вторник, 23 сентября 2014 г.

Անցնում են օրերը...


Անցնում են օրերը, թռչո՜ւմ են ժամերը,
Արդյո՞ք անցնում է իմ կյանքը թեթև,
Արդյո՞ք ապրում եմ ես կյանքս անհոգ,
Արդյո՞ք այդպես է, երբ ծանրացել է
Ամեն մի պահը, ամեն վայրկյանը,
Դարձնելով կյանքս մի հավերժություն,
Սպասումով լեցուն մի անվերջություն:
Սպասում եմ անվերջ, սպասում անտրտո՛ւնջ,
Երկար սպասումից շունչս կտրվո՜ւմ,
Սպառվում է մի պա՜հ, սիրտս կանգնո՛ւմ է,
Բայց հաջորդ պահից բաբախում ուժգի՜ն,
Հոգի՛ս է թրթռում աղոտ լույսի պես,
Ու սիրտս հալվում բարակ մոմի պե՛ս,
Ամեն մի օրս անցնում առանց քե՜զ,
Միևնույն պահին ամե՜ն ակնթարթ,
Ամեն մի վայրկյան ապրում եմ քեզնով:
Լցված է սիրտս քո անուշ սիրով,
Քո բույրն են բուրում ծաղկունքը բոլոր...
Բայց նամակներս, ա՜խ նամակներս,
Անպատասխան են քո կողմից մնում,
Ինչո՞ւ ես տանջում, ինչո՞ւ ես սիրտս
Անվերջ դու մաշում:
Իմ ջահել կյանքը, իմ սիրող սիրտը
Մատաղ եմ արել ոտքերիդ առաջ
Իմ աստվածուհի, իմ չքնաղ փերի,
Ինչպես մի գառնուկ զոհասեղանիդ,
Ու աղոթում եմ իմ սիրո համար,
Անսահման հույսի, անշեջ կրակի,
Իմ սիրո բոցի գոյության համար:
Ու թող որ մի օր նա քեզ էլ այրի,
Ու թող որ դու էլ միայն այն զգաս
Ինչ որ զգում է իմ սիրտը սիրող,
Ու նամակներս սիրով քեզ գրված

Վախճան թող գտնեն շուրթերիդ վրա:

Комментариев нет:

Отправить комментарий