вторник, 9 сентября 2014 г.

Դարի դատավարությունը




- Դատական նիստին այս հանդիսավոր
Ներկա են հիմա կողմերը երկու...
Մեկը՝ պաշտպանող, մյուսը՝ մեղադրող,
Դատական նիստը Գլուխն է վարում:
<< Եվ այսպես, ահա՛, անցնելով առաջ,
Դատական նիստը համարենք բացված:
Մեղադրվում է մի Սիրտ հանցավոր,
Իսկ մեղադրողն է Միտքը փառավոր:
Ի՞նչ է նա արել՝ Սիրտը, մեղադրո՛ղ,
Ի՞նչ ցավ է հասցրել մայր Օրգանիզմին,
Ի՞նչ մեղք է գործել նա Գլխի առաջ,
Ո՞ր հոդվածով է նա մեղադրվում:
Ո՞վ է պաշտպանում հանցավոր Սրտին
Այսօր գումարված դատական նիստին:
Խիղճն է պաշտպանը նրա մասնավոր,
Խիղճն է պաշտպանում պատիվը նրա:
Խոսքը տրվում է Մտքին մեղադրող>> .
Ու այսպես ճառեց Միտքը քննադատ.
<< Պարոն Դատավոր, Բարձր դատարան,
Սիրտն է մեղավոր ցավերի համար՝
Մայր Օրգանիզմի օրենքի առաջ,
Նա սե՛ր է բերել իր հետ Օրգանիզմ,
Նա սե՛ր է բերել, մաքսանենգե՛լ է,
Սահմանն է հատել ապօրինաբա՛ր,
Հանցանքը նրա ահավոր է շա՛տ,
Դատապարտել է պետք նրան, անհապա՛ղ>>:
Պարզ է մեզ, ահա՛, պարոն Մեղադրող
Մեղադրանքը Ձեր,
Խոսքը փոխանցենք պաշտպանող կողմին:
Խիղճը թև առավ, սկսեց խոսել.
<< Պարոն Դատավոր, Սի՜րտը մեղք չունի՛,
Սեր է հարկավոր մայր Օրգանիզմին՝
Ինչպես օդ ու ջուր, ինչպես պատառ հաց,
Նա կյանք է բերել մայր Օրգանիզմին:
Միթե՞ մեղք է այն, երբ կյանք ես տալիս
Դու օրգաններին, երբ թունդ ես դարձնում
Դու գինու նման արյունը կարմիր իր անոթներում,
Միթե՞ մեղք ունի Սիրտը պաշտպանյալ,
Որ սերը թո՜ւնդ է, խելառ է դարձնում,
Կյանքով է լցնում մայր Օրգանիզմը,
Իսկ մեղադրողը իր հնչած խոսքում
Ցավից է խոսո՛ւմ, մաքսանենգ ուղով
Սեր բերելուց է նա հիմա խոսո՛ւմ,
Բայց արդյո՞ք սերը ուղի է փնտրում,
Պարոն Դատավո՛ր,
Սերն ընկնում է անգամ երկնքի՜ց,
Սիրտն ամենևին այստեղ մեղք չունի՛,
Քանզի, այո՛, հենց նա՛ է կրողը սիրո,
Իր ուսերին է նա սերը կրում
Որպես մի տիտա՛ն, որպես մի Ատլա՛ս,
Քանզի, հենց նա՛ է կրում իր ներսում
Մեծ ցավը սիրո,
Քանզի, հենց նա՜ է միակ տուժողն
Այս պատմության մեջ,
Տուժող է սիրտը և ոչ հանցավոր:
Հավատում ենք մենք արդար քննության,
Քանզի նշեցինք մենք հանգամանքներ,
Քանզի բերեցինք մենք ապացույցներ
Անչափ հիմնավոր,
Ու մենք հույս ունենք արդար ընթացքի,
Անաչառ վճռի>>:
-Իր վերջին խոսքը թող Սիրտը ասի:
 << Պարոն դատավոր, Բարձր դատարան,
Այո՛, սիրե՜լ եմ, սե՛ր եմ բերել ես,
Բայց ես մե՜ղք չունեմ, սիրո ճար չունե՜մ,
Նա է մեղավո՛ր, սե՜րն է մեղավոր,
Դատեցեք նրա՜ն, նա՛ է ինձ տիրել,
Իր գերին եմ ե՛ս, դատեցե՛ք նրան,
Գուցե ազատվեմ նրա ճանկերից,
Ու ապրեմ խաղաղ, առանց փոթորկի,
Կյանքս անցկացնեմ հանդա՜րտ, անմրրի՜կ,
Հավատում եմ Ձեզ, արդար քննության,
Բա՛րձր դատարան>>:
Դատական նիստը համարվեց փակված,
Իսկ դատավորը հեռացավ գնաց,
Իր մտքերի հետ նա մենակ մնաց
Օրենքով վերցրեց, օրենքով դրեց,
Նա այսպես չափեց ու այնպես չափեց
Վճիռ կայացրեց.
 << Համաձայն Գլխի արդար օրենքի,
Համաձայն բանական իմ դատողության,
Ելնելով հնչաց տեսակետներից
Ու արդեն բերված ապացույցներից,
Վճիռ կայացվեց թողնել ամեն ինչ
Այնպես ինչպես կա,
Սրտին չազատել սիրո տիրույթից:
Ոչ ոք կարող չէ իր մեջ սեր կրել,
Սիրտն է այն միակ Ատլասը հիմա,
Որը կարող է կրել ուսերին
Սիրո այդ ծանր երկնակամարը:
Թող որ նա կրի հավետ իր խաչը,
Թող որ քրտնաջան, երբեմն  դաժան
Զարկերը հնչեն նրա շնչի հետ
Սիրո Օվկիանում խեղդվելու հետ>>:
-Եվ այսպես վճռեց դատարանն այդժամ
Ու այդպես մնաց դարերից ի վեր,
Սիրտը ամփոփեց իր մեջ իր սերը,
Իր բերած բերքը նա ինքը պահեց,
Ինքն ամբարեց, բաշխեց աշխարհին
Ու այդպես ապրեց քանի ապրում էր

Օրգանիզմը մայր:

Комментариев нет:

Отправить комментарий