четверг, 18 сентября 2014 г.

* * *


Վերից ես նայո՜ւմ, դու վա՛ր ես նայում,
Կարոտ աչքերիս նայել չե՜ս ուզում,
Սիրտս տարել ես, գերի՛ ես պահում
Վիրավոր գազանի պես, ոսկե վանդակում:
Սիրտս այրվո՜ւմ է, շունչս է սպառվում,
Սիրտս այրվում է՜ մի մեծ քուրայում,
Անվե՛րջ, անդադա՛ր նա հուր է տենչում,
Քո՛ հուրն է տենչում, սիրո բուխարում
Այրվել է ուզո՜ւմ:
Սիրտս պայթո՜ւմ է... նա քեզ է սպասում,
Իր կույր աչքերով նա քեզ է փնտրում,
Նա քեզ է փնտրո՜ւմ, անվերջ անդադրում:
Եթե չես ուզում կամ չես հավատում,
Վերցրու դու սիրտս, այրիր բուխարում
Ինչպես մի նամակ, չբացված ծրար՝
Առանց բացելու, առանց կարդալու,
Ու չես իմանա գաղտնիքը սրտիս,
Եվ չես իմանա թե ի՜նչ էր գրված,
Դու չես իմանա փափագը սրտիս,
Այդքան խնամքով քեզ համար պահած
Ու քեզ ընծայված:
Հալվում են օրե՛րս, անցնո՛ւմ են գնում,
Սիրտս էլ հետն է այրվո՜ւմ ու գնում:
Նա քեզ չի՛ մնա, քանզի չես ուզում նայել
Անդունդին պռնկեպռունկ արդեն իսկ լցված,
Իսկ ինձ կմնա թերևս խո՜ր վերք,
Իսկ ինձ կմնան անարև օրեր:
Թե անցնեն օրեր, անթիվ ամիսներ,
Տարինե՜ր, դարե՜ր՝ նա չի սպիանա,
Սիրտս չի լինի, սակայն կլինի
Միայն մի խո՜ր վերք ու խավար օրեր:
Բայց ես չե՜մ ուզում, ես քե՛զ եմ ուզում,
Ժպի՛տդ, աչքե՛րդ, տե՜սքդ եմ ուզում
Ամեն օր տեսնել՝ անվե՛րջ, անդադրո՛ւմ,
Քանզի կյանք չկա՛, քանզի խինդ չկա՜,
Ապրել-ստեղծելու ցանկություն չկա՛,
Ու մա՜րդն էլ չկա, ու ես էլ չկա՛մ:
Բայց ես ուզո՜ւմ եմ, ես պահանջո՛ւմ եմ,
Կյա՛նք եմ պահանջում, արևոտ օրեր,
Քանզի արյունն է իմ անոթներում
Անվերջ բոցկլտում, անունդ տալուց
Անվերջ արբեցնում կարմիր գինու պես,
Ու ինձ մնում է հուսա՛լ, հավատա՛լ,
Ու քեզ փափագել հակառակ կամքին
Անգամ մարդկության հսկա զանգվածին,
Անգամ աստղերի անթիվ հանրության,
Քանզի իմ աստղը քեզ մոտ է բերում,

Քանզի իմ աստղը անունդ է կրում:

Комментариев нет:

Отправить комментарий