու գազանություն: Ես ատում եմ նրանց, իսկ նրանք ինձ սիրում են: Ճակատագրի հեգնանք է: 

Комментариев нет:

Отправить комментарий